Արցախի իշխանությունները հավասարապես մեկ պատասխանատվության դաշտում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի հետ․ Տիգրան Աբրահամյան. «Առավոտ»

article-image

«Առավոտը» զրուցել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

– Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը սրում է իրավիճակը  Արցախի ու Հայաստանի ուղղությամբ՝ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

 -Ադրբեջանի մարտավարությունը Հայաստանի հետ բանակցություններում առավելապաշտական է։ Եվ յուրաքանչյուր պահի, երբ Հայաստանը չի դիմադրում եւ գնում է զիջումների, Ադրբեջանը դա նախ այդ փուլի համար արձանագրում է, ապա անցնում է հաջորդ խումբ պահանջների ներկայացմանը։ Եվ սրա հետեւանքով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նույնիսկ Հայաստանի իշխանությունների՝ առաջին դեմքի կողմից արված հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, չի բավարարում Ադրբեջանին։ Եվ Ադրբեջանը տարածքային հավակնությունների հաջորդ խումբն է ներկայացնում՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքների հետ։ Քանի դեռ Հայաստանի իշխանություններն այսպիսի քաղաքական կուրս են ընտրել, ցավոք, զիջումների եւ կորուստների այս շղթան չի փակվելու։ Ադրբեջանը նոր խմբաքանակի պահանջների կյանքի կոչման համար գնում է նաեւ շանտաժի եւ ուժի կիրառման սպառնալիքի ճանապարհով։ Եվ Հայաստանի իշխանությունների այդ քաղաքականության պայմաններում դա կարող է բերել նոր ցավալի խնդիրների։

– Տեղեկություն եղավ, որ Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը  հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն։
– Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններում մշտապես հանդես է գալիս վերջնագրերի լեզվով։ Այս փուլում փորձում է հասնել իր երեք այն պահանջներին, որոնց վերաբերյալ մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարը խոսում էր։ Դա վերաբերում է Արցախի հետ կապված հարցերին որեւէ ձեւով չմիջամտելուն։ Այսինքն՝ դա վերաբերում է նաեւ Արցախի ֆինանսավորմանը, հումանիտար բնույթի հարցերին, Արցախում ստեղծված իրավիճակն առանց միջազգային երաշխիքների լուծելու հարցին։ Սա նշանակում է, որ եթե Հայաստանը նույնիսկ ձեւական կամ ֆորմալ առումով առաջ էր քաշում արցախցիների իրավունքների եւ ազատությունների հարցը, որը, Հայաստանի իշխանությունների պատկերացմամբ, ամբողջովին տեղավորվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա Ադրբեջանն սկսել է նաեւ այս մասով ներկայացնել պահանջներ՝ Հայաստանից առհասարակ այդ թեմային չմիջամտելու վերաբերյալ։ Երրորդ պահանջը վերաբերում է Արցախի ուժային մարմինների, առհասարակ պետական կառավարման մարմինների լուծարմանը։ Հասկանալի է, որ Արցախում այսօր հենման միակ կետը մնացել են ինքնապաշտպանության սահմանափակ ռեսուրսները, որոնք Ադրբեջանը փորձում է ամեն գնով կոտրել դա։ Եվ սրան հասնելու ճանապարհին Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնելու։

-Եվ ռազմական հարձակման վտա՞նգ կա։

-Թերեւս այս պայմաններում ադրբեջանական խոսույթից հասկացվում է, որ կարող են լինել տեղային հարվածներ, հատկապես ռազմական ենթակառուցվածքներին, ինչը չի բացառում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու կամ ուղիղ ներխուժումների ադրբեջանական մտադրությունը։

– Արցախի տեղեկատվական շտաբն օրերս հաղորդագրություն տարածեց՝ փաստելով, որ ադրբեջանական ապօրինի անցակետով արցախցիները տեղաշարժվում են։ Այսինքն՝ Արցախի իշխանությունները որոշել են, որ այդ անցակետից պետք է օգտվե՞լ, ինչպե՞ս եք գնահատում սա։  

– Արցախի իշխանություններն, այս դեպքում առաջին հերթին Արցախի նախագահը, ամեն ինչ անում են՝ հավասարապես կիսելու Հայաստանի իշխանությունների դավաճանական գիծը եւ ամբողջական պատասխանատվություն են կրում Արցախի հանձնման համար։ Այն, ինչ արվում է կուլիսներում, Արցախի իշխանությունների լուռ համաձայնությամբ է արվում։ Թեպետ Արցախից որոշակի պարբերականությամբ հրապարակային հայտարարություններ են հնչում, որոնցով արտաքուստ թվում է, թե Արցախի իշխանությունները հակադրվում են Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հարցում վարվող քաղաքականությանը, բայց այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Արցախի իշխանությունների կողմից, ցույց են տալիս, որ դրանք հիմնականում համահունչ են Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը։ Իսկ դա նրանց հավասարապես մեկ պատասխանատվության դաշտ է բերում Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի հետ։ Անցակետից օգտվելն ամենակարճ ճանապարհն է Արցախն ադրբեջանացման տանելու առումով։ Եվ այս հարցով Արցախի իշխանությունները շարժվում են հայաստանյան հայտարարություններին համահունչ։

Աղբյուր՝ Առավոտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն