Արայիկ Հարությունյանի անպատասխանատու և անհետևանք հայտարարությունները «Այբ»-ի և «Արարատյան բակալավրիատի» վերաբերյալ

article-image

Դեռևս 2018թ. մայիսին նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոսել էր կառավարության կողմից ֆինանսավորվող որոշ ուսումնական նախագծերի  մասին և ասել, որ «Էլիտար» դպրոցներին ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հանդիսանում է Այբ-ի համահիմնադիրներից մեկը և հոգաբարձուների խորհրդի նախագահը, «Այբ» կրթական հիմնադրամը հայտարարություն էր տարածել` նշելով, որ եթե Հարությունյանի «Էլիտար» դպրոցի ակնարկը վերաբերվում էր «Այբ» դպրոցին, ապա այն որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել:

Նշենք, որ «Այբ» դպրոցը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է հիմնադրամի կարգավիճակով և կառուցվել է բարերարների միջոցով և ֆինանսական միջոցները հիմնականում հավաքվում են բարերարների միջոցով: Ուստի Հարությունյանի ակնարկը, որ «Այբ» դպրոցը ֆինանսավորվել է կառավարության կողմից, չի համապատասխանում իրականությանը:

Հաջորդիվ Հարությունյանը  ֆեյսբուքյան գրառում էր կատարել «Այբ»-ի մասին, նշելով, որ հանձնարարել է Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ կազմակերպել, որի արդյունքների մասին խոսելու է հետագայում: Նույն գրառմամբ, Արայիկ Հարությունյանը գրել էր, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից մեկն է:

Հարությունյանը չունենալով որևէ ապացույց այս գրառմամբ անուղղակի մեղադրանքներ էր հնչեցրել  Տեր  Մեսրոպի հասցեին, այդ ամենը հիմնավորելով վերջինիս ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական և,  ըստ էության, հոգևորական լինելու փաստով (կարող ենք հիշել Հարությունյանի վերաբերմունքը եկեղեցու և հոգևորականների նկատմամբ 1, 2):

Նշենք, որ Արարատյան բակալավրիատի ծրագիրը (ԿԳԱԾ- Կրթության գերազանցության ազգային ծրագիր)  համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և իր նպատակն է հռչակել վերափոխել դպրոցական կրթությունը Հայաստանում և ստեղծել միջազգայնորեն մրցունակ դպրոցական կրթական ծրագիր:

Բացի այդ, Հարությունյանը հանրությանը սխալ տեղեկատվություն էր տրամադրել՝ նշելով, թե Արարատյան բակալավրիատում հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ, այնինչ նախարարի հրամանով «Այբ» կրթական հիմնադրամում իրակացվելու էր «Կրթության գերազանցության ազգային ծրագրի»՝ Արարատյան Բակալավրիատի, նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրություն:

Արայիկ Հարությունյանը նշել էր, որ խնդիր կա Արարատյան բակալավրիատի, Տեր Մեսրոպի քաղաքական գործունեության հետ, և խնդիր կա «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրի հետ, որի իրականացման համար «Այբ»   հիմնադրամին պետական բյուջեից խոշոր հատկացումներ են եղել, որոնք, ըստ նախարարի  չունեցած ապացույցների պայմանավորված էին ՀՀ նախկին նախագահի կրթության հարցերով խորհրդական Տեր Մեսրոպի անձով: Հարությունյանը նաև խոսում էր  կրթական համակարգի կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին՝ խոստանալով կոռուպցիոն բացահայտումներ:

Նշենք, որ վերջինիս հայտարարությունները Արարատյան բակալավրիատի հրապարկման համաձայն երևակություն են, ոչ թե փաստ:

Պետք է նշել, որ ԱՅԲ-ում ամեն տարի աուդիտ այպես թե այնպես անցկացվում է, և ըստ էության, Հարությունյանի հանձնարարությունը ընդամենը 3-օրյա ստուգում էր, որը որևէ բովանդակային մաս չէր պարունակել, իրականացվել էին  ֆինանսական ուսումնասիրություններ, որին պաշտոնական եզրակացություն չէր տրվել Հարությունյանի հայտարարությունից շուրջ 6 ամիս անց, չնայած այն հանգամանքին, որ նախարարը 2018թ. հունիսին ասել էր, որ ֆինանսական աուդիտի (տվյալ դեպքում ուսումնասիրությունների) արդյունքները մի քանի օրվա ընթացքում են պատրաստ լինելու:

Ստեղծված իրավիճակի արդյունքում ստորագրվել էր համաձայնագիր այն մասին, որ ԿԳՆ-ն (ներկայումս ԿԳՄՍՆ) և «Այբ»-ը պարտք ու պահանջ չունեն, ծրագրի շրջանակում կատարված ծախսերը եղել են նպատակային, իսկ «Այբ» կրթական հիմնադրամը և ԿԳ նախարարության միջև Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման շրջանակում համագործակցությունը դադարեցվել էր: Բացի այդ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ուսումնասիրել ծրագրի բովանդակային մասը, որի վերջնաժամկետ էր սահմանվել նույն թվականի նոյեմբերի 30-ը, որի վերաբերյալ մամլո հաղորդագրություն է տարածվել միայն 2018 թ. դեկտեմբերի 27-ին, որը սակայն վերջնական զեկույցը չէ: Թեև տվյալ հաղորդագրության մեջ առկա են արձանագրություններ որոշակի խախտումների մասին, սակայն Արայիկ Հարությունյանի կողմից հնչեցված մեղադրանքները սույն հաղորդագրությամբ չեն ապացուցվել, իսկ «Այբ»-ը չի ստացել որևէ պաշտոնական եզրակացություն:

Հետաքրքրական է Արայիկ Հարությունյանի պատասխանը լրագրողներին, համաձայն որի, նա վերջին շրջանում չի  հետևում «Այբ»-ի շուրջ ծավալվող գործընթացներին. «Ձեզ թվում ա ասենք ես քնում զարթնում եմ էդ թեմայով եմ զբաղվում…», հավաստիացնելով, որ ստուգումների արդյունքը հրապարակվելու են: Հաշվի առնելով այն հանագամանքը, որ լրագրողների հետ տվյալ զրույցը կայացել է 2019թ. փետրվարին, մարտին ևս հավաստիացումներ են եղել, որ առաջիկայում հրապարակվելու են ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունը ինչը խոստանում են անել դեռևս անցած տարվա մայիս-հունիս ամիսներից, իսկ հիմա նոյեմբերն է, ապա ստացվում է, որ շուրջ 1,5 տարի է տվյալ ստուգումների մասին տեղեկատվություն առկա չէ և Հարությունյանը չունենալով իր ոչ հավաստի հայտարությունների ապացույցը, ներեղություն չի խնդրել և/կամ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, որը կհքեր իր որակումները Այբ-ի, Արարատյան Բակալավրիատի և Տեր Մեսրոպի հասցեին:

Հատկանշական է, որ Արարատյան բակալավրիատի և  Տեր Մեսրոպի  հետ ունեցած խնդիրների առկայության մասին Հարությունյանը խոսել էր դեռևս դեռևս 2017թ. (այս ընթացքում Հարությունյանը չէր զբաղեցնում ԿԳ նախարարի պաշտոնոնը), երբ մասնակցում էր «Այբ» դպրոցի երրորդ մասնաշենքի բացման արարողությունը: Հարությունյանի՝ Տեր Մեսրոպի հանդեպ ունեցած «զգացմունքները» բացատրվում են նրա վերաբերմունքով եկեղեցու նկատմամբ:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Արայիկ Հարությունյանը ստանալով ԿԳ նախարարի պաշտոնը իր անձնական և քաղաքական խնդիրները (պայմանավորված իր վերաբերմունքով առ եկեղեցի, հոգևորականներ-կրթություն, առ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան) բերել է կրթական ոլորտ, որն արտահայտվել է Տեր Մեսրոպի հանդեպ նրա ցուցաբերած վերաբերմունքով:

Իսկ 1,5 տարուց ավել արվող հավաստիացումները այն մասին, որ շուտով կհրապարակվեն կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ հուշում են այն մասին, որ Արայիկ Հարությունյանը արել է պոպուլիստական հայտարարություններ և չունենալով իր հայտարարությունների ապացույցները երկարաձգում է «սխալ դուրս գալու» գործընթացը:

Հոդվածի անգլերեն տարբերակը.

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն