Ինչու՞ է սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանը հանկարծ հիշել, որ պետությունն ունի լեգիտիմ ուժ կիրառելու մենաշնորհ

article-image

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը խորհրդարանում հանդիսանում է սորոսական թևի ներկայացուցիչ, շարունակում է սերտ համագործակցությունը «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի հետ, մասնակցում վերջինիս կողմից ֆինանսավորվող ծրագրերին։

Սեպտեմբերի 24-ին Մարիա Կարապետյանը Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող Boon TV-ի հաղորդաշարի շրջանակներում խոսել է պետության կողմից լեգիտիմ ուժի կիրառման մասին՝ տարբեր տեսաբանների աշխատությունների միջոցով հիմնավորելով պետության կողմից ուժի կիրառման մենաշնորհը։

«Փաստորեն, մարդիկ և պետությունը հասարակական դաշինքի միջոցով ապօրինի են հայտարարել ոչ միայն քմահաճությամբ, կամայականությամբ կատարված բռնությունը, այլև նույնիսկ կոնֆլիկտները բռնությամբ լուծելը և ինքնապաշտպանության համար ոչ անհրաժեշտ բռնությունը։ Գուցե պետության բացակայության պայմաններում սրանք համարվեին մարկային իրավունքներ, սակայն, պետության ստեղծման պահից այս գործիքակազմը դարձել է պետության մենաշնորհը։ Մարդիկ և պետությունն այս հասարակական դաշինքն աստիճանաբար դարձրել են սահմանադրություններ, ձևավորել են հանրային իշխանության մարմիններ, և ուստի այս մենաշնորհը լեգիտիմ է, քանի որ բխում է բանակցված հասարակական դաշինքից, իսկ, այնուհետև, նաև ընտրությունների և հանրաքվեների միջոցով ձևավորված փաստաթղթերից», - նշել է պատգամավորը։

Փաստենք, որ Կարապետյանը ճիշտ է ներկայացնում պետության կողմից ուժի կիրառման մենաշնորհի մասին տեսական մոտեցումները, սակայն խնդիրն այն է, որ այս մասին խոսում է քաղաքական մի ուժի ներկայացուցիչ, որի քաղաքական առաջնորդը ու թիմը տարիներ շարունակ քաղաքական նպատակներով շահարկում են Մարտի 1-ի իրադարձությունները, մասնավորապես՝ 10 անձանց մահը, ինչն, ըստ էության, հենց պետության կողմից լեգիտիմ ուժի գործադրման պրակտիկ օրինակ էր։ Մեկ այլ հարց է, որ պետության կողմից ուժ կիրառելիս հնարավոր է ոչ համաչափ ուժի գործադրում, որը պետք է առանձին դրվագներով քննության առնվի և իրավական գնահատականի արժանանա։

Նկատենք նաև, որ Հայաստանում հենց Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներն են տարիներ շարունակ լծված եղել պետության կողմից ուժի կիրառումը հասարակական ընկալումներում ոչ լեգիտիմ դարձնելու թեզի արմատավորմանը։ Ամեն անգամ, երբ իրավապահ մարմինները ուժ են գործադրել իրավախախտ անձանց նկատմամբ՝ նախկին ընդդիմադիր շրջանակները, Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, տիրաժավորել են «բռնության» գործադրման տեսարանները և դրանք ներկայացրել որպես պետության կողմից ապօրինության դրսևորում՝ ատելություն սերմանելով պետության և իրավապահ մարմինների նկատմամբ։

Իսկ մյուս կողմից էլ հենց սորոսականներն են դաշտ նետել «ապստամբության իրավունքի» մասին իրավական ոչ մի քննադատության չդիմացող թեզը։ Ըստ սորոսականների և նրանց հարող շրջանակների՝ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումը ՊՊԾ գնդի վրա հարձակում գործելով և ոստիկաններին սպանելով իրականացրել է «միջազգայնորեն ամրագրված ապստամբության իր իրավունքը», ինչից էլ բխեցնում էին, որ նման պայմաններում պետությունն իրավունք չունի ուժ կիրառել «ապստամբության իր իրավունքն իրացնող» անձանց նկատմամբ։ Իհարկե, ինչպես արդեն նշեցինք, միջազգային որևէ փաստաթղթում զենքի գործադրմամբ ապստամբության իրավունքի մասին որևէ նշում չկա, ավելին՝ շատ պետություններում այդ գործողությունները քրեական հանցագործություններ են։ Սակայն սա չի խանգարել մարիակարապետյանամերձ շրջանակներին անգամ զեկույցներ և աշխատություններ պատրաստել գոյություն չունեցող իրավունքի գոյությունը հիմնավորելու համար։

Գալով Մարիա Կարապետյանի քաղաքական ուժին իշխանության բերող իրադարձությունների ժամանակահատվածին՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, պետք է նշենք, որ իշխանափոխության այս գործընթացը թերևս ամենացցուն օրինակը կարող էր լինել պետության կողմից լեգիտիմ ուժի գործադրման պրակտիկ կիրառելիության առումով։ Հաշվի առնելով այդ օրերին հասարակական կարգի զանգվածային խախտումները, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները, բռնություն հրահրող կոչերն ու դրսևորումները, միջազգային նշանակության եթնակառուցվածքների արգելափակումը, Հանրային ռադիոյի շենք ներխուժումն ու մյուս գործողությունները, պետությունը իրավախախտների նկատմամբ ուժ գործադրելու բոլոր իրավունքներն ուներ, որի և պարզ կիրառությունը տեսնում ենք Բելառուսում, որը դժբախտաբար կամ բարեբախտաբար տեղի չունեցավ Հայաստանում։ Եվ չնայած պետությունն այդ օրերին չկիրառեց բռնի ուժ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների իրավունքների խախտումները իսպառ դադարեցնելու և պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը վերականգնելու համար, սակայն որոշակի առանձին դրվագներով իրավապահ մարմինների գործողություններն այդ օրերին նույնպես տիրաժավորվեցին և շրջանառվեցին իշխանափոխությանը սպասարկող ԶԼՄ-ների կողմից:

Հաշվի առնելով թվարկված իրադարձություններն ու դրանց առնչությամբ Մարիա Կարապետյանի քաղաքական թիմի դիրքորոշումներն ու գործողությունները, հետաքրքիր է, թե ինչ նպատակով է այսօր պատգամավորը «Սորոսի փողերով» խոսում պետության կողմից լեգիտիմ ուժի գործադրման մենաշնորհի և դրա հիմնավորված լինելու մասին։ Ինչու՞ Մարիա Կարապետյանը չէր բարձրաձայնում իր տեսական գիտելիքները, երբ իր գործընկերները արդեն նախկին իշխանություններին մեղադրում էին, օրինակ, Հանրապետության մայրաքաղաքի գլխավոր պողոտան մի քանի շաբաթ շարունակվող արգելափակումից հետո երթևեկությունը վերականգնելու ընթացքում ուժ գործադրելու մեջ, և դա որակում ոչ թե որպես պետության կողմից ուժի կիրառման մենաշնորհի դրսևորում՝ հանուն ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման և տրանսպորտացիայի սահմանադրական իրավունքների վերականգնման, այլ «Էլեկտրիկ Երևանի» ակցիայի մասնակիցների իրավունքների խախտում (կրկին չենք քննարկում իրավապահ մարմինների կողմից ուժի գործադրման ընթացքում համաչափության հանգամանքը)։ Այստեղ, իհարկե, մեզ կհակադարձեն նախկին իշխանությունների «ոչ լեգիտիմ» լինելու, «պետությունը զավթելու» մասին «բարբաջանքներով»։ Ինչպես հաղորդման ընթացքում իրավացիորեն նշել էր Մարիա Կարապետյանը , բռնի ուժի գործադրման լեգիտիմ իրավունքը պատկանում է պետությանը, որին քաղաքացին լիազորել է երաշխավորել իր անվտանգությունը, անկախ նրանից, թե ում ձեռքին է այդ պահին պետության ղեկը։

Արդյո՞ք Սորոսի հովանու ներքո Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորի կողմից պետության կողմից ուժի գործադրման մենաշնորհի մասին տեսական հիմնավորումները այս փուլում նշանակում է, որ Կարապետյանի քաղաքական թիմը պատրաստվում է դա դրսևորել իշխանափոխության մեկ այլ գործընթացի կամ օրեցօր ահագնացող զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ, չենք կարող ասել, բայց կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ երեսպաշտությունը այս հարցում նույնպես դրսևորվում է։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն