Նախկինում ուսանողական ցույցերը խրախուսող Արայիկ Հարությունյանն այսօր այդ երևույթը «անդաստիարակ պահվածք» է համարում

article-image

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից դժգոհությունները եղել են իր պաշտոնավարման ամենասկզբից։ Վերջինիս կայացրած որոշումներն ու գործողությունները մշտապես քննադատվել են ինչպես ուսանողների, այնպես էլ ուսուցիչների և դասախոսների կողմից։ Բոլորի հիշողության մեջ թարմ է, թե ինչպես նախարարը ստիպեց տնօրենին իր արտահայտած միտքը անգլերեն ձևակերպել։

Սա դեռ ամենը չէ, Հարությունյանն այնպիսի փոփոխություններ է նախաձեռնում իր ղեկավարած գերատեսչության տարբեր ուղղություններով, որոնք արժանում են հասարակական բուռն հակազդեցության։ Այս մասին խոսել ենք ««5 արժեք», որոնք գտնվում են Արայիկ Հարությունյանի թիրախում. Հայոց պատմություն, եկեղեցի, բանակ, մշակույթ, ընտանիք» հոդվածում։

Հասարակական դժգոհություն առաջացրած գործողություններից մեկն էլ հայագիտական առարկաները բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու օրինագծի ներկայացումն է, որի դեմ արդեն մի քանի օր է ուսանողական ցույցեր են կազմակերպվում։ Բողոքի ակցիաների նախաձեռնողներն են Երևանի պետական համալսարանի ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական կառույցը, որոնք երեկվանից նստացույց են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանց միացել են նաև այլ համալսարանների ուսանողներ և դասախոսներ, ուսանողական միություններ։

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից իր հրաժարականի պահանջին` Արայիկ Հարությունյանն ասել է. «Ես պատրաստ եմ հրաժարական ներկայացնել այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում»:

«Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, իրենց պահանջները լսել, բացատրել, բայց ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպել և դնել, պարզապես քաղաքական ակցիաներ են իրականացնում»,- նշեց նախարարը:

Հարությունյանն անդրադարձավ նաև նախորդ օրը ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ տեղի ունեցած ակցիային, որի ժամանակ ՀՅԴ ուսանողները արկղեր էին տեղադրել մուտքի մոտ՝ նշելով, որ օգնում են Արայիկ Հարությունյանին հավաքել իրերը։ Նախարարը նշեց, որ պատրաստվում է այդ արկղերը լցնել քրեական գործերով և հետ ուղարկել։

«Այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է «Դաշնակցությունը», պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»,- մեկնաբանեց Հարությունյանը` նշելով, որ Հայաստանից դուրս եղած դաշնակցականները շատ ադեկվատ են, պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չի տեսնում:

Նախարարը նաև իր ֆեյսբուքյան էջում է կիսել իր այս հայտարարությունը.

Հարությունյանն ակնհայտորեն մանիպուլացնում է իրավիճակը, քանի որ բողոքի ընթացիկ ցույցերին մասնակցում են ոչ միայն ՀՅԴ երիտասարդները, այլ նաև ԵՊՀ բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ, որոնց արարքը Հարությունյանը համարում է քաղաքական բնույթ ունեցող և այն որպես «անդաստիարակ պահվածք» որակում։

Հետաքրքիր է, որ այս արտահայտություններն անում է այն անձը, ով, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 2018 թվականի իշխանափոխության գործընթացներին ակտիվորեն ներգրավում էր ուսանողների և դասախոսների, որոնք փողոցներում ոչ պատշաճ քաղաքական բնույթի կոչերով ու արտահայտություններով մասնակցում էին քայլերթերին։

Փաստորեն նման պահվածքն իրենց թույլատրելի էր, իսկ հիմա ուսանողների փաստարկված բողոքը, ըստ Արայիկ Հարությունյանի, քաղաքական է և անդաստիարակ պահվածք։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն