Օրենսդիր իշխանության ո՞ր ներկայացուցիչներն են պատրաստվում արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը. Վարազդատ Կարապետյան (շարունակելի)

article-image

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ վաղը առավոտյան ժամը 8։30-ին Սևանի դատարանի դիմաց հանդիպելու է քաղաքացիների հետ և բնակաբանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով փակելու է դատարանի մուտքերն ու ելքերը։

Հետաքրքիր է, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների Սևանա լճի ափին՝ Չկալովկա համայնքի տարածքում, գործում է «Բաշինջաղյան» հյուրատուն-թեյարանը, որը կառուցել և շահագործում է «Ծովածոց» ՍՊԸ-ն, որն ըստ ՀՀ պետռեգիստրի տվյալների, պատկանում է Ազատ Կարապետյանին։ Վերջինս թեև ընկերությունը գրանցել է 18 տարի առաջ՝ 2001-ի փետրվարին, սակայն գրավիչ բիզնես գործունեությունը մեկնարկել է ընդամենը վերջերս՝ 3-4 տարի առաջ։ Հատկանշական է, որ Ազատ Կարապետյանին պատկանող բիզնեսը սկսել է ծաղկել ճիշտ այն ժամանակ, երբ որդիներից մեկը՝ Երվանդը, զբաղեցնում էր Չկալովկայի գյուղապետի, իսկ մյուսը՝ Վարազդատը, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ Չկալովկայի ափին գյուղական տուրիզմի կենտրոն կարող էր կառուցել յուրաքանչյուր միջին չկալովկացի, սակայն փաստն այն է, որ դա հաջողվել է միայն Ազատ Կարապետյանին, ում մրցակցային առավելություններն, ի դեմս պաշտոնյա որդիների, ուղղակի ցցուն են։

Հասկանալի է, որ ընթացակարգային առումով որևէ խնդիր չկա։ Ըստ ամենայնի՝ համայնքապատկան հողի վարձակալությունն էլ, քաղաքաշինական ու բնապահպանական փորձաքննությունն էլ, ծրագրի իրագործման բիզնես-պլանն էլ, կենտրոնի կառուցապատումն էլ ֆորմալ առումով իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Բայց մենք ապրում ենք Հայաստանում և հասկանում ենք՝ ինչպես են գործում մեխանիզմները։ Եվ եթե մի օր իշխանափոխություն լինի, և նոր իշխանությունները որոշեն առաջնորդվել Վարազդատ Կարապետյանի մտածողությամբ, նրանք անպայման կհայտնաբերեն, որ օրինակ՝ հողի վարձակալության աճուրդը կազմակերպվել է նորմերի խախտմամբ, իսկ Սևանի ափին կատարված շինարարությունը կոպտորեն խախտում է սահմանված նորմերը։ Իհարկե, սեփականատերը կպնդի, որ հիմնական շինությունները գտնվում են 1905 մետր բացարձակ նիշից վերև (ինչպես օրենքն է պահանջում), բայց օրվա դատախազին ոչինչ չի խանգարի պատրաստել մի փորձաքննության եզրակացություն, որով ցույց կտա, որ արհեստական հողալցման միջոցով լճի ափամերձ հատվածի բարձրությունը հասցվել է 1905 մետրի։ Կարևորը՝ կամքը լինի։

Հատկանշական է, որ Վարազդատ Կարապետյանի եղբայրը՝ Երվանդ Կարապետյանը, ով մինչ այդ առանց որևէ խոչընդոտի ընտրվում էր Չկալովկայի գյուղապետ, 2016-ին աշնանը պարտվել է համայնքի ղեկավարի ընտրություններում։ Իսկ դրանից երկու-երեք ամիս առաջ «Ծովածոց» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարությունից շինարարություն անելու թույլտվություններ է ստացել։ Դատելով ամենայնից՝ չկալովկացիները պարզապես մերժել են նրան՝ գյուղատակի հողերը սեփականացնելու պատճառով։

Իսկ թե ինչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը «Բաշինջաղյան» թեյարանի հետ, կարելի է հարցնել չկալովկացիներին։ Նրանցից անկեղծներն անպայման կպատմեն, որ գաղափարի հեղինակն ու շինաշխատանքներին հետևողը հենց նա է եղել։

Հետաքրքիր է՝ նախկինում՝ Վարազդատ Կարապետյանի պաշտոնատար անձ եղած ժամանակ, երբ իր պաշտոնի դրական պտուղները քաղում էր իր ընտանիքը, չէ՞ր մտածում կոռուպցիայի, կոռումպացված համակարգերի, դրանց դեմ պայքարելու մասին։ Իսկ այսօր դատական համակարգի վիճակն այնքան է մտահոգում վերջինիս, որ նա որոշել է փրկել համակարգը դատարանի ելքերն ու մուտքերը փակելո՞վ։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն