Սեպտեմբերի 10-ին վաղ առավոտից «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը։
Աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերն ու կատարողականները։
Բողոքի ակցիայի ընթացքում աշխատակիցների հետ զրույցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը փոխանցում է այն փողերը, որոնք պետք է աշխատավարձ լինեն։ «Ես չգիտեմ, թե էդ փողերը ուր են գնում, համենայն դեպս, քաղաքապետարանը փոխանցում ա էն փողը, ինչի դիմաց դուք դուրս եք եկել, աշխատել եք, դրա դիմաց քաղաքապետարանը կոպեկ առ կոպեկ փոխանցում ա։ Քաղաքապետարանը ամսական մոտ 400-420 միլիոն պետք է փոխանցի «Սանիթեքին», բայց եթե «Սանիթեքը» անում է աշխատանքի 60 տոկոսը, ոչ թե 100 տոկոսը, փոխանցում ա 60 տոկոսը։ Շատ պարզ ա»։
Դրանից հետո Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով. «Սանիթեք ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքում էին, որ օգոստոսի աշխատավարձը չեն ստանում, որովհետեւ «քաղաքապետարանը Սանիթեքին փող չի փոխանցել»:
Հայտնում եմ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանը Սանիթեքին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին եւ ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները»:
Գրառմանը կից՝ խոսնակը ներկայացրել էր նաև տեղեկանք՝ քաղաքապետարանի կողմից «Սանիթեքին» հուլիսի 15-31-ը և օգոստոսի 1-15-ը արված փոխանցումների մասին։
«Սանիթեք» ընկերության մամլո խոսնակ Քնարիկ Առաքելյանը AntiFake.am-ի հետ զրույցում նշեց, որ Կարապետյանը հրապարակել է միայն հուլիս ամսվա երկրորդ կեսի և օգոստոս ամսվա առաջին կեսի տվյալներ, իսկ օգոստոսի երկրորդ կեսի տվյալները բացակայում են։ Առաքելյանը տեղեկացրեց, որ օգոստսի 1-15-ը ընկերությունը քաղաքապետարանից ստացել է 141 միլիոն 831 հազար 728 դրամ, իսկ երկրորդ կեսի համար, որը 15-ից 31-ն է, նրանց ընկերությունը որևէ փոխանցում չի ստացել։ «Սանիթեքի» կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել։
Առաքելյանը տեղեկացրեց նաև, որ ամեն ամսվա համար քաղաքապետարանը շուրջ 430 միլիոն դրամի փոխանցում է կատարում ընկերությանը, որը կատարվում է երկու կտորով՝ 1-15-ի համար և 16-30, 31: Ամսի 1-15-ի համար փոխանցումն արվել է, բայց քանի որ այդ գումարը փոխանցվել է ամսվա կեսին, «Սանիթեք» ընկերությունն այդ գումարը ծախսել է վառելիքի ձեռքբերման համար, այլ անհրաժեշտ պարագաների՝ համազգեստ, առօրյա ծախսեր, որոնք ընկերությունը ամեն օրվա կտրվածքով իրականացնում է, իսկ այն գումարները, որոնք պետք է տրամադրվեր աշխատավարձի համար, «Սանիթեքը» չի ստացել, այսինքն՝ 16-31-ի համար գումար չի ստացվել։ Փաստորեն ընկերությունը 430 միլիոնից ստացել է միայն 141 միլիոնը։
Առաքելյանը նշեց նաև, որ աշխատավարձերի ընդհանուր բյուջեն կազմում է 130 միլիոն դրամ։ «Եթե «Սանիտեքը» հատկացված գումարը հատկացներ աշխատավարձերի համար, ստացվում է, որ որևէ այլ ծախս չէր կարողանա անել։ Այսինքն, աշխատավարձային ֆոնդի գումարը մենք չենք ստացել քաղաքապետարանից», - հավելեց Առաքելյանը։
Քաղաքապետարանի մամլո խոսնակ Կարապետյանը մեր այն հարցին, թե ինչու տեղեկանքում չի հրապարակել օգոստոս ամսվա երկրորդ հատվածի հետ կապված տվյալներ, նշեց, որ տեղեկանքը հրապարակելու նպատակը եղել է քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անող աշխատակիցների այն հայտարարությունը, որ քաղաքապետարանը օգոստոս ամսին փոխանցում չի կատարել ընկերությանը, և տեղեկանքը հրապարակվել է ցույց տալու համար, որ օգոստոս ամսին քաղաքապետանը փոխանցում կատարել է ընկերությանը։
Մեզ հետ զրույցում Կարապետյանը նշեց նաև, որ քաղաքապետարանի պարտավորությունն է գումար փոխանցել ընկերությանը։ Իսկ թե ընկերությունը այդ գումարները ինչի համար կօգտագործի, դա վերահսկելը քաղաքապետարանի պարտավորությունների մեջ չի մտնում։ «Ավելի ճիշտ, «Սանիթեքի» դաշտում է իրեն փոխանցված գումարները կառավարելը», - հավելեց Կարապետյանը։
Կարապետյանը փոխանցեց նաև, որ ոչ միայն օգոստոսին, այլ նաև այլ ամիսներին քաղաքապետարանը մի շարք գրություններ է ստացել, այդ թվում ՄԻՊ-ից, որտեղ օմբուդսմենը մտահոգություն էր հայտնում «Սանիթեքի» աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված։
Մեր այն հարցին, թե ինչու Կարապետյանը չի հրապարակել նաև օգոստոսի երկրորդ կեսի փոխանցումները «Սանիթեքին», պատասխանեց, որ հրապարակել է այն, ինչ ձեռքի տակ է ընկել։
Մենք Կարապետյանին խնդրեցինք տեղեկացնել նաև, թե որքան գումար է փոխանցվել «Սանիթեքին» օգոստոսի 16-31-ի համար, սակայն Կարապետյանը նշեց, որ ձեռքի տակ չունի նման տվյալներ, այդ տվյալները կարող են տրամադրել գրավոր հարցման դեպքում։
AntiFake.am-ը գրավոր հարցում է ուղարկել քաղաքապետարանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե որքան գումար է հատկացրել Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը օգոստոսի 1-15-ը և 16-31-ը ժամանակահատվածի համար։ Տեղեկություն ենք հայցել նաև այն մասին, թե որքան պահում է կատարել քաղաքապետարանը նույն ժամանակահատվածի համար, և խնդրել ենք տրամադրել տեղեկությունները հիմնավորող փաստաթղթեր, սակայն մինչ այս պահը քաղաքապետարանից պատասխան չենք ստացել։
Անհրաժեշտ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակը թե՛ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ զրույցում և թե՛ իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ոչ թե օգոստոս ամսվա ամբողջական, այլ կիսատ տվյալներ, մասնավորապես, տվյալները վերաբերվել են օգոստոսի առաջին կեսին միայն, իսկ օգոստոսի երկրորդ կեսի տվյալները «ձեռքի տակ չլինելու» հիմնավորմամբ չեն ներկայացվել, և մեր հարցմանն էլ մինչ այս պահը պատասխան չի ստացվել։
Իսկ «Սանիթեք» ընկերության մամլո խոսնակի պնդումը, համաձայն որի՝ «Սանիթեք» ընկերությունը չի վճարել աշխատավարձերը, քանի որ դրանք պետք է վճարվեին օգոստոսի երկրորդ կեսի փոխանցումներով, մինչդեռ այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանից որևէ փոխանցում չի եղել, փաստում է այն մասին, որ Կարապետյանի կողմից աշխատակիցների հետ զրույցում և տեղեկանքում օգոստոսի երկրորդ կեսի փոխանցումների մասին տվյալներ չներկայացնելը «պատահականության» կամ «ձեռքի տակ չունենալու» պատճառով չէ։
Երևանի քաղաքապետարանից հարցման պատասխանը ստանալու դեպքում կանդրադառնանք այս հարցին։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան