ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության 1988 թվականի զեկույց. «Արցախը հայերինն է»

article-image

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ 1988 թվականի զեկույցից հատված, որտեղ նշվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության, տարածքի, Հայաստանի և հարևանների հետ ունեցած կապերի մասին: Նշվում էր նաև ադրբեջանցիների` հայերի վրա հարձակումների մասին:

Մի փոքր փնտրտուքից հետո հայտնաբերում ենք “Unrest in The Caucasus and The Challenges of Nationalism” («Անհնազանդություն Կովկասում և ազգայնականության մարտահրավերը») և “The Pan-Turanian Idea” («Համաթուրանականության գաղափարը») ԿՀՎ ծավալուն զեկույցները, որոնցից էլ բխում են Հայ դատի գրասենյակի հրապարակած հատվածները: 1988 թվականի հոկտեմբերին թվագրվող զեկույցում ամենայն մանրամասնությամբ տեղեկություններ են տրամադրվում հայ-ադրբեջանական հակամարտության/ թշնամության, մինչև խորհրդայնացումը պետությունների հարաբերությունների, Խորհրդային Միության տարիներին և 1988 թվականի տարեսկզբի զարգացումների մասին: Զեկույցը տեղեկություններ է տրամադրում Արցախի մասին՝ սկսած միջնադարից։ Զեկույցը գաղտնիության կարգավիճակից հանվել և հրապարակվել է դեռևս 2012 թվականին:

Զեկույցը ինքնին բավական ծավալուն ուսումնասիրության ենթակա աշխատություն է, այնուամենայնիվ, ներկայացնենք զեկույցից մի քանի դրվագ:

Հետաքրքիր նյութ է տրամադրվում Սումգայիթյան ողբերգության վերաբերյալ: Մասնավորապես նշվում է.

«Փետրվարի 27-ին խորհրդային բարձրաստիճան դատախազի Բաքվի ռադիոյով այն հայտարարությունը, որ երկու ազերի երիտասարդ է սպանվել Լեռնային Ղարաբաղին հարող «ռայոնում», ըստ երևույթին, անկարգություններ հրահրելու առիթ հանդիսացավ։ Ավելի ուշ, պաշտոնյաները հաստատեցին, որ բռնությունները, որ կատարվել են Սումգայիթում, իրականում ջարդ է եղել (pogrom) եղել` ղեկավարվելով ազերիների կողմից ընդդեմ քաղաքաի 16,000-20,000 հայերի դեմ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ զոհվել է 32 մարդ (26 հայեր և 6 ազերիներ) վիրավորվել է 197-ը, այդ թվում՝ ավելի քան 100 ոստիկան, խռովարարները 12 բռնաբարություն և ավելի քան 100 գողություն են կատարել, 80 մարդ ձերբակալվել է։ Հայկական այլախոհական աղբյուրները, ընդհակառակը, հաղորդում են մոտ 500, ներառյալ՝ մի քանի ռուս, սպանվածի մասին։

Հայերը, ում հետ կապվել են Սումգայիթում, և նրանք, որոնք հասել են Մոսկվա, պատմում են, որ  ազերի հրոսակախմբերը խուժել են քաղաք՝ հետապնդելով և սպանելով հայերին և նրանց պաշտպանող ազերիներին։ Փոքր խմբերը ներխուժում էին բնակարաններ և կանգնեցնում էին մեքենաները՝ պահանջելով բնակչից ներկայացնել փաստաթղթերը։ Եթե հայտնաբերվողը հայ էր, ապա նա դանակահարվում էր կամ ավելի վատ գործողությունների էր արժանանում։ Զգայական հողի վրա մարտի 8-ին Մոսկվայի հայկական եկեղեցու մոտ լացող տարեց մարդը պատմեց պատմել էր, որ  Սումգայիթի և հարակից գյուղերի իրենց համայնքի 300 հայ անդամները տեղափոխվել են մեծ պետական հաստատություններ, որոնք գտնվել են զորքերի պահպանության ներքո։ (…) Այս մեղադրանքներից մի մասի մասին, որոնք չէին հաղորդվում խորհրդային լրատվամիջոցներով, տեղյակ էին խորհրդային պաշտոնյաները»։

Զեկույցը պատմում է նաև 1988թ․ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման մասին․

«Լեռնային Ղարաբաղի պահանջը պարարտ հող գտավ Հայաստանում։ Երևանում գնալով թափ էին հավաքում հանրահավաքները մայրաքաղաքի մոտ նոր քիմիական գործարանի կառուցման կապակցությամբ,  «բնապահպանական ցեղասպանություն» մեղադրանքները արագորեն զուգակցվեցին պահանջով, որ «Ղարաբաղը մերն է»։

Երկրորդ զեկույցը, որի Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը իր թվիթերյան էջում տեղադրել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ներկայացնում է համաթուրանականության ամբողջ ճանապարհը․ պատմական և մշակութային հիմքերը, ճանապարհները, թուրքական և մոնղոլական պետությունները, տարածքային ընդգրկվածությունը և առանձին շրջանները՝ սրանց կից նաև արժեքավոր քարտեզներ։ Զեկույցը հրապարակվել է ավելի վաղ՝ 2005 թվականին։

Զեկույցում առանձին հատված է հատկացվում Կովկասին և մեր տարածաշրջանին, մասնավորապես` Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ, Վրացական ԽՍՀ, առանձին՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ, Աբխազական ԻՄ, Նախիջևանյան ԻՄ, Աջարական ԻՄ, Հարավօսական ԻՄ-ի, Իրանական Ադրբեջանի մասին։

Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցում մասնավորապես ասվում է․

« [Լեռնային Ղարաբաղի ԻՄ-ը] Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ է (շրջան), Ադրբեջանական ՍՍՀ-ի հարավարևմտյան մասն է, որը հիմնադրվել է 1923թ․, հայերով բնակեցված փակ տարածք է, որը ամբողջովին շրջապատված է թուրքերով բնակեցված տարածքներով։ Տարածաշրջանը, որը կազմում է 1,659 քառակուսի մղոն` 180,000 բնակչությամբ, բաժանված է 5 շրջանների, որտեղ կա 2 քաղաք և 129 գյուղ (կոլտնտեսություն)։ Բնակչության 89%-ը հայեր են, իսկ 10%-ը՝ ադրբեջանցիներ։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է, նախկին Խանքենդի՝ 5,500 բնակիչներով։»։

Մասնագիտական լուրջ շրջանակաների համար օգտակար աղբյուրներ հանդիսացող այս զեկույցները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի դեմ արդյունավետ տեղեկատվական և ոչ միայն, պայքար մղելու և առավելություն ստանալու նպատակով։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն