«ՔՈ» կուսակցության հիմնադիրը սրճարան է կառուցում, նրան արտոնություն է տրվել. ահազանգում է քաղաքացին. լուսանկարներ

article-image

Լրատվամիջոցները քաղաքացի Կարեն Գրիգորյանից նամակ են ստացել, որով քաղաքացին ահազանգել է, որ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում սրճարան կառուցելու արտոնություն է տրվել «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին: Քաղաքացին փոխանցել է նաև շինարարության լուսանկարներ։

Նամակում մասնավորապես նշվում է.

«Արմենիա բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող այգու տարածքում, ավելի կոնկրետ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում էր մի բացօթյա սրճարան, որն ըստ խոսակցությունների պատկանում էր Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն:

Հետհեղափոխական շրջանում այդ սրճարանը ապամոնտաժվեց և որևէ մեկին թույլ չտվեցին այդ հատվածում սրճարան կառուցել: Կից ներկայացված լուսանկարները, սակայն, փաստում են, որ այնուամենայնիվ, վերջին օրերին հայտնվել է ինչ-որ մեկը, ում տրվել է այդ հատվածում սրճարան կառուցելու արտոնություն և շինարարական աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթացքի մեջ են: Հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այդ արտոնյալ անձը «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանն է:

Հենց այս նոտայի վրա էլ ի հայտ է գալիս նույն կուսակցության անդամների կողմից վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների պատճառահետևանքային շղթան: Ստացվում է, որ մեկ անձի շահեր սպասարկելու մեջ ավելի հմուտ են հենց ՔՈ անդամները, ովքեր իրենց կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանի շահերից ելնելով՝ թեկուզև անհեթեթ, բայց և այնպես ինչ-որ գործընթաց են փորձում սկսել:

Փաստերը համադրելով՝ կարելի է այս ամենից հետևություն անել, որ այդ սրճարանը կառուցելու թույլատվությունն հենց այն գինն էր, ինչի համար վերջին օրերին փոթորիկ մեկ բաժակ ջրում սկզբունքով ակտիվացել են ՔՈ անդամները:

Ինչպես ասում են կրկեսը շարունակվում է: Առայժմ այսքանը»:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ավագյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով. «Կառուցում է ընկերությունը, որի հիմնադիրն եմ ես։ Իրականությանը չի համապատասխանում, որ նախկինում ապամոնտաժվել է։ Հողը, որի վրա գտնվում է սրճարանը  սեփականության իրավունքով պատկանում է մի անձի, որից ես վարձակալել եմ եւ ներդրում եմ արել։ Ուղղակի անբարեկարգ վիճակ է եղել, ես բարեկարգել եմ։ Սեզոնային է, սեզոնից առաջ արդիականացման աշխատանքներ ենք արել»։ Նա հավելել է, որ տարածքը վարձակալել է Արծրուն Խաչատրրյանի որդուց։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը օրերս դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ հայտարարելով, թե պետք է դադարեցվի ԱԺ «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները՝ նշելով, որ վերջինս ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ է զբաղվում, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի։

Բացի այդ, Քաղաքացու որոշում կուսակցության հիմնադիրների մեծ մասը հայտնի են որպես Մաշտոցի պուրակի և մնացած բոլոր այլ բնապահպանական ակցիաների ակտիվիստներ։ Փաստորեն բնության պահպանության և բիզնեսը քաղաքական համակարգից հեռու պահելու ջատագովների մոտ, երբ խնդիրն առնչվում է անմիջականորեն իրենց շահերին, գործում են երկակի չափանիշներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն