Օրեր առաջ լրացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ AntiFake.am-ը պարբերաբար հրապարակելու է Հայկ Մարությանի կողմից տրված նախընտրական խոստումները և ներկայացնելու, թե դրանք կատարման որ փուլում են գտնվում, կամ արդյոք դրանք կատարվել են, թե ոչ: Նախորդ հրապարակումներով անդրադարձել էինք հանրաքվեի ինստիտուտի ներդրմանը և տրանսպորտային բարեփոխումներին: Այս հրապարակմամբ կանդրադառնանք մեկ այլ նախընտրական կետի։
Նոր տրանսպորտային ցանցի ներդրումից բացի` Հայկ Մարությանն իր նախընտրական ծրագրում ներառել էր նաև մետրոյի նոր կայարանների կառուցման խոստումը, համաձան որի՝ պետք է կառուցվեր մետրոյի առնվազն մեկ կայարան: Մետրոյի նոր կայարանները պետք է կառուցվեին Աջափնյակում՝ Թումոյի մոտ։ Մարությանի խոսքերով՝ Խորհրդային տարիներին այդ տարածքում նոր կայարանի կառուցման աշխատանքներ են տարվել, և աշխատանքները մոտ 30%-ով կատարված են, սակայն խնամքի բացակայության պայմաններում եղել են փլուզման գործընթացներ, և ամեն կերպ պետք է վերականգնել կատարված աշխատանքը։
► Հայկ Մարությանի նախընտրական խոստումների հետքերով. ՄԱՍ 1: Կատարվե՞լ է արդյոք հանրաքվեի ներդրման ինստիտուտի խոստումը
► Հայկ Մարությանի նախընտրական խոստումների հետքերով. ՄԱՍ 2: Ի՞նչ փուլում է գտնվում տրանսպորտային բարեփոխումների ծրագիրը
Ըստ Մարությանի՝ մետրոյի նոր կայարանների 1 կմ կառուցման գինը տատանվում է 50-100 մլն դոլարի սահմաններում, և չնայած գումարի մեծ չափին` Մարությանը վստահ էր, որ ծրագրի իրականացման համար կարողանալու է գտնել այդ գումարը: Շարունակելով խոսել Խորհրդային տարիների մասին՝ Մարությանը հիշեց ամենաօգտագործվող կայարաններից մեկի՝ Գործարանային կայարանի մասին։
Մարությանի խոսքերով՝ Գործարանային կայարանը այսօր գրեթե չի օգտագործվում, քանի որ շատ գործարաններ փակվել են, և մարդիկ չեն օգտվում այդ կայարանից։ Որպես լուծում` Մարությանը խոստանում էր ուսումնասիրել Գործարանային մետրոյի հարակից տարածքները և փորձել այնտեղ ստեղծել բիզնես կենտրոններ, ուսման կենտրոններ, ընդհուպ մինչև բազմաբնակարանային շենքերի կառուցում և ունենալ ևս մեկ մետրոյի կայարան, որն արդեն կա։
Արդեն 2019թ․ փետրվարին Քաղաքապետարանի կայքում հրապարակում եղավ այն մասին, որ մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ, և քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին։ Հրապարակման մեջ նշված է Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին, որի համար քաղաքային իշխանությունները նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշել է. «Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր և բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի և նոր կայարանի կառուցումը․․․ Կլինենք շատ զգույշ, կլինենք բավականին խիստ, որովհետև ծրագիրը շատ լուրջ է և շատ կարևոր երևանցիների համար: Մոտեցումը կա, մշակված ծրագիրը կա, սկսում ենք աշխատել»։
Իսկ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է․ «Մետրոյի նոր կայարանի շինարարության աշխատանքը պետք է սկսվի մետրոյից, նոր միայն ավարտվի բիզնես մոդելով: Այս սկզբունքը դրված է, հստակ է բոլոր մեր հնարավոր ներդրողների հետ բանակցություններում․․․ Հասել ենք այն փուլին, երբ կարող ենք ընտրություն անել արդեն իսկ մետրոյի շինարարության ներդրման ծավալների, դրանց որակի, արդյունավետության և ժամկետների մեջ»։
««Բարեկամությունից» «Աջափնյակ». Երևանի գլխավոր ճարտարապետի սեղանին երկու կոնցեպտ է դրված:
Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կանցնի 525մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի:
Երկար ժամանակ ցանկանալուց ու տևական քննարկումներից հետո սպասված նախագիծն ի վերջո կյանքի կկոչվի՝ ավելի հարմար դարձնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի անվտանգ երթևեկը»․ նշված է հրապարակման մեջ։
Ուստի, պետք է փաստենք, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում աշխատանքներ է տարել մետրոյի նոր կայարանների կառուցման համար, սակայն այդ աշխատանքներն առայժմ «թղթի վրա» են և գործնական տեսք չեն ստացել։
Հոդվածի ռուսերեն տարբերակը:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան