Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային չսրել ղարաբաղյան հակամարտությունը

article-image

Թուրքիան և մի շարք այլ երկրներ պետք է ձեռնպահ մնան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրմանը նպաստող քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը Ֆրանսիայի հրեական համայնքի գլխավոր ռադիոկայանին՝ Radio GI-ին տված հարցազրույցում, հայտնում է ТАСС-ը։

«Ֆրանսիան ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հաշտեցման։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին այն հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահող, որին հաջողվել է հասնել ռազմական գործողությունների կասեցման։ Այժմ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի բանակցություններ սկսվեն կողմերի միջև, ինչպես նաև, որպեսզի որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն ղարաբաղյան հակամարտության կրակին յուղ լցնել, ինչպես դա տեղի է ունենում ներկայումս», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ Բոնը վճռականորեն մերժել է լրագրողների՝ ներկայիս իրադարձությունները 1915 թվականի հայոց ցեղասպանության հետ համեմատելու առաջարկը։ «Խուսափեք մոտավոր և չափազանցված համեմատություններից։ Բարեբախտաբար, ներկայումս ցեղասպանության իրավիճակ չէ, ինչպես 1915 թվականին էր», - ասել է Բոնը։ Դիվանագետը նաև նշել է. «Միանգամայն ակնհայտ է, որ օգտագործվում է ազգայնական գաղափարախոսությունը, բայց մենք չենք շարժվում դեպի այնպիսի ողբերգական իրավիճակ, ինչպես այն տարիներին էր։ [Ցեղասպանության] զոհերի նկատմամբ սաստիկ անարդարություն և պատմական սխալ կլինի այդ երկու իրադարձությունները համեմատելը»։

Պետքարտուղարն այս կապակցութմաբ հիշեցրել է, որ Ֆրանսիան ժամանակին ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը «ինչը հանգեցրել է Թուրքիայի հետ հարաբերությունների բարդացման». «Բայց մենք չէինք կարող հարգանքի տուրք չմատուցել զոհերի հիշատակին և անկեղծորեն ասել այն, ինչ տեղի է ունեցել», - հավելել է Բոնը։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն