(VIDEO) Ամերիկյան քաղաքական զարգացումները և Հայաստանի հետ հարաբերությունների ապագան. AntiFake Զրույց` Սուրեն Սարգսյանի հետ

article-image

«AntiFake Զրույց»-ի շրջանակներում ամերիկյան քաղաքական զարգացումների և Հայաստանի հետ հարաբերությունների ապագայի մասին զրուցել ենք ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ:

Սուրեն Սարգսյանը նշում է, որ ԱՄն ներքաղաքական կյանքում կայունացումը բավական բարդ է լինելու: Դրա վկայությունն են թե՛ սոցիոլոգիական հարցումները, թե՛ նախագահ Ջո Բայդենի` երդմնակալության ժամանակ ունեցած ուղերձը:

«Այստեղ միայն դեմոկրատների և հանրապետականների հակասությունները չեն: Այստեղ լուրջ, խորքային խնդիրներ կան: Հանրությունը գտնվում է նաև դեպրեսիայի մեջ, որը շատ խորացավ պանդեմիայի պատճառով: Հանրությունը պառակտվել է»,- նկատում է Սարգսյանը:

Ամերիկագետը համոզված է, որ Բայդենի իշխանության տարիներին ԱՄՆ արտաքին քաղաքականությունը էապես տարբերվելու է Թրամփի վարչակազմի քաղաքականությունից, սակայն դա չի նշանակում, որ որևէ տրամաբանական կապ չի լինելու ներկայիս և նախորդ վարչակազմի միջև:

«Մասնավորապես, որոշ ձեռքբերումներ, որոնք ունեցել է Թրամփի վարչակազմը, իհարկե, դրանց վրա շարունակելու են աշխատել նաև նոր վարչակազմի ներկայացուցիչները»,- ասել է Սուրեն Սարգսյանը` հիշատակելով արաբա-իսրայելական բանակցային գործընթացը և Կոսովոյի ու Սերբիայի հարաբերությունների կարգավորումը: Նա նշում է, որ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունն ավելի ներգրավված է լինելու միջազգային գործընթացներում:

«Կարևոր են ռուս-ամերիկյան հարաբերությունները: Բնական է, որ ցանկացած ճնշում, պատժամիջոց, որ կիրառվում է Ռուսաստանի դեմ, անուղղակիորեն հարվածում է Հայաստանին»,- նշում է Սուրեն Սարգսյանը: Նա ընդգծում է, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները ևս կարևոր են Հայաստանի համար:

Անդրադառնալով տարածաշրջանային պետությունների հետ ԱՄՆ հարաբերություններին` ամերիկագետը նշում է, որ Թուրքիան չափազանց կարևոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար թե՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ, թե՛ որպես տարածաշրջանում լուրջ կշիռ ունեցող պետություն, այնուամենայնիվ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը հավասարակշռված է լինելու:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Սուրեն Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կարևորությունը Միացյալ նահանգների համար բարձր է լինելու:

Չբացառելով ավելի շատ օգնության, ավելի ինտենսիվ շփումների հնարավորությունը Հայաստանի հետ` Սարգսյանը նշում է, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականության սկզբունքային փոփոխություն չի լինելու:

Իսկ ի՞նչ հույսեր են կապում ՀՀ իշխանությունները նոր վարչակազմի հետ: Սուրեն Սարգսյանը նկատում է. «Անկեղծ ասած` ես չգիտեմ, թե ինչու են իշխանությունները որոշել, որ Բայդենի վարչակազմը իրենց համար ավելի լավն է լինելու, քան Թրամփինը: Դա, կարծում եմ, միֆ է, որը ներքաղաքական նպատակ ունի»: Նա արձանագրում է. «Պատմականորեն այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում: Փաշինյանն ու Թրամփը մեր պետությունների միակ ղեկավարներն էին, որոնք երբեք չհանդիպեցին»:

Այնուամենայնիվ, Սուրեն Սարգսյանը նշում է, որ ծանր հարաբերությունների վիճակից դուրս գալու ելքեր և հնարավորություններ կան, սակայն իշխանությունների մոտ նման ունակություններ չկան: «Ուղղություններ կային և հիմա էլ կան, սակայն դրանք հիմա չեն օգտագործվում: Խնդիրն այն է, թե ինչու չեն օգտագործվում»,- նկատում է Սարգսյանը:

 

Մանրամասները` տեսանյութում:
 

Հարցազրույցը նկարահանվել է 2021թ. հունվարի 22-ին:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն