Ռուսաստանը չի սատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման Թուրքիայի մոտեցումը. Լավրովի հարցազրույցը Աթենա-մակեդոնական լրատվական գործակալությանը

article-image

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 26-ին հարցազրույց է տվել Աթենա-մակեդոնական լրատվական գործակալությանը, որում անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին և այդ հարցում Թուրքիայի ներգրավվածությանը։ 

Մասնավորապես, հարցին, թե ինչպես է Ռուսաստանի արտգործնախարարը վերաբերվում Թուրքիայի ներգրավվածությանը Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին, Լավրովը պատասխանել է.

«Ռուսաստանը և Թուրքիան աշխատում են հակամարտությունների կարգավորման ուղղությամբ՝ Ձեր թվարկած լարվածության օջախներում։ Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ տարածաշրջանային մի շարք վիճահարույց հարցերի լուծման մեր մոտեցումները օբյեկտիվ պատճառներով կարող են զգալիորեն տարբերվել», - ասել է Լավրովը։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության մասին՝ Լավրովն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները։ Մենք չենք թաքցնում, որ չենք սատարում այս խնդրի ռազմական լուծման հնարավության և ընդունելիության վերաբերյալ մոտեցումը։ Երկու ժողովուրդներին՝ հայերին և ադրբեջանցիներին` համարելով բարեկամ և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման նկրտումները։ Բացառապես քաղաքական կարգավորման օգտին հստակորեն արտահայտվել են Ռուսաստանի, Ամերիկայի և Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարող համանախագահներ։ Հենց համանախագահների «եռյակն» է միջնորդության համընդհանուր ճանաչում ստացած ձևաչափը այս երկարյամյա հակամարտության լուծման շրջանակներում»։

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 10-ին 11 ժամ տևած խորհրդակցություններից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, «որը նախատեսում է հրադադարի ռեժիմ և հնարավորինս բովանդակային բանակցային գործընթացի վերսկսում»։

«Մեր թուրք գործընկերներին համոզում ենք այդ գիծը սատարելու համար իր ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարությունը», - նշել է Լավրովը՝ հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղի թեմայով մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ։

«Արտաքին բոլոր «ակտորներին» կոչ ենք անում ամեն ինչ անել ռազմական սցենարի հետագա զարգացումը կանխելու, կողմերի հույզերը սառեցնելու, խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար», - եզրափակել է դիվանագետը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն