Ժողովրդավարություն․ հիմնական սկզբունքներն ու ինստիտուտները

article-image

«Հետհեղափոխական» Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները պարբերաբար նշել են Հայաստանում ժողովրդավարության կարևորության մասին, ընդհուպ մինչև ներկայացրել Հայաստանը որպես «ժողովրդավարության բաստիոն»։ «Քաղաքագիտական փաստերի ստուգման» բաժինը, ժողովրդավարական վարչակարգին ուղղված հոդվածների շարք սկսելով, նպատակ է ունենալու ներկայացնել ժողովրդավարության սկզբունքներն ու ինստիտուտները, դրանց իրականացման ու գործունեության արդյունավետությունը ՀՀ-ում, բացահայտել, թե արդյո՞ք Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, թե՞ պարզապես թերի ժողովրդավարություն ունեցող պետություն։

«Ժողովրդավարություն» եզրույթը առաջացել է Հին Հունաստանում, մասնավորապես` Աթենքի քաղաք-պետությունում մ․թ․ա 5-րդ դարում։ Ժողովրդավարությունը նշանակել է ժողովրդի իշխանություն, թեև սկզբնական շրջանում հույները օգտագործում էին այս եզրույթը աղքատների կամ զանգվածների իշխանությունը բնորոշելու համար։ Ներկայումս առավել տարածված է սահմանել ժողովրդավարությունը որպես վարչակարգի տեսակ, որը  ժողովրդի մեծամասնության իշխանությունն է` պաշտպանելով փոքրամասնության իրավունքները։ Ժողովրդավարական կառավարության հիմնումը նախ և առաջ բխում է մարդու իրավունքների, շահերի և բարեկեցության ապահովությունից։

Ժողովրդավորության հիմնական սկզբունքներից են՝

  • Հավասարություն։ Այս գաղափարը առաջին հերթին վերաբերում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությանը, քաղաքացիների ունեցած հնարավորություններրի հավասարազորությանը` անկախ էթնիկ, սեռական, կրոնական և այլ պատկանելիությունից։
  • Քաղաքացիների մասնակցությունը։ Ժողովրդական վարչակարգում քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին, այն է` որոշումների ընդունման գործընթացին, որը երկկողմանի գործընթաց է՝ հասարակություն-կառավարություն (bottom-up) և կառավարություն-հասարակություն (top-bottom)։
  • Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։ Ընտրությունների արդյունավետության համար հարկավոր է, որ դրանք լինեն պարբերական, ազատ և արդար։ 
  • Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը պետք է լինի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականությունը առաջնորդի կամ պաշտոնյաների հաշվետվողականությունն է իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում  թափանցիկության ապահովման միջոցով։
  • Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը ձգտում են մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանմանը, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում (1950թ․ Հռոմ)։

Ժողովրդավարական վարչակարգում որոշումների ընդունման գործընթացը լինում է երկու տեսակի՝ ուղիղ և ներկայացուցչական։ Ուղիղ ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները իրենք են մասնակցում քաղաքական որոշումների կայացման գործընթացին առանց միջնորդների ներգրավման։ Այս ձևի կիրառման վառ օրինակ է հանրաքվեի իրականացումը։ Ներկայացուցչական ժողովրդավարությունը առավել տարածված ձև է, որի ժամանակ քաղաքացիները ընտրում են ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են քաղաքական որոշումների կայացման գործընթացին՝ նպաստելով քաղաքացիների շահերի առաջխաղացմանը։

Ժողովրդավարության առանցքային ինստիտուտներն են օրենսդիր, գործադիր, դատական մարմինները և դրանց հստակ տարանջատվածությունը և անկախությունը։ Օրենսդիր մարմինը կատարում է ներկայացուցչական, օրենքների ու նախագծերի մշակման գործառույթ։ Գործադիր մարմինը պատասխանատու է օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքների ու նախագծերի կիրառման համար, ապահովում է սահմանադրականություն։ Դատական մարմինը իրականացնում է արդարադատություն, լուծում իրավական վեճեր՝ ղեկավարվելով օրենքներով։ Օրենսդիրը, գործադիրն ու դատականը՝ իշխանության ճյուղերն են, որոնց արդյունավետ գործունեությունը երաշխավորում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, այն է՝ հնարավորություն է տալիս միմյանց վերահսկելու ու փոխլրացնելու՝ կանխելով ուղղակի միջամտությունը։ Իշխանության չորրորդ ճյուղ են համարվում լրատվամիջոցները, որոնք նույնպես կարևոր բաղադրիչ են ժողովրդավարական վարչակարգում բազմակարծություն ապահովելու հարցում։

Ժողովրդավարական վարչակարգերը լինում են տարբեր տեսակների, որոնք դասվում են երկու հիմնական խմբում՝ թերի ժողովրդավարություն ու կայացած կամ լիարժեք ժողովրդավարություն։ Ժողովրդավարության կայացվածությունը որոշվում է ժողովրդավարական սկզբունքների լիարժեք գործածման, ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործունեության, ինչպես նաև ժողովրդավարության կայացմանն ուղղված ոլորտների ապահովման միջոցով։ Ժողովրդավարության կայացման հինգ ոլորտներն են՝  օրենքի գերակայությունը, պետական կառավարման համակարգը, քաղաքական հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը, ինստիտուցիոնալացված տնտեսական հասարակությունը։

«Քաղաքագիտական փաստերի ստուգման» բաժնի հաջորդ հոդվածներում վերոնշյալ տեսական նյութը կներկայացվի «հետհեղափոխական» Հայաստանում գրանցված գործնական օրինակներով ու փաստերով, այն է՝ կներկայացվեն, թե որքանով են ժողովորդավարության սկզբունքները արմատացած ՀՀ-ում, ինչպես են գործում ժողովրդավարական ինստիտուտները, արդյո՞ք առկա են ժողովրդավարության կայացման ոլորտների առողջ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

 

Աղբյուրներ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն