Ինչու չեղարկվեցին «Սպայկայի» օտարերկրյա ներդրումային ծրագրերը կամ Փաշինյանի կառավարության՝ խոշոր ներդրումային ծրագրերի չեղարկմանը նպաստելու «նուրբ արվեստը»

article-image

Այս տարվա մարտի 26-ին պաշտոնապես բացվել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի արտադրման և այլ կաթնամթերքի գերարդիական տեխնոլոգիաներով հագեցած գործարանը։

Գործարանը, որը նախագծվել է հայ և գերմանացի մասնագետների կողմից, կառուցվել է մեկ տարվա ընթացքում: Ծրագրի իրագործման համար ներդրվել է շուրջ 15 մլն դոլար, և ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:

Գործարանի բացմանը մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գործարան կատարած այցի ընթացում տեղեկացվել էր, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների տեսականի, իսկ պանրի այլ տեսականիների արտադրման համար (հոլանդական և շվեյցարական տեսակի բարձրակարգ պանիրներ) գործարանի հարևանությամբ ընկերությունը նախատեսում է կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը, որի ստեղծման նպատակով նախատեսվում են համատեղ ներդրումներ հոլանդական ընկերության հետ (խոսքը մոտ 30 մլն դոլարի ներդրումային ծրագրի մասին է):

Հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում «Սպայկա» ընկերության ներդրումային ծրագիրը, AntiFake.am-ը զրուցեց ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ գործարանի երկրորդ փուլի ներդրումները, որոնք պետք է արվեին Հոլանդիայի խոշոր պանրագործ ընկերություններից մեկի՝ «Maaz»-ի հետ, որը Եվրոպայում 10 լավագույն պանիրը արտադրող 10 լավագույն ընկերությունններից մեկն է, կասեցված են, ինչը պայմանավորված է «Սպայկա» ընկերության և դրա տնօրենի՝ Դավիթ Ղազարյանի հետ կապված իրավական գործընթացներով:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի ՊԵԿ-ի` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացրած միջնորդությունից հետո՝ ապրիլի 8-ին Դավիթ Ղազարյանը կալանավորվել էր խոշոր չափի հարկեր և տուրքեր չվճարելու մեղադրանքով: Ըստ ՊԵԿ-ի՝ պետությանը պատճառվել էր 7 մլրդ դրամի վնաս: Իսկ արդեն մայիսի 4-ին Դավիթ Ղազարյանը վճարված 1.000.000.000 գումարի դիմաց ազատ էր արձակվել:

ՊԵԿ-ի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության մասին իրազեկվելուց հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Կարեն Ղազարյանը նշում էր, որ իրեն ոչ ոք տեղյակ չի պահել «գործի» մասին, և ոչ ոք ոչինչ չի հարցրել, գուցե իրենք պատրաստ էին վճարել «Սպայկայի» հարկային պարտավորությունները և մյուս գումարները։

Կարեն  Բաղդասարյանի խոսքերով` իրավական գործընթացները ծանր հարվածներ են հասցրել ընկերությանը:

Ի թիվս այլ վնասների՝ իրավական գործընթացներով պայմանավորված` «Մուդիս» ռեյտինգային գործակալության կողմից իջեցվել է «Սպայկա» ընկերության վարկանիշը, որը միակ հայկական մասնավոր ոչ ֆինանսական կազմակերպությունն է, որը ստանում է միջազգային վարկանիշ «Մուդիսի» կողմից։

Բացի այդ, չեղարկվել է Եվրասիական զարգացման բանկի 100 մլն դոլարի ներդրումային  ծրագիրը, որը ուղղված էր 50 հա ջերմոցային համալիրի կառուցմանը: Չեղարկվել է նաև թողարկման ներկայացված պարտատոմսերի 25 մլն դոլարանոց ներդրումային  ծրագիրը։

Վերը թվարկվածներով ընկերության կրած վնասները չեն սահմանափակվել։ Ի թիվս ընկերության կրած ֆինանսական վնասների՝ վնաս է հասցվել նաև ընկերության միջազգային վարկանիշին, որի հետևանքն այն է, որ ընկերությունն այլևս գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար, ինչը, բնականաբար, ազդեցություն է ունենում նաև պետության միջազգային հեղինության և պետությունը որպես ներդրումների համար բարենպաստ միջավայր ունեցող վայր դիտարկելու համար։

Կառավարության սխալ գործելաոճի և սխալ հաշվարկների հետևանքով հասցված վնասները միայն ընկերության մասշտաբով սահմանափակվել չեն կարող, քանի որ խոշոր ներդրումային ծրագրերի չեղարկումների արդյունքում այն աշխատատեղերը, որոնք կարող էին ստեղծվել, և որոնց հետևանքով կկրճատվեր գործազրկության թիվը, չեն ստեղծվում։

Ուստի՝ խիստ զարմանալի է կառավարության դիրքորոշումը, քանի որ բազմիցս կոչ է արվում արտասահմանյան  ներդրողներին գալ Հայաստան և ներդրումներ անել, մինչդեռ Կառավարության գործողությունների հետևանքով առկա ներդրումային ծրագրերը չեղարկվում են։ Կարեն Բաղդասարյանի փոխանցմամբ՝ այն  աջակցությունը, որը իրենք ակնկալում էին կառավությունից, չեն ստացել: Դեռ ավելին, Նիկոլ Փաշինյանը ներդրողներին և խոշոր հարկատուներին ևս հանգիստ տեղը նստելու կոչ է անում։

Արդյունքում՝ միջազգային ներդրողները, հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված անորոշ և անկայուն վիճակը, խոշոր տնտեսվարող սուբյեկտներին իրավական գործընթացների մեջ ներքաշելը, իրենց ներդրումները չեն բերում Հայաստան, ինչն էլ վստահաբար չի հանգեցնելու իշխանավորների երազած տնտեսական հեղափոխությանը, այլ միայն հետընթաց է գրանցելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն