Պաշտոնական Երևանն այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ու հայ զինծառայողի վիրավորման դեպքը

article-image

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հունվարի 13-ին հայտնեց, որ նշված օրը «ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:

Այս դեպքը 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը հաստատված հրադադարի՝ ՊԲ կողմից հայտարարված մեզ հայտնի առաջին խախտումն էր, որի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել: Մինչ այդ էլ տարբեր օրերին ադրբեջանական ուժերը, հրադադարը խախտելով, Շուշիից կամ այլ վայրերից օդ են կրակել, կրակել են նաև հայկական դիրքերի ուղղությամբ:

Հրադադարի խախտման վերաբերյալ հայտարարություն տարածեց նաև արցախի արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակել որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը` նշելով, որ սա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է:

Հայաստանի Հանրապետության պետական շրջանակներից` ՀՀ Կառավարությունից, ՀՀ ԱԳՆ-ից և մյուս պետական կառույցներից, սակայն, այդպես էլ հրադադարի խախտման վերաբերյալ պաշտոնական արձագանք չեղավ:

Հատկանշական է, որ հունվարի 13-ին Արցախում հրադադարի խախտման դեպքի գրանցումից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման համատեքստում «տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը»:  Նույն օրը տեղի ունեցած դեպքը չի ներառվել քննարկման շրջանակներում:

Հունվարի 14-ին, երբ ԱԳՆ Արա Այվազյանը Ազգային ժողովում հանդիպում էր ունենում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, իր ելույթում նշել է. «Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող։ Արցախի Պաշտպանության բանակը և Արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները։ Մենք ամբողջովին կիսում ենք այս հայտարարություններում առկա գնահատականը, և որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով»:

Սա ՀՀ պետական շրջանակներից հնչած միակ անդրադարձն է տեղի ունեցած դեպքին:

Կարելի է եզրակացնել, որ Ալիևը կարողացել է Փաշինյանից խոստում ստանալ նաև այս առումով, որ պետական կառույցները չեն արձագանքելու հրադադարի շարունակական և բազմաբնույթ խախտումներին:

 

Աղբյուր՝ AntiFake.am​​

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն