Կողմնակալություն և բացահայտ ծաղր ընդդիմադիրների նկատմամբ Հ1-ի կողմից

article-image

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական-քաղաքական միավորիչ հավաքը, որին մասնակցում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Մասնակիցները հանդես եկան ելույթներով, որտեղ քննարկում էին Հայաստանի ներկայիս իրադրությունը, հանդես գալիս քննադատություններով:

«Վերնատուն» հավաքը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից: Սակայն կարելի է նկատել, որ Հանրային հեռուստաընկերությունը բացահայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել միջոցառման լուսաբանման հարցում. «Լուրերի» ֆեյսբուքյան էջում կարող ենք տեսնել մի քանի վայրկյան տևող, ոչինչ չասող հոլովակ:

Ավելի ուշ նաև հրապարակվեց «Չքաղաքականացնե’լ. Օրվա ծաղրանկարը» վերտառությամբ ծաղրանկար, որտեղ բացահայտ ծաղր կար միջոցառմանը մասնակից հասարակական և քաղաքական գործիչների նկատմամբ:

Ծաղրանկարը նաև տեղ է գտել հանրային միջոցներով ֆինանսավորվող լրատվական ծառայության պաշտոնական կայքի գլխագրում:

Ծաղրանկարը այնքան է դուր եկել Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանին, որ վերջինս իր էջում կիսվել է նկարով:

Փաստենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավարությունը նման ծաղրանկարներ է հրապարակում: Նախօրեին «Լուրեր» ֆեյսբուքյան էջում էր հայտնվել նաև Վարդան Ղուկասյանին վերաբերվող ծաղրանկար, որը նույնպես տեղ էր գտել Պետրոս Ղազարյանի էջում: Հ1-ը փաստորեն անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված «Գյումրին թալանելու» մասին ակնարկներին:

Հարկ ենք համարում Հանրային հեռուստաընկերությանը հիշեցնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և օրենքով սահմանված օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքների պահպանման պարտավորությունը:

Հանրային հեռուստատեսությունը շարունակում է իր «լավագույն ավանդույթները»՝ հանրությանը մատուցելով կողմնակալ, ոչ օբյեկտիվ և միակողմանի տեղեկատվություն` ներկայացնելով միայն իշխանություններին ձեռնտու դիրքորոշումները և անտեսելով դրանցից տարբերվող տեսակետները՝ կատարելով իշխանության քարոզչամեքենայի ֆունկցիա, ինչը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի խախտում է։

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն