ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Ռուդոլֆ Ջիուլիանին հայտարարել է, որ չի մասնակցի Հայաստանում կայանալիք կոնֆերանսին, որին հավանաբար մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Washington Post-ի հետ զրույցում Ջուլիանին, տեղեկացնելով, որ չի մասնակցում Եվրասիական տնտեսական միության կողմից Երևանում կազմակերպվող «Եվրասիական մայրցամաքում տրանզիտային հնարավորությունը» միջազգային ֆորումին, նշել էր, որ «չգիտեի, որ նա [Վլադիմիր Պուտինը] գալու է»:
Նշվում է, որ Ջիուլիանին Երևանում Եվրասիական ֆորումի շրջանակներում մասնակցելու էր պանելային քննարկմանը, որը վարելու էր Ռուսաստանի նախագահի խորհրդական, ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Սերգեյ Գլյազևը:
Սակայն շատ լրատվականներ, այդ թվում նաև The New York Times-ը գրում են, որ Ջիուլիանին ավելի կարևոր գործեր ունի ԱՄՆ-ում, քանի որ դեմոկրատները պատրաստվում են Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել, և նա պետք է ավելի շատ ժամանակ անցկացնի ԱՄՆ նախագահի հետ:
Վերջին շաբաթվա ընթացքում ամերիկյան մեդիադաշտը ողողվել էր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններով, հավանական պատմություններիով և մեղադրանքներով: Թրամփի ընդդիմախոսները մեղադրում են վերջինիս այն բանում, որ ԱՄՆ նախագահը ստիպել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայում քննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա ընտանիքի հավանական կոռուպցիոն գործարքների գործը: Թրամփը, սակայն, ժխտում է բոլոր մեղադրանքները: Խոսակցություններ կան նաև այն մասին, որ հենց Ջիուլիանին է բանակցություններ վարել ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ Հանթեր Բայդենի գործը հետաքննելու համար:
Թեմայի շուրջ AntiFake.am-ը զրուցեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ: Ամերիկագետը չի կարծում, որ Ջիուլիանիի` ֆորումին չմասնակցելու որոշումը կապված է Վլադիմիր Պուտինի հետ: «Պատճառը ԱՄՆ-ի ներքին գործընթացներն են, սկանդալը, որի կենտրոնում հայտնվել է հենց ինքը` Ջուլիանին», - հավատացած է Սարգսյանը:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք դեմոկրատների գործունեությունը, մասնավորապես Ադամ Շիֆի ներկայությունը Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին ինչ-որ առնչություն կարող է ունենալ Ջիուլիանիի որոշման փոփոխության վրա, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ազդեցություն ունենա, բայց պետք է հաշվի առնել, որ, իրոք, Թրամփի և Ադամ Շիֆի հարաբերությունները շատ լարված են, և Ադամ Շիֆը հենց այն դրոշակակիրներից է իմպիչմենտի գործընթացների, որ սկսել են նախագահ Թրամփի դեմ: Ոչինչ բացառել պետք չէ»: Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ չի կարծում, թե Փաշինյանի և Ադամ Շիֆի լավ հարաբերությունները կխանգարեն Թրամփի հետ հարաբերություններ կառուցելուն:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին, մոտ աղբյուրների պնդմամբ՝ հրաժարական է տվել նաև Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը: Վոլքերի անունը նշվում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցին հետևած բողոքի մեջ: Նշվում է, որ հենց Վոլքերն է հանդիսացել Ջիուլիանիի և ուկրաինացի պաշտոնյաների միջև կապ հաստատողը:
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան