Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների առաջացրած «փոթորիկը» սոցցանցերում. ովքեր են հայհոյում Մեդվեդևին

article-image

Երեկ՝ ապրիլի 30-ին, համացանցում մի հետաքրքիր դրվագ տարածվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից, որում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ընդհատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կատակեց, ինչը  հարուցեց նիստի ներկաների ժպիտը։

Այս միջադեպի կապակցությամբ տարբեր շրջանակներ տարբեր գնահատականներ հնչեցրին։ Թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, թե՛ նրա ընդդիմադիրները դա որակեցին որպես ծաղրական վերաբերմունքի դրսևորում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանի աջակիցները իսկական «փոթորիկ» բարձրացրին ֆեյսբուքում՝ ծաղրելով և վիրավորելով Մեդվեդևին և Նիկոլ Փաշինյանին սատարող գրառումներ անելով։

Տեղի ունեցածին և սոցիալական ցանցում տարածված քննարկումներին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառում կատարելով, որտեղ նշված էր. «Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւ մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետեւ բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տեւեցին։

Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»։

Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ ցանկացել է տարածված դրվագում Մեդվեդևի կատակը կապել աշխատանքային հատվածից ոչ աշխատանքային հատվածին անցնելու ցանկության հետ։ Իսկ բոլոր նրանց, ովքեր համարել են, որ Մեդվեդևը ծաղրել է իրեն, որակել է որպես «կոռուպցիոն համակարգի մնացորդներ, որոնք փոթորիկ են առաջացրել սոցիալական ցանցում»։

Հետաքրքիրն այն է, որ այս դեպքի կապակցությամբ ֆեյսբուքում փոթորիկ իրականում առաջացրել էին հենց իր աջակիցները, որոնց շարքերում էին ինչպես իր հավատարիմ իշխանական շրջանակները, այնպես էլ Փաշինյանի ագիտպրոպի ներկայացուցիչները, աջակիցները, նրան սատարող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու այլ շրջանակներ։

Օրինակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ և երկու շաբաթ առաջ ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Ալեն Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով Նիկոլ Փաշինյանի նկարը, գրել էր. «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ իրավիճակից դուրս գալ:

Դուխը այն է, երբ դու քո «վիպենդրյոժը» կամ «լավ տղա» երևալը չես գերադասում երկրիցդ կամ քեզնից: Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանզի վստահ ես ուժիդ և ինքդ քեզ վրա:

Իսկ հետագան տեխնիկայի և ժամանակի հարց է»:

Այսինքն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը ՌԴ վարչապետի կատակը որակել էր որպես անտակտ պահվածք և հյուրի սխալ, որով ՌԴ վարչապետը փորձել էր ավելի լավը թվալ, «վիպենդրյոժ» անել և «լավ տղա» երևալ, իսկ Նիկոլ Փաշինյանը տիրապետել էր ինքն իրեն և որպես հասկացող մարդ օգնել էր Մեդվեդևին դուրս գալ այդ  իրավիճակից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հանրային կապերի և առաջխաղացման խմբի համակարգող Վահագն Ալեքսյանյանը ևս Մեդվեդևին ծաղրող գրառում է կատարել, հետո ջնջել է գրառումը։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորՎահագն Թևոսյանը ևս Նիկոլ Փաշինյանին սատարող և Մեդվեդևի պահվածքը քննադատող գրառում կատարեց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը ևս գրառում կատարեց՝ նշելով, որ Մեդվեդևը ծաղրել է Փաշինյանին։

Վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը նույնպես անմասն չմնաց սոցցանցային թոփ թեմայից և գրառում կատարելով Մեդվեդևի վարքագիծը բնորոշեց որպես անհարգալից վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Մեդվեդևին շտապեց ծաղրել և Փաշինյանին աջակցել նաև Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ։

Իրադարձությունից անմասն չմնաց նաև «սոռոսական» հատվածը՝ Լևոն Բարսեղյանի և Արթուր Սաքունցի գլխավորությամբ, որոնք, ինչպես հիշում ենք, նպաստել էին իշխանափոխության ողջ գործընթացին և սատարել Նիկոլ Փաշինյանին։

«Փորձագիտական» շրջանակները ևս հանդես եկան իրենց «վերլուծական» գնահատականներով, այդ թվում՝ Ստյոպա Սաֆարյանը, Ռուբեն Մեհրաբյանը և այլն, ովքեր ևս Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցներն են։

Մեդվեդևի դեմ արշավին միացան նաև «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման կարկառուն ներկայացուցիչներն ու աջակիցները։ Վերջիններս Նիկոլ Փաշինյանի աջակիցների շարքում են։

Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր աջակիցները Մեդվեդևի վարքագիծն ընկալել էին որպես Փաշինյանին ծաղրելու դրսևորում։ Իսկ Փաշինյանի պարզաբանումը իրականում որևէ աղերս չուներ հնչեցված գնահատականների հետ։

Բացի այդ, այն, ինչ Նիկոլ Փաշինյանը որակեց որպես նախկին կոռուպցիոն մնացորդների կողմից փոթորիկի առաջացում, իրականացվել էր հենց իր աջակիցների կողմից։

Միգուցե Փաշինյանն իր գրառմամբ փորձեց իր քաղաքական և ոչ քաղաքական կողմնակիցների անպատասխանատու և անլուրջ հրապարակային պահվածքը չեզոքացնել Մոսկվայի համար՝ իր սովորության համաձայն դրանք կապելով «նախկին ռեժիմի» հետ։

Այնուամենայնիվ, անհերքելի է, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նրան հաճոյանալու և աջակցություն ցույց տալու համար մոռանում են իրենց տեղն ու դիրքը, զբաղեցրած պաշտոնը, ինչպես Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը և այլն, և չցուցաբերելով անհրաժեշտ զսպվածություն՝ հանդես են գալիս անպատասխանատու հայտարարություններով և գնահատականներով, որոնք հակասության մեջ են մտնում Նիկոլ Փաշինյանի պարզաբանումների հետ։

Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին առիթը բաց չի թողնում անգամ իր աջակիցների գնահատականները «նախկին ռեժիմի» վրա գցելու համար։

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն