Սերգեյ Լավրովի հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին լուծում չտալը ներկայիս իշխանությունների անգործության ու ապիկարության հետևանքն է

article-image

Այսօր՝ հունվարի 18-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի Դաշնությունը հայ գերիների ու անհետ կորածների վերադարձի հարցի ուղղությամբ, ասել է. «Առաջ ենք մղում գերիների փոխանակման «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը»:

Լավրովը վստահեցրել է, որ եռակողմ բոլոր շփումներում այդ հարցը քննարկվել է: ՌԴ արտգործնախարարի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ գերիների ու անհետ կորածների վերաբերյալ քննարկումներ է ունեցել, իսկ ինքը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում է անդրադարձել այդ խնդիրն: Լավրովը հավելել է, որ այդ ամենը երկարատև քննարկումների առարկա է եղել նաև այն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հունվարի 11-ին եկել են Ռուսաստանի Դաշնություն:

Խոսելով ադրբեջանական կողմի գերիների մասին` Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանը ձևավորել ու ներկայացրել էր այն մարդկանց ցուցակը, որոնք գտնվում էին գերության մեջ: 

«Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամադրեց, և այն այդքան զգալի չէր, և բոլորը՝ ոչ միանգամից, բայց վերադարձվեցին, այն անձինք, ովքեր հիշատակված էին ադրբեջանական ցուցակում: Այլ իրավիճակներ ադրբեջանական կողմում` կապված գերիների, անհետ կորածների հետ, չի առաջացել»,- հավելել է Լավորվը:

Հայ գերիների մասին խոսելով` Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ ամբողջական և ոչ միանգամից,  ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել այն անձանց փոխանակումը, որոնք մասնակից էին ռազմական գործողություններին նոյեմբերի 9-ի դրությամբ:  

«Ներկայումս գլխավորը հետևյալ հարցն է, որը ծագել է դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին հայ զինծառայողների մի մեծ խումբ, նորակոչիկներ, ինչպես ես եմ հասկանում, ուղարկվել էին այնտեղ, և նրանք ընկան գերության արդեն մեկ շաբաթ և տասն օր անց դեկտեմբերից: 62 մարդ, և ադրբեջանական կողմն այդ փուլում հայտարարեց, որ քանի որ այդ մարդիկ ուղարկվել են այդ շրջան հրադադար հայտարարելուց և ռազմական գործողությունները դադարեցնելուց  հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե մինչև նոյեմբերի 9-ին վերաբերող մասով»,- մանրամասնել է Լավրովը:

Ամփոփելով իր խոսքը, ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ նա և նախագահ Պուտինը իրենց գործընկերների հետ շփումներում շարունակում են աշխատել գերիների փոխանակման հարցի շուրջ՝ առաջնորդվելով «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով:

Ինչպիսի՞ հետևություններ պետք է անել Լավրովի հայտարարություններից հետո.

  1. Ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական կողմն ունեցել է զգալիորեն քիչ թվով գերիներ:
  2. Փաստացի, Ադրբեջանը Հայաստանում այլևս չունի այնպիսի գերիներ, որոնց ցանկանում է վերադարձնել՝ ինչը քիչ հավանական է, կամ էլ Հայաստանում այլևս ադրբեջանական գերիներ չկան, ու բոլորն արդեն վերադարձվել են: 
  3. Ադրբեջանական կողմի այն գերիների առկայությունը, որոնց Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել բացառելի է, քանի որ Ադրբեջան են ուղարկվել անգամ 2014թ. Շուշիի բանտում իրենց պատիժը կրող դիվերսանտ հանցագործներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը:
  4. Ռուսական կողմը հայկական կողմի գերիներին չի կարողացել ամբողջությամբ վերադարձնել, քանի որ Հայաստանի իշխանությունները գերիների ցուցակները կազմել և ներկայացրել են ոչ ամբողջական և ուշացումներով:
  5. Դիվերսանտ հանցագործներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին ադրբեջանական գերիների կարգավիճակով արտահանձնումը, հայկական կողմի բանակցային դիրքերը թուլացրել է ու թույլ չի տվել նոր գերիներ վերադարձնել:
  6. «Բոլորը` բոլորի դիմաց» մեխանիզմի դեպքում հայկական կողմում գերիներ չունեցող Ադրբեջանը շահագրգռված չէ վերադարձնել հայկական կողմի մյուս գերիներին, ավելին` նրանց դիտարկում է, որպես «հանցագործներ»: 

Ավելորդ չի լինի հիշեցնել իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այն ստահոդ թեզերը, թե ընդդիմության «պառակտիչ» հանրահավաքներն են հայկական կողմի գերիների վերադարձման պատճառը, թե ռուսական կողմը բավական ջանքեր չի գործադրում գերիների խնդիրը կարգավորելու համար և այլն: Հիշեցնենք նաև, երբ հասարակական-քաղաքական գործիչները դեմ էին արտահայտվում Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին գերիների դիմաց Ադրբեջանին հանձնմանը, իշխանական քարոզիչները հասարակական-քաղաքական գործիչներին մեղադրում էին գերիների փոխանակման տապալման համար, որ հետո իշխանություններին մեղադրելու «առիթ» ունենան:

Լավրովի այս հայտարարություններն իրականում Հայաստանի իշխանության ապիկարության ու անգործության հերթական ապացույցն են:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

 

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն