Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները ԼՂ հիմնախնդրի հարցում

article-image

Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 5-ին  Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ արված այն հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ», մեծ աժիոտաժ առաջացրեց ոչ միայն  հայաստանյան և արցախյան քաղաքական և հասարակական շրջանակներում, այլ նաև հարևան թշնամի պետությունում։ Ալիևը առաջին անգամ դրան անդրադարձավ հոկտեմբեր 4-ին Սոչիում կայացված «Վալդայ»  16-րդ ամենամյա նիստին, որտեղ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի` հնչեցրեց «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»  արտահայտությունը։

Հասկանալու համար վարչապետի արած հայտարարության լրջությունը և դրա հետևանքները` պետք է նախ հասկանանք, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում բանակցությունների սկսվելուց ի վեր ինչ թեզ են առաջ տարել հայկական կողմերը և ադրբեջանական կողմը։

Ինչպես գիտենք, հարևան թշնամի պետությունը արդեն 25 տարի է, ինչ առաջ է տանում այն թեզը, որ Ղարաբաղը ադրբեջանական պատմական տարածք է ,և Հայաստանը օկուպացրել է այն, այսինքն հակամարտության կողմ է համարվում ոչ թե Արցախը, այլ Հայաստանը, իսկ հայկական կողմը պնդում էր, որ Արցախը անկախ պետություն է, և Հայաստանը հանդիսանում է անկախ պետության ժողովրդի (հայերի) անվտանգության երաշխավոր, այսինքն` բանակցային գործընթացում ներկայացնում է Արցախը, բայց նրա փոխարեն որոշումներ չի կայացնում` առանց Արցախի իշխանությունների համաձայնության։

Ինչ է ստացվում. Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ  անում է մի շարք հակասական հայտարարություններ։ Սկզբում Փաշինյանը ասում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, և ինքը Արցախի անունից չի բանակցելու, այնուհետև բողոքում է, որ ժողովուրդը Արցախի հարցում որևէ լուծում չի առաջարկում, հետո, այնումենայնիվ, առանց Արցախի իշխանությունների համաձայնության` Ալիևի հետ քննարկում է ԼՂ հիմնախնդրի լուծման տարբերակներ, այսինքն բանակցում է Արցախի անունից, իսկ վերջում հայտարարում, որ Արցախը Հայաստան է և վերջ։

Այսինքն ստացվում է այնպես, որ ադրբեջանական 25 տարվա այն թեզը, որ Հայաստանը հակամարտության կողմ է և օկուպացրել է ադրբեջանական տարածքներ, Փաշինյանը անուղղակիորեն հաստատում է և հնարավորություն է տալիս Ալիևին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել` հղում անելով ՀՀ վարչապետին, և պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա, որպես իր՝ տարածքային ամբողջականությունը խախտած հակամարտության կողմ։ Ի դեպ, այս հարցին անդրադարձել  է նաև ադրբեջանական AZE.az լրատվամիջոցը։

Բնական է, որ այս պարագայում, ի տարբերություն 2016-ի ապրիլյան պատերազմի, Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ վերսկսելը արդարացված կլինի միջազգային հանրության կողմից։ Այն, որ Արցախը պատմական Հայաստանի մի մասն է, դա բոլորիս համար ակնհայտ է, սակայն անել տվյալ արտահայտությունը ներքին լսարանի համար, իսկ բանակցային գործընթացում անել և ասել այլ բան, ավելի կոնկրետ՝ դրա հակառակը, առաջին հերթին խոսում է իշխանությունների՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ոչ հստակ քաղաքականություն ունենալու կամ առհասարակ դրա բացակայության մասին։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն