«Ներդրումային միջավայրը Հայաստանում 2020». ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է հերթական զեկույցը

article-image

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Ներդրումային միջավայրը Հայաստանում 2020» զեկույցը: Փաստաթուղթը կազմված է մի քանի բաժնից. ներդրումային բաց միջավայր, իրավական և կարգավորող համակարգ, տարաձայնությունների հարթման համակարգ (Dispute Resolution), թափանցիկություն, պետական ձեռնարկություններ, կոռուպցիա, մտավոր սեփականության իրավունքներ, պատասխանատու բիզնես գործելաոճ, կատարողական պահանջներ (Performance Requirements):

Զեկույցի նախաբանում նշված է, որ փաստաթղթում ներառված են մի շարք պետություններ, որոնք ավելացնում են իրենց ներդրումային հնարավորությունները, բարելավում են թափանցիկությունը և օգնում են նորաստեղծ ձեռնարկություններին: Զեկույցը նաև նշում է մարտահրավերների և խոչընդոտների շարք, ինչպիսիք են` պատշաճ թափանցիկության բացակայությունը, կոռուպցիայի հետ խնդիրները և արտասահմանյան բիզնեսի համար փակ տնտեսական ոլորտները

Անդրադառնալով Հայաստանին` զեկույցը նշում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը տարբեր միջազգային վարկանիշային աղյուսակներում, որոնք ուսումնասիրում են պետության բիզնես և ներդրումային միջավայրերը, լուրջ ցուցանիշներ է գրանցել: Նշվում է, որ Հայաստանում ներկայացված են նշանակալից թվով ամերիկյան ներդրումներ, մասնավորապես` «ContourGlobal» կազմակերպության կողմից Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի ձեռքբերումը և «Lydian International» կազմակերպության ջանքերը` ոսկու խոշոր հանքավայրի շահագործումը: Ամերիկյան ներկրողները այլ կազմակերպությունների նման Հայաստանում ակտիվներ են ձեռք բերել կամ մտել են բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներ:

Զեկույցի հեղինակները նկատում են, որ Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է տալիս, իսկ երկրի իրավական շրջանականը և պետական քաղաքականությունը նպատակ ունեն գրավել ներդրողներին, սակայն ներդրումային միջավայրը մարտահրավերների առաջ է կանգնած: Խոչընդոտները ներառում են Հայաստանի շուկայի փոքրությունը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով ստեղծված աշխարհագրական հարաբերական մեկուսացվածությունը, օրենքի գերակայության և դատական համակարգի թուլությունը և կոռուպցիոն ժառանգությունը: Նրանք արձանագրում են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները քիչ են:

Հայաստանում բանկային համակարգը գնահատվում է լավ և կարգավորված, սակայն ներդրողները նշում են, որ ֆինանսական հատվածը լավ զարգացած չէ: Չնայած հայկական օրեսդրությունը ունի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, սակայն դրանք ևս բարելավման կարիք ունեն:

Փաստաթուղթը արձանագրում է, որ 2018 թվականի փոփոխություններից հետո Հայաստանում հակակոռուպցիոն պայքար է ընթանում: Ընդհանուր առմամբ` Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, այնուամենայնիվ, մի քանի ձեռնարկություններ նշում են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ համակարգերում անհրաժեշտ են ավելի լայնամասշտաբ բարեփոխումներ: Չնայած հակակոռուպցիոն պայքարին և որոշ ոլորտներում առկա բարեփոխումներին, որոնք բարձրացրել են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ` ներդրողները պնդում են, որ բազմաթիվ մտահոգություններ կան, որոնք վերաբերում են թափանցիկ, արդար և կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելու համար: Զեկույցում նշվում է, որ պետության հանքարդյունաբերության ոլորտում ծագած ներդրումային վեճը նշանակալից միջազգային ուշադրություն է գրավել, և նույնիսկ տարիներ անց մնում է չլուծված:

Օտարերկրյա ներդրողները նաև մտահոգված են օրենքի գերակայության և հավասար վերաբերմունքի խնդիրներով: Ամերիկյան կազմակերպությունները նշում են, որ ներդրումային միջավայրը վատ վիճակում է նաև մտավոր սեփականության իրավունքների կիրառման ձախողման պատճառով: Մտահոգություններ կան նաև անկախ և ուժեղ դատական համակարգի առնչությամբ: Ամերիկյան ձեռնարկությունների ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնում նաև կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ խորհրդատվության և բիզնես համայնքի շրջանում առկա մտահոգությունների նկատմամբ կառավարության արձագանքի շուրջ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2018թ. «խաղաղ հեղափոխությունից հետո» հայկական իշխանությունները կոռուպցիայի վերացումը իրենց առաջնահերթություններից մեկն են հռչակել: Չնայած մի քանի զեկույցներին, որոնց համաձայն` կառավարությունը կոռուպցիոն գործերում հիմնականում թիրախավորել է նախկին պետական պաշտոնյաներին` որևէ ցուցիչ չկա, որ Հայաստանի հակակոռուպցիոն օրենքները «հետհեղափոխական կառավարության» կողմից կիրառվում են խտրական ձևով:  

Ընդգծվում է, որ ԱՄՆ-ից Հայաստան ներդրումների հիմնական խոչընդոտը մնում է կոռուպցիան, հատկապես այն մասով, երբ այն վերաբերում է այնպիսի կարևորագույն ոլորտների, որոնցից է` արդարադատության համակարգը, և մտահոգությունները` կապված օրենքի գերակայության, գործող օրենսդրության և կարգավորումների կիրառման և հավասար վերաբերմունքի հետ կապված: Չնայած Հայաստանում կաշառքը անօրինական է, կառավարությունը ակտիվորեն չի խրախուսում մասնավոր կազմակերպություններին ներքին վարվելաձևի նորմեր հաստատելու համար: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, մի քանի տեղական ձեռնարկություններ, որոնք աշխատում են միջազգային ֆինանսական կառույցների հետ, ներքին կոռուպցիան հաղթահարելու նպատակով կորպորատիվ կառավարման մեխանիզմներ են կիրառում: Այնուամենայնիվ, նման սկզբունքները տեղական ձեռնարկություններում լայնորեն չեն կիրառվում:

Զեկույցը նշում է, որ մարդկային կապիտալը Հայաստանի ամենաուժեղ ռեսուրսներից մեկն է, իսկ աշխատուժը ընդհանուր առմամբ կրթված է, հատկապես` գիտության, տեխնոլոգիաների, ինժեներական և մաթեմատիկայի ոլորտներում:

Զեկույցն ամբողջությամբ` 2020 Investment Climate Statements: Armenia

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն