Հայանպաստ նոր ձեռքբերումներ Եվրամիության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում․ «Առավոտ»

article-image

«Առավոտը» գրում է․ «Խստորեն դատապարտվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, կրկին ամրագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը» Բրյուսելից հայտնում է Դավիթ Շահնազարյանը

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում րոպեներ առաջ քվեարկությամբ ընդունվեց «ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացումը-2022թ. հաշվետվության» նախագիծը, որն առաջիկայում պետք է ներկայացվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում:

«Առավոտ»-ի հետ զրույցում արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը մանրամասնեց, որ նախագծում Հայաստանի և Արցախի համար կենսական կարևորության ձևակերպումներ են տեղ գտել, և վստահեցրեց, որ հանձնաժողովում հաշվետվության այս նախագծի ընդունումը մեծ դիվանագիտական հաջողություն է:

Այսպես, «ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացումը –2022թ. տարեկան հաշվետվության» նախագծում Եվրախորհրդարանը. «Ողջունում է Միության ընդլայնված ներգրավվածությունը Հարավային Կովկասի երկրների հետ, մասնավորապես, ԵՄ դիտորդական առաքելության արագ ընդունումը Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով՝ տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու, վստահություն զարգացնելու և խաղաղության և անվտանգության վերականգնմանը նպաստելու համար. ընդգծում է տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազման կարևորությունը ԵՄ ներկայության ավելացման շնորհիվ. կոչ է անում Խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը և մեծացնել առաքելության կարողությունները և ավելի ուժեղ ներկայություն ունենալ տարածաշրջանում»:

Հաջորդ կետով՝ «Խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ազդեցություն ունեցած 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիան, որը հրադադարի խախտում է և լուրջ հետևանքներ է առաջացնում խաղաղ գործընթացի նկատմամբ. անհանգստացած է նաև ենթադրյալ ռազմական հանցագործությունների և անմարդկային վերաբերմունքի առնչությամբ, որոնք իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ. վերահաստատում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի և ընդգծում է ԵՄ պատրաստակամությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում. ուստի կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին. հիշեցնում է, որ միայն դիվանագիտական միջոցները արդար և տևական խթան կհաղորդեն հակամարտությանը, որն օգուտ կբերի Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը»:

Հաշվետվության նախագծով Եվրախորհրդարանը համոզմունք է հայտնում, որ՝ «ռազմական ճանապարհով հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև, և անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման Հիմնարար սկզբունքները»:

Հաջորդ կետում՝ Եվրախորհրդարանն աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությանը` «նախաձեռնելու և միջնորդելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումները Բրյուսելում և խրախուսում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունությունը. հավատում է, որ ԵՄ-ն կարող է խաղալ «անաչառ միջնորդի» դեր՝ կանխելու հետագա էսկալացիան և հասնելու կայուն խաղաղության. կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ամբողջությամբ ներգրավվել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակման գործում. կրկնում է, որ նման պայմանագիրը պետք է անդրադառնա հակամարտության բոլոր հիմնական պատճառներին, ներառյալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանվածների և փախստականների վերադարձը իրենց տները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո, միջկրոնական երկխոսությունը, մշակութային, կրոնական և պատմական ժառանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն ու պահպանությունը»:

Խիստ ուշագրավ են հաշվետվության նախագծի ևս երկու կետեր, որոնցից մեկով Եվրախորհրդարանը կոչ է անում՝ «ամբողջությամբ իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և ընդգծում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը»: Սակայն հաջորդ կետով՝ «Պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացման պայման է մնում, որ այդ երկիրը կայուն առաջընթաց կապահովի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների հարցերում»:

Այսինքն, ԵՄ-Ադրբեջան փոխհարաբերությունների խորացման հեռանկարում հստակ շեշտվում է Ադրբեջանում մի շարք սկզբունքների, արժեքների լիակատար ապահովումը, որոնց բացակայության դեպքում, փաստորեն՝ ԵՄ-Ադրբեջան փոխգործակցության որևէ զարգացում չի կարող լինել: Դավիթ Շահնազարյանը մեզ հետ զրույցում չափազանց կարևորեց նաև այն փաստը, որ նախագծում մեկ անգամ ևս շեշտված է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, այդ ձևաչափի կողմից ամրագրված կարգավորման՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման Հիմնարար սկզբունքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը կենսական կարևորություն ունի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս բարդագույն ու մեր համար աննախադեպ սպառնալիքներ պարունակող զարգացումներում՝ առաջին հերթին՝ Հայաստանի համար։ Դեռևս այս տարվա փետրվարին հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Շուշիի և Հադրութի շրջանների դեօկուպացիան, հաղորդակցական, տրանսպորտային ապաշրջափակումը, դելիմիտացիան պետք է լուծվեն բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: ԵԱՀԿ Մինսկի խումբը մերժում էին Ադրբեջանն ու Թուրքիան և հիմա նրանց է միացել Ռուսաստանը։ Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսական կարևորության դերը չի բարձրացվում ոչ միայն ՀՀ իշխանությունների կողմից, ինչը, թերևս, բնական է, այլև խորհրդարանական ընդդիմության կողմից։ Ընթացող բանակցային ձևաչափերում՝ Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ չկա Լեռնային Ղարաբաղի հարց և բանակցվող օրակարգերում այն չի էլ կարող լինել։ Չի լինի ԵԱՀԿ Մինսկի խումբ՝ չի լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի որևէ այլ միջազգային հարթակ, այսինքն՝ ԼՂ հիմնահարցը որպես այդպիսին կվերանա։ Ստեփանակերտ-Բաքու երկկողմանի հնարավոր բանակցություններում (այս ձևաչափի գաղափար առաջ է տանում պաշտոնական Երևանը) Բաքուն քննարկելու է միմիայն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիրը՝ «ճանապարհային քարտեզը»։ Որոշակի՝ ոչ անհիմն վստահություն ունեմ, որ տեսանելի ապագայում ԵԱՀԿ Մինսկի խումբը վերսկսելու է իր գործունությունը, քանի որ առանց ԼՂ հիմնախնդրի որևէ ձևաչափով խաղաղության հնարավոր չէ հասնել», ընդգծեց Դավիթ Շահնազարյանը:

Մեր հարցին, արդյոք Ֆրանսիայի Սենատում բանաձևի ընդունումը նպաստե՞լ է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսպիսի կետերով հաշվետվության նախագծի ընդունմանը, Դավիթ Շահնազարյանը շեշտեց. «Ֆրանսիայի ՍԵնատի նոյեմբերի 15-ի բանաձևը զգալի ազդեցություն է ունեցել, որպեսզի Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր ընդունվեն նշածս ձևակերպումները ։ Այստեղ՝ բրյուսելյան իմ հանդիպումներում երբեմն զարմանքով հետաքրքրվում են, թե ինչու Ֆրանսիայի Սենատի բանաձևի և Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նախագծի, ինչպես նաև Եվրախորհրդարանի 2021-22թթ. չորս բանաձևերի դրույթները Հայաստանի խորհրդարանում լրջորեն անգամ չեն էլ արծարծվում»։

 

Աղբյուր՝ «Առավոտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն