Այսօր` լուրերի հերթական` ժամը 14:00-ին թողարկման ընթացքում, ներկայացնելով օրվա լուրերի խրոնիկան` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող - մեկնաբան Կարլեն Ասլանյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործով ընթացող դատական նիստին, նշում է. «Այս րոպեներին մեկնարկում է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Բանակից թալանի մեջ մեղադրվող գեներալը արդեն բերվել է դատարան»:
«Ազատություն» ռադիոկայանը, որը աչքի է ընկնում առանձին թեմաների առնչությամբ բացահայտ կողմնակալությամբ, սուտ և բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, այլապես անհասկանալի է լրատվականի կողմից նշվող Մանվել Գրիգորյանի` «բանակից թալանի մեջ մեղադրվելու» հանգամանքը:
Հարկ է, որ լայն լսարան ունեցող լրատվականները աշխատեն փաստերը ներկայացնել այնպես, ինչպես իրականությունն է:
Datalex.am դատական տեղեկատվական կայքից կարող ենք ծանոթանալ այն քրեական գործին, որով որպես մեղադրյալ ներգրավված են Մանվել Գրիգորյանը և Նազիկ Ամիրյանը: Մեղադրական եզրակացությունն է. «Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ <<Զենքի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։»
Ուստի «Ազատություն» ռադիոկայանի կողմից օգտագործվող արտահայտությունները տեղին չեն և կոպտորեն խախտում են լրագրողական էթիկան, իսկ լրատվականի լրագրողները խոսում են իշխանություններին, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանին բնորոշ բառապաշարով:
Հեղինակ` Մելինե Հայրապետյան