Նրա եռանդը, նպատակասլացությունը կյանքի հանդեպ ունեցած սերն էր. Ընկերները՝ ԵՊԲՀ ուսանող Արթուր Պողոսյանի մասին

article-image

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է Արցախյան պատերազմում զոհված Արթուր Պողոսյանին:

«ԵՊԲՀ-ում ուսումնառություն ստացած Արթուր Պողոսյանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի զոհերից է: Արցախի հարավային հատվածում շուրջ մեկ ամիս պայքարելով թշնամու հարձակումների և հրետանակոծությունների դեմ՝ Արթուրը և իր զինակից ընկերները քաջաբար զոհվեցին հանուն հայրենիքի՝ հավերժ մնալով մեր հիշողությունների մեջ:

Արթուր Պողոսյանը ծնվել է 1997թ. հունիսի 5-ին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո 2015թ.-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2019թ.-ի ամռանը զորակոչվել է բանակ՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու:

«Արթուրի եռանդը, նպատակասլացությունը կյանքի հանդեպ ունեցած սերն էր: Նա երկու քույրերի միակ եղբայրն էր: Դեռ մանուկ հասակից շատ էր սիրում ֆուտբոլ, բայց որոշել էր, որ կատարելու է պապիկի երազանքը՝ բժիշկ է դառնալու: Խելացի, աշխատասեր, պարտաճանաչ մարդ էր: Շրջապատում մեծ հարգանք ու սեր էր վայելում: Մանթաշցի Արթուր Պողոսյանը 2020թ.-ի հոկտեմբերի 31-ին ձուլվեց հայրենիքին, հիմա նրանք անբաժան են, իրար գրկում հավերժացել են»,- ասում է Արթուրի ընկերը՝ Դավիթ Հարությունյանը:

Մեր օրերի հերոսը սիրում էր կարդալ ու ստեղծագործել: Իր մայրիկի ծննդյան օրը` օգոստոսի 18-ին, նրան նվիրել է այս տողերը.

Զինվորի մայրը

Լսի՛ր այս խոսքս զինակից ընկեր,

Գովերգիր մորը հայոց զինվորի,

Նրա հասցեին ասա ջերմ խոսքեր,

Որ նրա դեմքին ժպիտ հայտնվի:

Զինվորի մայրը զորավիգ է շատ,

Քանզի անդադար աղոթք է անում,

Որ տերը պահի իր մինուճարին,

Մայրը զորեղ է, նա չի թուլանում:

Թե որդին տխրի մայրը դա կզգա,

Եվ իր աղոթքով որդուն ուժ կտա,

Ահա թե ինչու է մայրը սուրբ կոչվում,

Մայրը տաճար է, որ չի փլուզվում:

Մայրը, թե գտնի իր որդուն մեռած,

Կամ ուրիշի կողմից հալածված,

Կբնաջնջի ոսոխին նշված,

Մայրը վահան է, որը չի հանձնվում:

Մայրը պաշտպան է իր տան օջախի,

Մոր հետ լինելիս ոչ ոք չի վախի,

Մոր հետ զավակը անդորր է գտնում,

Մայրը զինվոր է, նա չի հանձնվում:

Եվ բարձրայլ Աստծո լույսով պարուրված,

Մայրը կանթեղ է տան մեջ հիշեցնում:

Եկեղեցի է այդ տունն օրհնված,

Մայրը սուրբ է, նա չի խավարում:

Կյանքի վերջում իր մոտ կկանչի,

Եվ թաց աչքերով հրաժեշտ կտա,

Բայց մեր սրտերում նա հավերժ կապրի,

Մայրը Աստված է, նա չի մահանում»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն