ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ մտահոգիչ զարգացումներ Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանն ընդառաջ

article-image

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան մեծ ոգևորություն առաջացրեց հայաստանյան հասարակության լայն շրջանակներում։ Նրանց հատկապես ոգևորել էր Լավրովի հայտարարությունը Արցախի բանակցային սեղան վերադառնալու վերաբերյալ.

«Ինչ-որ փուլում, Հայաստանի նախկին ղեկավարությունը, Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշել է, որ Երևանը պետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը բանակցություններում»,-ասել է Լավրովը։

Ներկայիս իշխանությունները այս հայտարարությունը մեկնաբանում էին որպես շառաչուն ապտակ Լավրովի կողմից նախկին իշխանություններին և որպես ԼՂ հիմնախնդրի հարցում Փաշինյանի վարած «փայլուն» քաղաքականության ապացույց` մեջբերում էին Լավրովի մեկ այլ հայտարարություն ԼՂ հիմնախնդրի կոնտեքստում.

«Բոլորի համար պարզ է, որ առանց Ղարաբաղի ու Ղարաբաղի ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն, Հայաստանն ուղղակի դա չի ստորագրի: «Հենց դրանով էլ մենք առաջնորդվում ենք: Ես ուզում եմ ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ վերջնական համաձայնությունը պետք է բխի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի շահերից: Դրա հետ շատ դժվար է վիճել»։

Սակայն խրախճանքը երկար չշարունակվեց. դեկտեմբերի 2-3-ին ՌԴ արտգործնախարարի Բաքու այցի ժամանակ, Լավրովը, լրագրողներից մեկի հարցին պատասխանելով, նշեց, որ «ի վերջո Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է որոշելու իր ապագան»։

Փաստացի ՌԴ արտգործնախարարը բացեց այն փակագծերը, որը չէր բացել իր Երևան կատարած այցի ժամանակ։ Լավրովի պատասխանից ուղիղ իմաստով բխում է այն, որ Արցախի իշխանությունները նույնական են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ, և որ խնդրի վերջնական լուծմանն այդ համայնքը իր վճռրորոշ դերը պետք է ունենա։ Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովը, հաստատելով դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, նշել էր.

 «Արդեն համաձայնություն է ձեռք բերվել կողմերի միջև հատուկ քննարկումներ սկսելու համար: Մենք հույս ունենք, որ սա պարզ կդառնա դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում հանդիպման ընթացքում: Դրանից հետո արդեն պարզ կլինի` արդյո՞ք Հայաստանը պատրաստ է բովանդակային բանակցությունների համար, թե՞ ոչ, քանի որ փաստաթղթերը արդեն բանակցային սեղանին են»։

Այն, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորության ներքո երկու պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ մտահոգիչ զարգացումներ են սպավում, դրա մասին խոսում են նաև դեկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Զոհրաբ Մնացականյանի և Արցախի Հանրապետության ԱԳՆ Մասիս Մայիլյանի հետ, նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ջերմ ընդունելությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խաղաղասիրական հայտարարությունները և, առհասարակ,  ռուս-թուրքական մերձեցման նոր փուլը սիրիական քրդերի հետ պայմանավորված։

Նշենք, որ հանդիպմանն ընդառաջ պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի մասնակիցներին։ Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը, ըստ էության, ոչ մի նորություն չի հայտնում և հաստատում է ԼՂ հիմնախնդրի հարցում Ադրբեջանի՝ տարիներ շարունակ որդեգրած քաղաքականությունը։ Մտահոգիչ է նաև, որ հայկական կողմը դեռևս չի հրապարակել ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն