Զինված ուժերի վերջին հաջողությունների և Չինարի գյուղի վերաբերյալ մանիպուլյացիաներն ու իշխանական պրոպագանդան

article-image

Վերջին երկու օրերին համացանցում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ Զինված ուժերը Տավուշի մարզի սահմանային հատվածում առաջխաղացում է գրանցել։

Երեկ՝ օգոստոսի 19-ին, Հայաստանի հյուսիսարևելյան սահմանային հատվածում հայկական ուժերի գրանցած հաջողությունների մասին տեղեկությունները մեծ տարածում գտան սոցիալական ցանցերում՝ ապատեղեկատվության և մանիպուլյացիաների հետ միասին։

Օգոստոսի 18-ին Հայկ Սարգսյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշում էր, որ հայկական զինված ուժերը ազատագրել են մոտ 140 հա տարածք՝ վերահսկողության տակ վերցնելով ադրբեջանա-վրացական միջպետական մայրուղին։  Ավելին, նշվում էր, որ այս գործողությունների արդյունքում ավելի ապահով է դարձել Չինարի գյուղը,  և այն չեն կարողանա այլևս գնդակոծել։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքեց տարածվող տեղեկություններին՝ նշելով. «ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»։

Պարզ դարձավ, որ գործողությունները կատարվել են ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների կողմից՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։ Գնդապետ Գրիգորի Խաչատուրովը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է։

Բազմաթիվ պաշտոնյաներ, հասարակական - քաղաքական գործիչներ՝ համայնքային ծառայողներից մինչև Ազգային ժողովի նախագահ, սկսեցին գրառումներ կատարել ֆեյսբուքում այս թեմայով։

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը արձագանքել է նորությանը՝ գրելով՝

ԱԺ իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշում է․ «Մերոնք դիրքեր են գրավել, 140 հա, երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։

Չինարի գյուղի մոտ գտնվող Խորանաշատ վանքը 13-րդ դարի, որը չէր գործում, քանի որ ճանապարհը վտանգավոր էր, այսուհետ կբացվի, համեմատաբար ապահով կլինի, այլեւս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում։

Հ.Գ. 800 հա անպետք տարածքներ կորցրած նախկին գերագույն գլխավոր հրամանատարի փեսային պետք է հուշել, որ վաղուց ցուցմունք տալու ժամանակն է ոչ թե հարցազրույց։»։

Մեկ այլ իշխանական պատգամավոր, Արմեն Փամբուխչյանը գրել է՝ «Մի տեսակ աննկատ անցավ մեր զորքի առաջխաղացումը հյուսիս արևելքում (մոտ 140 հա) առաջներում այսպես չէր....

Հ.Գ. կարևորը մեր ձեռքբերումներն ա, նկատողը մեկա նկատւմ ա։

Թեմային անդրադարձել է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Խոսնակը գրել է․ «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։

Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին։»:

Տեղեկատվությունը վաղուց ճշգրտվել էր, երբ Արարատ Միրզոյանը վերջապես խմբագրեց իր գրառումը՝ ավելացնելով՝ «Upd: Առավել հստակ ձևակերպում ՊՆ֊ից. «Ճիշտ է հակառակորդի հետ շփման պայմաններում լիարժեք անվտանգ չի կարող լինել ոչ մի դիրք կամ բնակավայր, սակայն Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը, ինչն իր կողմից նախահարձակ լինելը դարձնում է անիմաստ»։

Ավելի ուշ «ՌազմԻնֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը պարզաբանումներ է տվել Չինարի գյուղի շուրջ ստեղծված քննարկումների առնչությամբ՝ հորդորելով օգտատերերին և բարձրաստիճան պաշտոնյաներին «փուչ սենսացիա չտարածել»։ Փորձագետը նշում է մի քանի կետեր՝ Չինարի գյուղի և գազատարի վերաբերյալ․

«1 Չինարին գազատարի հետ որևէ կապ չունի։ Իրարից ուղիղ գծով 50+ կմ հեռավորության վրա են։

2 Կոնկրետ Չինարիի մոտ մերոնք որոշ դիրքային բարելավում ունեն, բայց հակառակորդի բոլոր դիրքերը մնում են իրենց տեղում և կախված են Չինարիի վրա։ Գնդակոծության վտանգը ԿԱ, ինչպես և նախկինում կար։ Ով Չինարիում երբևէ եղել է, պիտի հասկանա, որ մինչև գյուղի վրա կախված հակառակորդի դիրքերը չվերացվեն, գնդակոծությունների ռիսկեր միշտ էլ կան։

3 Այսպիսի աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին, որ սադրանքների դիմի։ Մեր զինված ուժերը շատ բան անում են, ու դեռ շատ բան էլ ունեն անելու։ Ամեն այսպիսի հիմար և անպատասխանատու աղմուկը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրենց կյանքն ամեն օր վտանգող մեր զինվորականների համար՝ դիրքապահից մինչև հետախույզներ, հատուկջոկատայիններ, սպաներ»։

«ՌազմԻնֆո» կայքում ևս մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց, որտեղ նկարագրվում են Չինարի գյուղի, ադրբեջանական և հայկական դիրքերի տեղակայումները։ «Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժիներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները: (...) Դիրքային բարելավումները թեև չեն վերացնում Չինարի գյուղը ադրբեջանական գնդակոծությունների վտանգից, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում, սակայն բարձրացնում են գյուղը կրակի տակ պահող ադրբեջանական առաջապահ այդ դիրքերը խոցելու ու ճնշելու մեր հնարավորությունները:»,- նշվում է կայքում։

Արդեն երեկոյան «Factor.am» լրատվականը զրուցել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։  Հովհաննիսյանը նշել է, որ «Ճիշտ է հակառակորդի հետ շփման պայմաններում լիարժեք անվտանգ չի կարող լինել ոչ մի դիրք կամ բնակավայր, սակայն Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը, ինչն իր կողմից նախահարձակ լինելը դարձնում է անիմաստ»։

Այսպիսով, իշխանական շրջանակները զերծ չեն մնացել ապատեղեկատվության տարածումից։ Խոսքը վերաբերում է Չինարի գյուղին և գազատար խողովակի անվտանգությանը։ Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահը առաջիններից մեկն էր, որ տարածեց Չինարի գյուղի մասին ապատեղեկատվությունը՝ տևական ժամանակով չճշգրտելով լուրը, այնինչ վերջինիս աշխատակազմը պարտավոր էր իր ղեկավարին ապահովել ստույգ տեղեկատվությամբ և զերծ պահել մանիպուլյացիաներից։  Մյուս պաշտոնյաներին ևս խորհուրդ ենք տալիս օգտագործել օրենքով սահմանված իրենց լիազորությունները ճշգրիտ տեղեկատվություն ստանալու և տարածելու համար՝ հակառակորդի հնարավոր սադրանքներից խուսափելու համար։

Հարկ է նշել, որ ապատեղեկատվության տարածման հետ մեկտեղ իշխանական պաշտոնյաները և նրանց աջակիցները զինված ուժերի արձանագրած հաջողությունն օգտագործել են քարոզչական նպատակներով, մասնավորապես՝ հակառակորդի նկատմամբ ստացած առավելության դափնիները «նախկիններից» խլելու և ներկայիս իշխանությանը վերագրելու համար։ Մինչդեռ, ներկայիս իշխանությունների ներդրումն այս հաջողության մեջ գրեթե զրոյական է։ Դեռ երեկ իշխանական առաջամարտիկները քաղաքականապես ոչնչացնում էին Յուրի Խաչատուրովին, իսկ այսօր «հպարտանում են» նրա որդու ռազմական հաջողություններով՝ հաղթանակները վերագրելով իրենց։ Իշխանության համար շարքային գործիք դարձած մանիպուլյացիան կիրառվեց այս դեպքում ևս՝ նախորդ իշխանություններին վատաբանելու, ներկայիս իշխանության հզորությունը ցույց տալու համար։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն