«Մեդիա պաշտպան»-ը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ նման ճնշումները

article-image

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել այսօր 5TV և ArmNews հեռուստաընկերությունների նկատմամբ ոստիկանության կողմից հարուցված վարչական վարույթների կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում է. 

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք ոստիկանությունն այսօր մտել է Արմնյուզ եւ TV 5 հեռուստաընկերությունների խմբագրություն եւ հաղորդավարների դիմակ չկրելու առիթով վարչական վարույթներ է հարուցել: Այս առնչությամբ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարզաբանում է խնդրել «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանից.«Բավական զարմացած եմ ոստիկանության այսօրվա այցելությունից, որովհետև առաջին իսկ օրվանից ինչ ունենք կարանտինային պայմաններ, Քառյակ մեդիան և, մասնավորապես, Արմնյուզ հեռուստաընկերությունը ոչ միայն պահպանել է կարանտինային կանոնները, այլև եղել է առաջին հեռուստաընկերությունը, որն անցել է ամբողջությամբ հեռավար ռեժիմի, որպեսզի պահպանենք կարանտինային կանոնները և կոչ անենք մարդկանց, որպեսզի մնան տներում և չվարակեն միմյանց: Ու այս կոնտեքստում, կարծում եմ, եթե նույնիսկ ինչ-որ խնդիր թույլ է տրվել չհասկանալու կամ տարընթերցման պատճառով, կարելի էր պարզապես զանգահարել, զգուշացնել, և խնդիրը միանշանակ կշտկվեր, որովհետև մենք պատրաստ ենք համագործակցության:

Շատ զարմացած եմ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումից և շատ զարմացած եմ այն ձևակերպումներից, որը նա օգտագործում է: Ինձ թույլ չեմ տա դրանք կրկնել, բայց բացի 168 ժամին հարցազրույցը, Արմնյուզ հեռուստաընկերության տնօրինությունը մեկ շաբաթ շարունակ բանակցությունների մեջ է եղել ՀՌՀ նախագահի հետ, արդյոք պետք է դիմակ կրել եթերում, թե ոչ: Դրանից հետո անգամ ՀՌՀ-ում եղել է տարակարծություն ՀՌՀ նախագահի և իրավաբանի միջև, ասեմ ավելին՝ իրավաբանը պնդել է, որ պետք է դրվի, ՀՌՀ նախագահն ասել է, որ պետք չի դրվի, և վերջում մենք լսելով Տիգրան Հակոբյանին չենք դրել դիմակներ եթերում, և հիմա ասել, որ ընդհամենը հենվել են փոքրիկ խորհրդի վրա, կարծում եմ, որ այս ձևակերպումը առնվազն ճիշտ չէ և չի բխում գործընկերային հարաբերություններից: Ուզում եմ ֆիքսել, որ ոստիկանությունների այցելությունները ցանկացած երկրում, ցանկացած խմբագրություն և առհասարակ ցանկացած մամուլի միջոցի տհաճ ֆոն են ստեղծում, և որպեսզի դա որոշակի եզրահանգումների ու վերլուծությունների տեղիք չտա, ամեն գնով պետք է դրանից խուսափել, իսկ խուսափելու եղանակներ բազմիցս տրված էին ու կարելի էր դրանից խուսափել: Հուսով եմ, որ հետագայում մեզ հետ հարաբերությունները չեն լինի այդ ֆորմատով, այլ ՀՌՀ, որը կարգավորող մարմին է, կվերականգնվի իր լիազորությունների մեջ, և ոչ միայն հետ կպահի գործընկերներին ոստիկանների այցելություններից, այլև ինքը կնախաձեռնի, որ խնդիրները շտկվեն վայրկյան առաջ:

Ինչ վերաբերում է ՀՌՀ նախագահի արտահայտությանը, թե Արմնյուզ հեռուստաընկերությանը գումար է տրվել, կարծում եմ այդ շահարկումը առնվազն գեղեցիկ չէ, որովհետև Արմնյուզ հեռուստաընկերությունը առաջին օրվանից անշահախնդրորեն ցուցադրել է պարետատան և Առողջապահության նախարարության բոլոր հոլովակները, որոնք ուղղված էին կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ու բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, և կարծում եմ, ասել, որ գումար են տվել, առնվազն գեղեցիկ չէ, որովհետև Արմնյուզ հեռուստաընկերությունն առաջին իսկ օրվանից անշահախնդրորեն կառուցել է գործընկերային հարաբերություններ, ու շահարկումը, կրկնում եմ, շատ գռեհիկ է»: Իսկ «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ ֆեյսբուքյան գրառմամբ իր կարծիքը հայտնել է և ավելացնելու ոչինիչ չունի: Մեջբերենք.

«Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ  այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց  նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ եւս սոցիալական հեռավորությունը ապահովված է  և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն  պահելու խնդիր չկա: Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք  նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների , կգնանք դուրս՝ ԵԴ»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կրկին դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ նման ճնշումները, որը վախի մթնոլորտ է ստեղծում ու խոչընդոտում է խոսքի ազատությանն ու լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությանը»:

 

Աղբյուր՝ «Մեդիա Պաշտպան»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն