2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը

article-image

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ 2023թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների գերակատարման և ծախսերի թերակատարման արդյունքում ձևավորվել է բյուջեի 60.9 մլրդ դրամ հավելուրդ՝ պլանավորված 87.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն։ Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 148.3 մլրդ դրամով: Այս մասին տեղեկանում ենք «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տելեգրամյան անլիքից։

Պետական բյուջեի ծախսերը շարունակում են ճշտված պլանի համեմատ թերակատարվել։ Ընդ որում, թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Թերակատարման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են: Կապիտալ ծախսերի՝ ծրագրված մեծությունից շեղումը և նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կատարողականի նվազումը հիմնականում արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման գծով։ Այդ միջոցառման գծով կատարողականը կազմել է ընդամենը 32.1%, իսկ փաստացի ծախսերը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել են 28.9%-ով:

Ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականի ուսումնասիրությունը ցույց է տալիս է, որ, այս առումով ևս, «առաջամարտիկը» պաշտպանական համակարգն է՝ պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով: Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ի դեպ, 2023թ. պետական բյուջեն ներկայացնելիս կառավարությունը բազմիցս շեշտում էր պաշտպանական ծախսերի՝ բյուջեով նախատեսվող աննախադեպ աճը։

Չնայած ծրագրերի գծով բյուջեով նախատեսվել և հատկացվել է գումար՝ այնուամենայնիվ, դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչն առաջին հերթին պատկան մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի վկայությունն է: Մասնավորապես, վերջին տարիներին սովորական է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու անընդունակության մասին։ Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի պայմաններում կառավարությունից ակնկալվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք միտված են առաջարկի ավելացմանը։ Իսկ դա, միանշանակ, ենթադրում է մեծածավալ նպատակային կապիտալ ծախսերի կատարում:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ

Աղբյուր՝ «ԼՈՒՅՍ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն