Հակասություն՝ ՊՆ-ի ու «Երևան Սիթի»-ի հերքումներում. AntiFake.am-ը սպասում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության պարզաբանմանը

article-image

Երեկ AntiFake.am-ի տրամադրության տակ տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես են օտարազգի չորս քաղաքացիներ գնումներ կատարում Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետից ՀՀ պաշտպանության նախարարության և ռազմական ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Սուպերմարկետի դրսից և ներսից նույնպես հսկողություն է եղել։ Աղբյուրի պնդմամբ՝ քաղաքացիները ազգությամբ ադրբեջանցիներ էին։

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը մի շարք լրատվականների հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը՝ պարզաբանելով, որ օտարազգի քաղաքացիները ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ, որոնք աշխատանքային այցով գտնվում են Հայաստանում։ Նրանց ուղեկցել են ՌՈ ծառայողները։

Տեղեկությանն անդրադարձել է նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը։ Հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ համացանցում պտտվող լուրերը, թե իբր Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի Կոմիտաս 60/2 մասնաճյուղում ադրբեջանցի քաղաքացիները գնումներ են կատարել, սուտ է, հաճախորդները եղել են Պարսկաստանի դեսպանատան աշխատակիցներ»։ Նշված հայտարարությունն իր ինստագրամյան ալիքում տարածել է նաև գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով ղեկավարում է ընտանեկան բիզնեսը և հանդիսանում «Սիթի» ՍՊԸ բաժնետեր։

 

 

Ինչպես կարելի է նկատել, առկա է հակասություն Պաշտպանության նախարարության և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տարածած պարզաբանումներում։ Մի դեպքում ՊՆ-ն նշում է, որ գնումներ անողները եղել են Իրանի Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ, մյուս դեպքում «Երևան Սիթի»-ն հայտարարում է, որ նշված անձինք Իրանի դեսպանատան աշխատակիցներ են։ 

Հաշվի առնելով այն, որ նախկինում AntiFake.am-ը բազմաթիվ հարցերով դիմել է Պաշտպանության նախարարությանը և ստացել հակասական, իսկ երբեմն նաև՝ սուտ պատասխաններ, ինչպես, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածում նրա` արձակուրդում գտնվելու հանգամանքների առնչությամբ, ինչպես նաև հաշվի առնելով տարածվող պարզաբանումներում առկա հակասությունները, երեկ տարածված տեղեկության հավաստիությունը պարզելու նպատակով AntiFake.am-ը գրավոր հարցմամբ դիմել է Հայաստանի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն։ Խնդրել ենք տեղեկություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Իրանի զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչները հունվարի 13-ի դրությամբ գտնվել են Երևանում։ Խնդրել ենք նաև հաստատել կամ հերքել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված պարզաբանումը։ Հարցման պատասխանն ստանալուն պես կհրապարակենք այն։

Աղբյուր՝ AntiFake.am     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն