Ով է եղել Դավիթ Սանասարյանի հետ մեքենայում 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու ժամանակ

article-image

Analitik.am կայքը երեկ գրել էր, որ 2019 թ. սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին:

Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը` այն անվանելով «հերթական շառը», որից հետո կայքը հրապարակել էր տեսանյութ, որտեղ վրաերթի ենթարկված երեխայի ծնողը մանրամասներ էր ներկայացնում։

Տեսանյութի հրապարակումից ժամեր անց Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին հրապարակում էր արել, սակայն այս անգամ ոչ թե հերքել էր տեղի ունեցածը, այլ նշել, որ ինքը ոչ թե վրաերթի է ենթարկել երեխային, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է մեքենային և ընկել գետնին», ըստ էության հակասելով իր նախորդ հրապարակմանը, որում հերքել էր իր որևէ տեսակի առնչությունը մեծ աժիոտաժ առաջացրած միջադեպի հետ։

Միջադեպի որոշ հանգամանքներ մինչ այս պահը անհասկանալի են մնում, մասնավորապես, ինչպե՞ս է ստացվել, որ դեպքի առնչությամբ իրավապահ մարմիններին հաղորդում չի ներկայացվել և քրեական գործ չի հարուցվել, ինչպե՞ս է ստացվել, որ երեխան չի հաշվառվել հիվանդանոցում: Եվ ինչպես կարող էր բժիշկը օգնություն ցույց տալ «գոյություն չունեցած» հիվանդին: Ինչու՞ է «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկ Գևորգյանը պնդում, թե երեխայի մոտ «լուրջ վնասվածք չի եղել», այն դեպքում, երբ մեկ այլ բուժկենտրոնում երեխայի ոտքը գիսպի մեջ դնելու անհրաժեշտություն են տեսել:

Այս բոլոր հարցերից բացի մութ է մնում նաև մի հանգամանք, ինչն անուշադրության մատնվեց պատմության ամբողջ ընթացքում։

Երեխայի մայրը՝ Ալինա Ղևոնդյանը, Analitik.am-ի հետ զրույցում նշում է, որ Դավիթ Սանասարյանի կողքին միջադեպի ժամանակ եղել է Լուսինե անունով կին։ Տիկին Ալինայի փոխանցմամբ Լուսինեն Դավիթ Սանասարյանի օգնականն է։ «Երեխային հիվանդանոց տանելու ժամանակ իրենք երկուսով իրենց մեքենայի մեջ նստած էին։ Toyota Camry սև գույնի մեքենա էր, եթե չեմ սխալվում՝ 555-01 կամ 505 պետական համարներով»,-նշել է տիկին Ալինան։ Տիկին Ալինան նշում է նաև, որ հիվանդանոցում այդ կինը խոսում և արձագանքում էր Դավիթ Սանասարյանի փոխարեն։

AntiFake.am-ը պարզել է, թե ով է Լուսինե անունով կինը, ինչն արդեն իսկ եղած բազում հարցերին ավելացնում է մի շարք հարցեր։

Ինչպես արդեն նշեցինք, տիկին Ալինայի փոխանցմամբ Լուսինե անունով կինը Դավիթ Սանասարյանի օգնականն է։

Պետական վերահսկողական ծառայության կայքից տեղեկանում ենք, որ որպես Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական նշվում է Լուսինե Մաթևոսյանի անունը։

Լուսինե Մաթևոսյանը ՊՎԾ ղեկավարի օգնականի պաշտոնում եղել է դեռևս այն ժամանակ, երբ Դավիթ Սանասարյանը պաշտոնավարում էր ՊՎԾ ղեկավարի պաշտոնում։ Նշենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ից Դավիթ Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ ղեկավարի պաշտոնում կասեցված են քրեական գործի հարուցման և վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Փաստացի, Դավիթ Սանասարյանը՝ չլինելով ՊՎԾ ղեկավարի պաշտոնում, շարունակում է կապ պահպանել իր օգնական Լուսինե Մաթևոսյանի հետ և վերջինիս հետ հայտնվում է նմանատիպ «անախորժ» իրավիճակում՝ վրաերթի ենթարկելով 9-ամյա երեխայի, ինչպես նշում է տիկին Ալինան՝ «պետական համարներով մեքենայով»։

Հաշվի առնելով նաև Լուսինե Մաթևոսյանի վերաբերմունքը Դավիթ Սանասարյանի նկատմամբ, նրանց միասին լինելը ևս մի շարք հարցեր է առաջացնում։

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն