Զոհրաբ Մնացականյանը Ուենդի Մորթնին ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

article-image

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ

Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:

Զրույցի առանցքում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր հսկողության տակ հայտնված ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների, քաղաքացիական բնակավայրերի և կենսապահովման ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման, կրոնական, մշակութային հաստատությունների հրետակոծման բազմաթիվ փաստերի վրա:

Մշտական քարտուղար Մորթնն իր խորին ցավակցությունը հայտնեց ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից նշյալ համաձայնությունների խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում վերջինիս անկարողությունը` հարգելու իր իսկ ստանձնած պարտավորությունները և հրաժարվելու հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման նկրտումներից: ԱԳ նախարարը խորը մտահոգությամբ հայտնեց, որ Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին փորձ է անում  տարածաշրջանային անվտանգության ապակայունացմամբ առաջ մղել իր ծավալապաշտական նպատակները:

Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն