Նիկոլ Փաշինյանը փորձում է նմանվել Սերժ Սարգսյանին․ ելույթների համեմատականներ

article-image

Օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես եկավ ելույթով, որը քննարկումների առիթ դարձավ համացանցում։ Ֆեյսբուքյան օգտատերերը սկսեցին քննարկել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տարբեր հայտարարություններ, այլ նաև սկսեցին համեմատել ելույթը Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տարբեր ժամանակահատվածների ելույթների հետ։

Մանրամասն ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի ելույթը` տպավորություն ստացանք, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը գրելուց առաջ վերընթերցել է Սերժ Սարգսյանի տարբեր տարիների ելույթները և սեփական լեզվով վերաշարադրել երրորդ նախագահի առաջարկած թեզերը: Կամ գուցե Փաշինյանը տարիներ առաջ այնքան է ոգեշնչվել երրորդ նախագահի ելույթներից, որ մնացել  է այդ ելույթների ազդեցության տակ:

Ուշագրավ է, որ անգամ կառուցվածքային նմանություններ կան  Սերժ Սարգսյանի նախկին ելույթների հետ:

Ամենաակնառու նմանություններից էին, օրինակ, Նիկոլ Փաշինյանի՝ «այդ հայրենիքը Հայաստանն է, և Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, որը վերցվել է Սերժ Սարգսյանի ելույթներից մեկից, որում երրորդ նախագահը իր ելույթն ամբողջությամբ կառուցել է «սա Հայաստան է և վերջ» արտահայտության վրա և պարբերաբար այդ միտքն օգտագործել ելույթի ընթացքում։

Մեկ այլ օրինակ է Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» արտահայտությունը, որը կրկին վերցված է Սերժ Սարգսյանի ելույթներից մեկից. «Մեր տունն աշխարհն է, մեր օջախը` Հայաստանը»։

Իսկ ամենաշատ քննարկված նմանությունը, թերևս, Նիկոլ Փաշինյանի կողմից 2040 թվականի տեսլականը ներկայացնելն էր, որը բոլորին հիշեցրեց Սերժ Սարգսյանի 2017 թվականի ուղերձը նորընտիր Ազգային ժողովին, որտեղ նա ներկայացնում էր իր 2050 թվականի տեսլականը։

Եվ այսպես ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի ելույթների համեմատականները։

Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մասին, առաջ է քաշում համահայկականության, միասնականության գաղափարը, ինչի մասին Սերժ Սարգսյանը ևս խոսել է իր տարբեր ելույթների ընթացքում։

Սակայն, եթե Սերժ Սարգսյանը որպես համահայկականության, միասնականության հաջողության օրինակ բերում էր Շուշիի ազատագրումը, ապա Նիկոլ Փաշինյանի համար այդ օրինակը 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությունն է»։

  • Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթը սկսել է հենց «հեղափոխության» մասին խոսելով և այն որպես համահայկական հաջողություն ներկայացնելով. «Այս օրերին մենք բոլորս Արցախում հավաքվել ենք համահայկական խաղերի բացման առիթով։ Ազգային-մարզական այս միջոցառումը, սակայն, մեզ առիթ տվեց կազմակերպելու այս աննախադեպ հավաքը, այս յուրօրինակ աշխարհաժողովը՝ աշխարհի հայությանը մի չափազանց կարևոր ուղերձ հղելու, մեր համազգային կյանքի կազմակերպմանը վերաբերող մի քանի կարևոր հարցերի անդրադառնալու համար։

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Հասկանալիորեն, Հայաստանում այս նոր իրողությունները պետք է իրենց ուղղակի ազդեցությունն ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա, և այսօր լայնորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի այդ ազդեցությունը։ Այս հարցի օրգանական պատասխանը գտնելու համար նախ անհրաժեշտ է արձանագրել և գնահատել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության էությունը։ Մենք այն անվանում ենք «Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»։ (…)։

«Ժողովրդական» բառը հստակ գծագրում է հեղափոխությունն իրականացրած սուբյեկտին, այսինքն՝ ժողովրդին։ Այստեղ է ահա, որ ծագում է մի շատ էական հարց։ Իսկ ո՞ր ժողովրդի մասին է խոսքը, ո՞ր ժողովուրդն է, որ հանդես է եկել և հանդես է գալիս որպես հեղափոխությունն իրականացրած սուբյեկտ, որպես հեղափոխության շահառու։ Արդյոք խոսքը կարող է միա՞յն Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին լինել և մյուս կողմից, ո՞ւմ նկատի ունենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդ ասելով։ Այս հարցի պատասխանը տալիս է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որն, ի դեպ, տեղի ունեցած երկու սահմանադրական փոփոխությունների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ (…): Սահմանադրության նախաբանը, ըստ այդմ, արձանագրում է, թե ով է Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ավելի արտահայտիչ՝ Հայաստանի Հանրապետության սեփականատերը։ Արձանագրումը, հետևաբար, միանշանակ է՝ հայ ժողովուրդը. հայ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության իրավատերը, նրա ճակատագրի որոշողն ու պատասխանատուն։ Ընդ որում, սա ընդամենը սահմանադրական ձևակերպում կամ նախադասություն չէ, այլ մի գիտակցություն, որ, համոզված եմ, անթեղված կամ ակտիվ գիտակցության կարգավիճակում նստած է յուրաքանչյուր հայի մեջ։ 2018 թվականի հեղափոխությունը նաև սրա ապացույցը դարձավ, որովհետև հեղափոխության գործընթացը չսահմանափակվեց միայն Հայաստանի Հանրապետությամբ, այլ ծավալվում էր ամբողջ աշխարհով՝ Սան Պաոլոյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Սիդնեյ, Լոնդոնից մինչև Խաբարովսկ։ Այս և նմանատիպ հեռավոր քաղաքներում ապրող հայերն իրենց կազմակերպած հրապարակային միջոցառումներով, սոցիալական ցանցերում իրենց իրականացրած ակցիաներով ինտեգրվեցին հեղափոխական գործընթացին, այդ ողջ ընթացքում ապրեցին Հայաստանով և ուրեմն ապրեցին Հայաստանում։ Հազարավոր մեր հայրենակիցներ այդ օրերին արտերկրից եկել են Հայաստան և իրենց համայնքների ներկայությունն ապահովել Երևանի Հանրապետության հրապարակում»։

Իսկ Սերժ Սարգսյանը 2012 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում ունեցած ելույթի ընթացքում նշել է. « Չմոռանանք՝ սա Հայաստան է, որին հետևում են միլիոնավոր սփյուռքահայեր: Հետևում են հույսով, երազանքով, դրական տեղաշարժերի ակնկալիքով: Երբեմն հետևում են խոշորացույցով: Խանդավառվում և հիասթափվում են մեզ հետ միասին: Ճիշտ են անում: Հայրենիքի ուժը մեծ ուժ է: Մի օրինակ հիշեմ: Մի ֆրանսահայ ժամանակին ինձ պատմում էր, որ աշխատավայրում երբեք առիթ չի ունեցել իր գործընկերներին ասելու, որ ինքը ծագումով հայ է: Բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո չէր դիմացել գայթակղությանը: Իր հայ լինելու մասին նա արդեն խոսում էր բարձրաձայն և հպարտությամբ»:

  • Խոսելով միասնականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ (...) Նույն խնդիրը, ի դեպ, երկար տարիներ մենք ունենք Սփյուռքում, երբ հայությունը բաժանված է ոչ միայն պարսկահայերի, լիբանանահայերի, հունահայերի, այլև հին Սփյուռքի և նոր Սփյուռքի, և այդ բաժանումը, ցավոք, երբեմն բերում է հակասությունների ու հակադրությունների»։

Իսկ Ս. Սարգսյանն ասել է. «Մենք մեր հաջողություններով ի զորու ենք հայության գիրկը վերադարձնել նույնիսկ նրանց, ովքեր այսօր ուծացման ճանապարհին են: Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան՝ մարդիկ պետք է ոչ թե ամաչեն, այլ հպարտ լինեն Հայաստանի նկարագրով, իսկ այդ նկարագիրը պիտի կերտենք մենք: Ֆրանսահայ, թե սիրիահայ, միևնույն է, գիտակցում է, որ բոլոր խնդիրներով հանդերձ, սա Հայաստան է, և դրանով ամեն ինչ ասված է»:

  • Նիկոլ Փաշինյանը, խոսելով «ժողովուրդ» հասկացության մասին, նշում է. «Սահմանադրության նախաբանը, ըստ այդմ, արձանագրում է, թե ով է Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ավելի արտահայտիչ՝ Հայաստանի Հանրապետության սեփականատերը։ Արձանագրումը, հետևաբար, միանշանակ է՝ հայ ժողովուրդը. հայ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության իրավատերը, նրա ճակատագրի որոշողն ու պատասխանատուն»։

Իսկ Սարգսյանն իր նույն ելույթում նշել է. «Այո, հարցեր շատ կան, բայց կա հարց լուծող      ը, և հարց լուծողը մեր ժողովուրդն է` Հայաստանի տերն ու ժառանգը»:

  • Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծման մասին, նշել է. « Նույն խնդիրը, ի դեպ, երկար տարիներ մենք ունենք Սփյուռքում, երբ հայությունը բաժանված է ոչ միայն պարսկահայերի, լիբանանահայերի, հունահայերի, այլև հին Սփյուռքի և նոր Սփյուռքի, և այդ բաժանումը, ցավոք, երբեմն բերում է հակասությունների ու հակադրությունների։ Այս իրավիճակը կտրականապես չի տեղավորվում համահայկական հեղափոխության տրամաբանության մեջ, և կառավարության կառուցվածքում տեղի ունեցած վերջին փոփոխությունների, մասնավորապես, Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրման առանցքային նպատակը ոչ միայն հին ու նոր Սփյուռքների, այլև Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանները ջնջելն է, սահմանները վերացնելը»։

Իսկ 2008  թվականի սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը Սերժ Սարգսյանը, խոսելով Սփյուռքի նախարարության ստեղծման մասին, նշել է.  «Եվ մենք պետք է հասկանանք սփյուռքի տարբեր հատվածների ինքնակազմակերպման ձևը` հայկական ինքնության շուրջ:

Ահա այս և մյուս խնդիրներն են, որ պիտի լուծենք ազգովի, և առաջին հերթին պիտի լուծի Հայաստան պետությունը: Պետության գործիքը կառույցներն են: Մենք արդեն ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որը կսկսի գործել բառացիորեն օրեր անց: Մենք շատ գործ ունենք անելու և պետք է սկսենք առանց հապաղելու»:

  • Մեկ այլ հատվածում խոսելով համահայկականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշում է. «Համահայկականության հաջորդ կարևոր դրսևորումը պետք է լինի ուժերի մեկտեղումը՝ ընդհանուր նպատակների իրագործման համար, իսկ մեր ընդհանուր նպատակը կարող է և պետք է լինի միայն ու միայն Հայաստանի և Արցախի զարգացումը բառիս բոլոր՝ անվտանգային, տնտեսական, աշխարհաքաղաքական իմաստներով։ Հայաստանում և Արցախում արձանագրված տնտեսական և քաղաքական հաջողությունները կհզորացնեն նաև Սփյուռքը»։

Իսկ Սերժ Սարգսյանն ասել է. «Հայության կարողությունը բոլոր հայերի հավաքական կարողությունն է: Մի հատվածում ավելանալու համար այն չպետք է պակասի մյուսում: Այն պետք է ավելանա ամենուր: Մի հատվածը չպետք է հզորանա մյուսի թուլացման հաշվին: Հայկական հարստությունը Հայաստանի հարստությունը չէ միայն: Հայության տարբեր հատվածների միջև փոխգործակցության արդյունքում հայկական կարողությունը ոչ թե պիտի բաժանվի ու վերաբաշխվի, այլ պիտի բազմապատկվի ու հաստատվի: Հայկական "հաշվեկշիռը" պիտի աճի»:

  • Խոսելով հայկական ինքնության մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եվ այս հետաքրքրությունն ու էներգիան պիտի տարածվի հայկական ինքնությունից հեռացած մեր բոլոր հայրենակիցների շրջանում՝ սկսած Սփյուռքից արտագաղթած հայերից և ավարտած մեր այն հայրենակիցներով, որոնց ընդունված է անվանել ծպտված հայեր։ Եվ ահա Հայաստանի և Արցախի զարգացումը՝ որպես մրցունակ, գրավիչ, տեխնոլոգիական երկիր, պետք է մեծ հայրենադարձության ամենահզոր խթանը դառնա, և ոչ միայն Հայաստանից ու Արցախից արտագաղթածները պետք է վերադառնան հայրենիք, ոչ միայն միլիոնավոր սփյուռքահայեր պետք է վերադառնան հայրենիք, այլև Սփյուռքից արտագաղթած միլիոնավոր հայեր պետք է նորից հետաքրքրվեն իրենց հայկական ինքնությամբ, պետք է հետաքրքրվեն հայկական օրակարգով և ներգրավեն նրա իրագործման մեջ և վերադառնան հայկական իրականություն։

Իսկ Սերժ Սարգսյանը նշել է. «Սակայն ամենից առաջ անհրաժեշտ է ձևավորել և ձևակերպել հայկական նոր ինքնությունը: Ինքնություն, որը պիտի դառնա հայի փարոսը նոր դարում: Հայկական ինքնությունը պիտի լինի մարդակենտրոն, ազատակենտրոն ու իրավակենտրոն: Ազատության և իրավունքի վրա հիմնված ինքնությունն է առավել քան հրապուրիչ և զորացնող: Այն կարող է ամուր հենք լինել հայի համար իր երկրի հասարակությանն ինտեգրվելու և ներքին բարդույթներից ու հակասություններից ազատ հոգեկերտվածքով հաջողությունների հասնելու համար: Ինտեգրվելու` որպես հայ, որպես ազատ մարդ, որպես իր մշտական բնակության վայրի հաջողությանը նվիրված քաղաքացի: Նման ինքնությամբ հայն իր երկրի լավագույն քաղաքացին է, նրա հենարանը: Ուրեմն, լավ հայը` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի կամ Վրաստանի լավ քաղաքացին է: Ուրեմն լավ հայը միշտ և ամենուրեք մրցունակ է, մրցունակ ազգի ազգային մրցունակության կրողը` իր ստեղծած արժեքներով, ապրանքներով, մատուցած ծառայություններով: Հայկական ինքնության առանցքը հայկական հպարտությունն է: Հայկական հպարտության խարիսխը` մրցունակությունը: Մրցունակ են արդյոք Հայաստանի քաղաքացին ու հայ մարդը: Եվ այո եվ պիտի՛ դառնան»:

  • Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է ձեռքբերումների և կապիտալի մասին և նշում. «Բայց ես ուզում եմ, որ մենք անուն առ անուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք, նույնիսկ կապ չունի աշխարհայացքային, երբեմն քաղաքական ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում և Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը, և ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքում մի դրամի ներդրում են արել։ Եվ հետևաբար, հայկական կապիտալն ունի հայրենիք, որովհետև այդ կապիտալի տերերն ունեն հայրենիք, և այդ հայրենիքը Հայաստանն է, և Արցախը Հայաստան է և վերջ»։

Իսկ Սերժ Սարգսյանի 2012 թվականի դեկտեմբերի 15-ի ելույթն ամբողջությամբ կառուցված է «Հայաստան է և վերջ» բառախաղի վրա, ինչը, ըստ էության, տարիներ անց օգտագործել է Նիկոլ Փաշինյանը։ Ս. Սարգսյանը մասնավորապես ասել է. «Երբ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր իր հայտնի բանաձևը, նա միայն Արցախը նկատի չուներ: Նա նկատի ուներ ողջ Հայաստանն ու հայությունը: «Սա Հայաստան է և վերջ»:

Սա Հայաստան է, որտեղ մենք սերունդ ենք մեծացնում: Այդ սերունդը լինելու է մեզնից ուժեղ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական առումներով: Ոչ ոք իրավունք չունի փակելու երիտասարդների բերանը և կանխելու նրանց թռիչքը: Նրանք լուրջ անելիքներ ունեն և անելու են, բայց պայմանով, որ գիտակցեն ամենակարևորը` սա Հայաստան է և վերջ:

Սա Հայաստան է, որտեղ մենք կազմավորել ենք պատկառելի զինուժ և որի հետ այլևս կատակ չեն անում: Նա է մեր ապահովության, անվտանգության և հարատևման երկաթե խարիսխը: Սա Հայաստան է, որից տրամաբանությունը չմթագնածները զգուշանում են: Գիշերվա կեսին լեռների ձյան մեջ կանգնած երիտասարդ զինվորն իր կեցվածքով ասում է բոլորին. «Սա Հայաստան է և վերջ»: Ո՞վ իրավունք ունի նրա թիկունքում նրա Հայաստանը ջլատել: Ես էլի եմ ասել, ուշ հասկացողների համար կրկնում եմ` ոչ ոք իրավունք չունի: Համբերությունը, ներողամտությունը և հանդուրժողությունը նույնպես սահմաններ ունեն: Այդ սահմանները մենք արդեն հստակ գծել ենք: Դրանք Հայաստանի օրենսդրության սահմաններն են: (...):

Ես ասում եմ՝ հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում և կենցաղավարության մեջ: Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը:

Սա նո՛ր Հայաստան է և վերջ:

Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ:

Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ:

Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ:

Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ:

Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ:

Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ:

Կեցցե՛ Հայաստանը:

Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան»:

  • Խոսելով «օջախ» հասկացության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշում է. Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել և պիտի ասի՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Ընդ որում, սա պիտի դառնա նոր ժամանակների համահայկական կարգախոս, ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն անընկճելի է ու անպարտելի»։

Իսկ Ս. Սարգսյանը նշել է. Եկել է արհավիրքակենտրոն սփյուռքը հայաստանակենտրոն դարձնելու ժամանակը: Մեր տունն աշխարհն է, մեր օջախը` Հայաստանը: Հրաշք Հայաստանը»:  

  • Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենաքննարկված հատվածը, թերևս, 2050 թվականի համար ներկայացված տեսլականն էր։ Ելույթի այս հատվածը մարդկանց միանգամից հիշեցրեց Սերժ Սարգսյանի՝ 2017 թվականի ուղերձը վեցերորդ գումարման Ազգային ժողովին։

Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակի աճի մասին, նշել է. «Այսօր պատեհ եմ համարում համազգային քննարկման ներկայացնել այդ ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը՝ խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։ Ըստ այդմ, մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները.

– Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»։

Իսկ Սերժ Սարգսյանը նշել է. «Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:

Ազգային ժողովում Սերժ Սարգսյանը ներկայացրել էր նաև 2040 թվականի իր տեսլականը տնտեսական մի շարք ցուցանիշների և այլ հարցերի վերաբերյալ, ինչն, ըստ էության, արել է նաև Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում 2050 թվականի համար։

  • Ելույթի այս հատվածում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև կրթության մասին` նշելով. «Կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելն օրհասական, հրատապ խնդիր է, որովհետև մեր ռազմավարական տեսլականի կարևորագույն բաղադրիչը Հայաստանը էժան աշխատուժ երկրից բարձր որակավորում ունեցող աշխատուժ ունեցող երկրի վերածելն է, և այսօր մենք մեր հանրությանը պետք է շատ հստակ ուղերձ հղենք, որ 21-րդ դարում բարեկեցության միակ երաշխիքը մրցունակ կրթություն ունենալն է, և պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի մրցունակ կրթությունը դառնա հանրամատչելի, սոցիալական և տարիքային բոլոր խմբերի համար»։

Իսկ Սերժ Սարգսյանը քննարկվող ելույթի այդ հատվածում ևս անդրադարձել է կրթությանը՝ նշելով. «Մեր նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստան: Կրթված սերունդն է մեր երկրի հաջողության գրավականն ու բարեկեցության հիմքը: Հետևաբար պետք է ապահովենք առաջնակարգ կրթության հասանելիություն՝ միաժամանակ շարունակաբար բարձրացնելով կրթության որակը: Խիստ կարևոր է նաև ապահովել գիտության ու կրթության կապը տնտեսության հետ:

Գիտությունն ու կրթությունն առաջին հերթին պետք է տան այն խնդիրների լուծումները, որոնց առջև կանգնած են տնտեսությունն ու տնտեսվարողները: Անհրաժեշտ է գիտության և կրթության ֆինանսավորման գործող համակարգը լրացնել այնպիսի տարրերով, որոնցում պարտադիր մասնակցություն ունենա նաև մասնավոր հատվածը: Դա կվկայի, որ տվյալ ծրագրի ֆինանսավորումը պահանջված է, իսկ արդյունքները կլինեն կոնկրետ ու չափելի՝ նպատակ ունենալով բարձրացնել հայկական տնտեսության մրցունակությունն ինչպես կարճ, այնպես էլ միջին և երկար ժամկետներում»:

Այսպիսով, կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի իր ելույթը կառուցելու համար օգտագործել է տարբեր մտքեր, նախադասություններ, որոնք նախկինում օգտագործել է Սերժ Սարգսյանն իր ելույթներում։ Իսկ որոշ դեպքերում Նիկոլ Փաշինյանը, կառուցվածքային առումով օգտվելով Սերժ Սարգսյանի նախկին որոշ ելույթներից, վերաշարադրել է դրանք և ներկայացրել սեփական ծրագրերն ու պատկերացումները։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն