Փաշինյանը հանձնում է Բերձորն ու Աղավնոն. ցուցակում հաջորդը Սյունիքը, Տիգրանաշենն ու տավուշյան «անկլավներն» են

article-image

Ազգակործան պատուհասի հերթական մամլո ասուլիսն էր: Փաշինյանի ասուլիսը առանձնացավ նրանով, որ ըստ էության` պետական հանցագործը բաց տեքստով հայտնեց առաջիկայում տեղի ունեցող գործընթացների մասին: Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների շուրջ Նիկոլ Փաշինյանը ամբողջ պատասխանատվությունը բարդեց նախկին իշխանությունների, այնուհետև` Ռուսաստանի վրա: Փաշինյանը համարյա մեղադրում է ռուսական խաղաղապահ զորախմբին շիրակցի պահեստազորայինների գերեվարության, հրադադարի հաստատումից հետո գերեվարության մյուս դեպքերի համար, այնուհետև ցինիկաբար նշում, թե Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում հազարավոր զինվոր են զոհվել: Բոլորովին պատահական չէ, որ արդեն երկու օր է, ինչ շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիաներ են անում Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի և Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց: Գործնականում սա գերիների ազատ արձակման հարցում հանցավոր անգործության համատեքստում հերթական անգամ պատասխանատվությունը և մեղավորությունը իր վրայից հանելու և Ռուսաստանի «գրպանը գցելու» փորձ էր:

Ինչ վերաբերվում է Փաշինյանի հերթական և շարունակական մեղադրանքներին` ուղղված նախկին իշխանություններին, ապա այս դեպքում որևէ նորություն չհնչեց: Փաշինյանի այս հայտարարությունները ավելի շատ խոստովանություն էին` միտված պատրաստելու հանրությանը Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնմանն ու դարձյալ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առավելապես Ադրբեջանին ձեռնտու տարբերակները և նսեմացնելու նախորդ տարիներին հայկական կողմի ջանքերը` ուղղված Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:

Փաշինյանը շարունակում է մանիպուլացնել հանրությանը` նշելով, որ իբրև թե բանակցային փաստաթղթերում, մասնավորապես` Մադրիդյան սկզբունքներում առկա հանրաքվեի դրույթը չեղարկում է Արցախյան 1991թ. դեկտեմբերյան հանրաքվեի արդյունքները: Իրականում սա պարզ մանիպուլյացիա է, որովհետև պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեն, որ որոշելու էր Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, ևս մեկ անգամ վերահաստատելու էր Արցախի ինքնորոշման իրավունքը, քանի որ հանրաքվեն անցկացվելու էր Լեռնային Ղարաբաղում խորհրդային տարիներին ապրող հայ և ադրբեջանցի բնակչության համամասնությամբ, իսկ Արցախը գերազանցապես հայաբնակ էր: Նիկոլ Փաշինյանը հեգնում է, որ բանակցային գործընթացում տարբեր ժամանակներին ներգրավված քաղաքական և պետական գործիչները այն համոզմանն են, որ Արցախ ադրբեջանցիները չէին վերադառնա:

Համատեղության կարգով Ալիևի խոսնակի պաշտոնում աշխատող Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի համար կարևոր համարվող ևս մեկ հանգամանքին: Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ պետք է իրագործվեն 1993 թվականին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևերը: Նախ հետագայի համար նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հայտարարել, որ այս բանաձևերում կոչ էր արվում ՀՀ զինված ուժերին դուրս գալ Լեռնային Ղարաբաղի տարածքից, քանի որ ըստ բանաձևերի` նշվում է «հայկական տեղական ուժեր» (տե՛ս UN SC Resolution 822 (1993)): Փաշինյանը նշում է, որ բանաձևերը ենթադրում են պարտադիր կատարում, սակայն հարկ է նշել, որ միջազգային հարաբերություններում ընդունված է նաև հակառակ պրակտիկան, երբ միջազգային փաստաթղթերում առկա պարտավորություններն ու ՄԱԿ ԱԽ բանաձևերը չեն կատարվում, որոնց համար երկրները պատասխանատվության չեն ենթարկվում: Կարելի է բերել վերջին ամենահայտնի բանաձևերից մեկը, երբ 2016 թվականին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պահանջում էր Իսրայելից «անհապաղ դադարեցնել Պաղեստինի օկուպացված տարածքում, այդ թվում` Արևելյան Երուսաղեմում իրականացվող կառուցապատման բոլոր աշխատանքները» (տե՛ս UN SC Resolution 2334 (2016)): Իսկ թե ինչ է կատարվում այսօր Պաղեստինում, և թե ինչ գործողությունների է դիմում Իսրայելը հայտնի է, այնպես որ Նիկոլ Փաշինյանի ջանքերը ՄԱԿ ԱԽ բանաձևերին առաջնություն տալու ուղղությամբ, իզուր են, այն էլ` ներկայումս:

Մյուս կողմից` Փաշինյանը մի՞թե բանաձևերի մասին տեղյակ չէր 2019թ. օգոստոսին, երբ Ստեփանակերտի հրապարակում գոռում էր` «Արցախը Հայաստան է և վերջ»: Միթե բանաձևերի մասին տեղյակ չէր, երբ «casus belli»-ի տրամաբանությամբ պատերազմ էր սադրում ու հարձակվելու առիթ տալիս Ադրբեջանին:  Միանշանակ տեղյակ լինելով դրա մասին` Փաշինյանն հերթական անգամ պատասխանատվությունը այլոց վրա դնելու իր սիրելի հնարքն է կիրառում` «Ժող ջան, ամեն ինչում նախկիններն են մեղավոր: Նրանք են հանձնել Արցախը: Ա՛յ, տեսեք `30 տարի առաջ այսպիսի բանաձևեր են ընդունվել» քարոզչության շրջանակներում:

Տրամաբանական հարց է առաջանում, որը փշրում է փաշինյանական ողջ քարոզչական կոնցեպտը: Եթե 30 տարի շարունակ բոլոր երեք նախկին իշխանությունները Արցախը հանձնում էին, ինչպես պնդում է փաշինյանական քարոզչամեքենան, ապա այդ ինչպես էր ստացվում, որ Ալիևները չէին վերցնում այդ «հանձնածը»: Ինչպես էր ստացվում, որ մենք հաղթել էինք Ադրբեջանին Ապրիլյան պատերազմի ժամանակ: Ինչպես էր ստացվում, որ Ադրբեջանի նախագահը խոստովանում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Ինչպես էր ստացվում, որ Հայաստանը բանակցային փաստաթղթերում կարողացել էր հասնել «ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման» գերկարևոր կետին, որի կիրառմամբ միջազգային հանրությունը դատապարտում էր ադրբեջանական ագրեսիան 2016 թվականին: Սրանք հարցեր են, որոնց փաշինյանական ռեժիմը պատասխաններ չունի:

Կարելի է երկար խոսել Փաշինյանի ասուլիսի մասին: Սակայն պետք է ֆիքսել, որ Փաշինյանի այս ասուլիսի կարևորագույն կետը, իհարկե, Բերձորի ու Աղավնոյի հանձնման հայտարարությունն էր: Պետական դավաճանը բառացիորեն հայտարարեց, որ պատրաստվում է հանձնել հերթական հայկական տարածքները: Իհարկե, նա այդ ամենը փաթեթավորեց «պատերազմի սպառնալիքով»: Եվ ընդունենք, որ պատերազմի վտանգ կա, ուրեմն հարց առաջին. Ինչու Գլխավոր շտաբի պետ չի նշանակվել` արդեն որերորդ ամիսն է: Հարց երկրորդ. Ինչո՞ւ կապիտուլյացիայից հետո գործուն քայլեր չեն արվել հայկական բանակը վերականգնելու և նախկին վիճակին բերելու համար: Ինչո՞ւ են մեր սահմաններին զինվորները վրաններում: Ֆիքսենք, որ անձամբ հանցագործի շուրթերով ասված` «պատերազմի շեմին գտնվող երկրում» իշխանությունների հանցավոր անգործության հետևանքով, և կարելի է ասել` միտումնավոր անգործության հետևանքով մենք պատրաստ չենք ռազմական գործողություններին: Այս համատեքստում հավանական է նաև այն տարբերակը, որ պատերազմի սպառնալիքի վախը ներարկելով հանրությանը` նա ստեղծում է ֆոն, որ արդարացնի հերթական պետական դավաճանությունը` հանձնելով Բերձորը: Ի դեպ, դրա փորձը նա արդեն իսկ ունի. ավելի քան մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սև լճի համար չեն պատերազմելու:

Ամփոփման փոխարեն. գործնականում մենք հասնում ենք եզրագծին: Այն, ինչ կատարվում է Ալիևի և Փաշինյանի ձեռամբ ընդդեմ ՀՀ-ի, կոչվում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի կապիտալիզացիա և իրագործում մինչև վերջ: Բերձորում և Սյունիքում թշնամու ախորժակը բավարարելուց հետո Փաշինյանը կանցնի արդեն Տիգրանաշենին և տավուշյան այսպես կոչված «անկլավներին»: Մավրը դեռ շարունակում է իր ազգակործան առաքելությունը: Եվ այդ պետանակաքանդ առաքելությանը վերջ տալու համար ընդամենը մեկ ելք կա` հարյուր հազարավորների դուրս գալը Հայաստանի փողոցներ:
 

Հեղինակ` Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն