Մեղրիի և Գորիսի համայնքապետերը կոչ են անում շարունակել կամավորագրումը և պատրաստ լինել ինքնապաշտպանության

article-image

Մինչ հակասական լուրեր են գալիս Հայաստանի հարավային դարպասներից, և դեռևս պարզ չէ, թե ինչ է կատարվում Սյունիքի մարզի սահմաններին, Գորիսի և Մեղրիի քաղաքապետերը պատրաստվում են ինքնապաշտպանության:

«Հրապարակ» թերթի հետ զրույցում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, որը մասնակցել է Արցախյան պատերազմին և վիրավորվել, հայտնել է, որ իրենց մոտ «նոր սահման է առաջացել, նախկինում միայն Նախիջևանի հետ սահմանն էր պաշտպանվում, հիմա արդեն Զանգելանի կողմից էլ, Ագարակի գունդն է»:

Համայնքապետը նշում է, որ իրենց պատրաստվում են ինքնապաշտպանության: «Մեղրին արդեն երեք կողմից սահման ունի․ մեկն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մյուսը՝ Նախիջևանը, մյուս կողմը, ասեցի արդեն, Ադրբեջանի Հանրապետությունը, իմ կարծիքով՝ ճիշտ կլինի Մեղրիի համայնքը, ժողովուրդն էլ, համայնքապետարանն էլ, տեղական իշխանությունն էլ բացի օրվա խնդիրներից ուրիշ բանի մասին չմտածեն, որովհետև այնքան շատ են այդ խնդիրները։ Իսկ անհանգստությունը, Դուք ինչքա՞ն եք անհանգստացած, մայրաքաղաքում ինչքա՞ն են անհանգստացած, մի քանի անգամ ավելի մեզ մոտ է անհանգստությունը։ Առօրյան այդքան շատ չի թողնում, որ շեղվենք․ մենք պատրաստվում ենք ինքնապաշտպանության»,- ասել է Մխիթար Զաքարյանը:

Կամավորագրվելու գործընթացը շարունակելու կոչ է հնչեցրել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը նույնպես մասնակցել է Արցախյան պատերազմին:

«Սիրելի՛ գորիսեցիներ, այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ Մեր արյան մեջ է հպարտությունը և պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք և իմանանք, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անենք: Ուստի պետք է մեկ բռունցք դառնանք։ Թասիբով գորիսեցինե'ր, պատերազմի առաջին օրից միասնական ենք և պետք է պատվով շարունակենք, կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։ Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան»,- ասված է Առուշ Առուշանյանի կոչում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն