Ովքե՞ր են Արցախի գալիք 2020թ. նախագահական ընտրություններում առանցքային թեկնածուները. Վերլուծություն

article-image

Արցախում 2020թ. գարնանը կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ ակտիվ ներքաղաքական պրոցեսներ են ընթանում: Հայաստանի 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները ահռելի ազդեցություն են թողել Արցախի քաղաքական դաշտի վերաձևավորման և նոր քաղաքական- հասարակական հոսանքների առաջ գալու տեսանկյունից:

Նախկինում իշխանությունների հետ տարաձայնություններ և հակառակ դիրքորոշումներ ունեցող կուսակցություներրը, անհատները հստակ նախանշվեցին և սկսեցին ավելի մեծ թափով լծվել նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական գործընթացներին: Հենց սա է պատճառը, որ Արցախում նախընտրական քարոզչությունը, կարծես թե, փոքր-ինչ շուտ է մեկնարկել: 2020թ. նախագահական ընտրություններին առաջադրվելու որոշում են ներկայացրել Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշուտ Ղուլյանը, Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրանք, թերևս, այս պահին ԱՀ նախագահի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուներն են:

Իրենց թեկնածությունը առաջադրած բոլոր թեկնածուները վերջին 12 տարիներին ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել Արցախում և բարձր պաշտոններ են զբաղեցրել պետական ապարատում:

Արայիկ Հարությունյանը Արցախի խորհրդարանում իշխող «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարն է, Արցախի նախկին վարչապետ, այնուհետև՝ պետնախարար: Չնայած նրան, որ հասարակության որոշ շրջանակների մոտ նրա նկատմամբ անվստահություն կա` կապված այն հանգամանքով, որ Հարությունյանը նախկին իշխանության մաս է կազմել և զբաղեցրել առանցքային պաշտոններ, այնուամենայնիվ Հարությունյանի ռեյտինգը Արցախում բարձր է՝ պայմանավորված նաև նրա կուտակած ահռելի կապիտալով, որի օգնությամբ նա կարողանում է «իր մոտ պահել» բնակչության զգալի զանգվածի։

Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի` ՀՀ ներկայիս իշխանությունների հետ հարաբերություններին, ապա այս դեպքում նախագահի թեկնածուն միանշանակ առաջատարն է Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը լոյալություն հայտնելու գործում։ Հարությունյանի հայտարարությունները Փաշինյանի հասցեին հասարակության շրջանում աչքի են ընկնում քծնողական մոտեցումներով, որովհետև այնպես, ինչպես ԱՀ նախկին պետնախարարն է կոշտ արձագանքում ՀՀ ներկայիս իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքներին, շատ դեպքերում չի արձագանքում նույնիսկ մերձիշխանական շրջանակը։ Մասնավորապես, հատկանշական է Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որտեղ նա նշում է. «Այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը ղարաբաղյան խնդրի շուրջ, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են»։ Բնականաբար, հայտարարությունը միանշանակ չընդունվեց Արցախում և Հայաստանում, որին որպես հետևանք` Հարությունյանը առժամանակ գտնվում էր ընդդիմադիր դաշտի թիրախավորման տակ։ Քիչ չէին նաև ԱՀ նախկին վարչապետի այլ հայտարարությունները, որտեղ նա անվերապահ աջակցություն է հայտնում ՀՀ իշխանություններին։ Այս հարցում ևս Արայիկ Հարությունյանը միանշանակ առաջատարն է և նժարի վրա է դրել ամեն ինչ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Սակայն արդյո՞ք նա է վարչապետ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն։ Այս հարցի պատասխանը թերևս հայտնի չէ նույնիսկ Հարությունյանին, քանի որ Փաշինյանի մերձիշխանական ազդակները և Արցախում տեղի ունցող զարգացումները այլ բան են հուշում։

Նախագահի մյուս թեկնածուն Արցախի ներկայիս ԱԳՆ Մասիս Մայիլյանն է, ով նույնպես առանցքային պաշտոններ է զբաղեցրել պետական ապարատում, սակայն ի տարբերություն Արայիկ Հարությունյանի՝ արցախյան հասարակությունը Մայիլյանին չի կապում նախկինների հետ, քանի որ առաջին անգամը չէ, որ վերջինս իր թեկնածությունն է առաջադրում նախագահական ընտրություններում։ Բացի այդ, որպես ԱԳՆ նախարար և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան` Մայիլյանը պաշտոնավարման ժամանակ ձեռք է բերել պարկեշտ և պրոֆեսիոնալ մասնագետի  համբավ։ Սակայն վերջին շրջանում այս թեկնածուի հետ կապված մտահոգիչ լուրեր են շրջանառվում այն մասով, որ Մայիլյանը սորոսական թևի թեկնածուն է, այսինքն` ինչ-որ ժամանակահատվածում բաժին է ունեցել Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող հիմնադրամներից։ Հատկանշական է, որ Մայիլյանին իրենց աջակցությունն են հայտնել մի շարք նորաթուխ կուսակցություններ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյան-ՀՀ ներկայիս իշխանություններ-Նիկոլ Փաշինյան հարաբերություններին, ապա միանշանակ ակնհայտ է, որ Մայիլյանը նույնպես լոյալ է Փաշինյանին։ Մայիլյանը ինքն էլ դա չի թաքցրել և Փաշինյանի՝ օգոստոսի 5-ի հայտնի հանրահավաքի ժամանակ կանգնած էր նրա կողքին: Այս իրադարձությունից հետո Մայիլյանը առաջին թեկնածուն է, ով հայտարարեց իր թեկնածությունը առաջադրելու մասին։

Արցախի մյուս պաշտոնյան, ով առաջադրվել է գալիք նախագահական ընտրություններին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է։ Ղուլյանը արցախյան հասարակության կողմից սիրված, բավականին հմուտ և փորձառու պետական գործիչ է և նույնպես հարուստ կենսագրություն ունի պետական համակարգում։ Նա Արցախի խորհրդարանում մեծությամբ երրորդ՝ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարն է։ Թերևս նրա միակ բացթողումն այն է, որ, 2010թ. և 2015թ. խորհրդարանական ընտրություների ժամանակ պարտվելով «Ազատ Հայրենիք» կուսակցությանը, այնուամենայնիվ, վերընտրվել է ԱԺ նախագահ, որի իրավունքը, ըստ ԱՀ սահմանադրության, չուներ։ Չնայած նրան, որ տվյալ որոշման համար քաղաքական կոնսենսուս է եղել, և դա մասնագիտական անհրաժեշտությունից բխող պահանջ էր, այնուամենայնիվ, հասարակության որոշակի զանգված ինտենսիվ կերպով տարբեր առիթների դեպքում շահարկում է այդ առիթը։ Ի՞նչ վերաբերվում է նրա և  ներկայիս իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին, ապա հարկ ենք համարում նշել, որ այս հարցում այս պահին առաջադրված թեկնածուներից ամենահավասարակշռված մոտեցումը Ղուլյանինն է։ Չնայած այն հանգամանքին, որ Ղուլյանը հասցրել է բարիդրացիական հարաբերություններ հաստատել ՀՀ իշխանությունների հետ, այնուամենայնիվ, իր հարցազրույցներում ոչ ուղղակիորեն հակադարձում է Փաշինյանի հայտարարություններին, մասնավորապես` ՀՀ վարչապետի՝ Արցախում դավադիր ուժերի մասին հայտարարությանը։

Նախագահի մյուս թեկնածուն Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն է։ Բոլոր թեկնածուների մեջ թերևս ամենաամբիցիոզ և քննադատությունների տեղատարափ առաջացնող կերպարը նա է։ Բալասանյանը դեռևս 2012թ. իր թեկնածությունն էր առաջադրել Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ և ըստ շրջանառվող լուրերի՝ հաղթել Բակո Սահակյանին։ Սակայն կարծես թե արցախյան հանրությունը, ինչպես նաև Վիտալի Բալասանյանը, համակերպվել են այս իրողության հետ,։ Արցախյան պատերազմում ահռելի ներդրում ունեցած գեներալի քաղաքական ուղին ոչ այնքան սահուն է անցել հատկապես Հայաստանում։ Հայ հասարակությունը չհասկացավ Վիտալի Բալասանյանի՝ 2016 թ. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ իրականացրած գործունեության կարևորությունը, որից հետո Բալասանյանի նկատմամբ քննադատությունների ահռելի տարափ սկսվեց։ Վիտալի Բալասանյանի հարաբերությունների մասին ՀՀ իշխանությունների հետ ավելորդ է խոսել, քանի որ դրանք առհասարակ բացակայում են։ Նա բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանություններին ԼՂ հիմնախնդրի շուրջ ոչ հայանպաստ քաղաքականություն վարելու մեջ և մի շարք կոշտ հայտարարություններով է հանդես եկել։ Ինչ վերաբերվում է Բալասանյանի կողմնակիցներին, նրանք հիմնականում ԱՀ ներկայիս իշխանություններն են և նրանց մտերիմ շրջանակները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ռադիկալ տրամադրված անձինք։ Նշենք, որ գեներալի հայտարարությունները վերջին շրջանում հակասական կերպով են ընդունվում՝ պայմանավորված վերջինիս՝ արցախյան գոյամարտի վերաբերյալ աղմկահարույց հայտարարություններով։

Նշենք, որ վերոնշյալ անձինք միակը չեն գալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը առաջադրելու պատրաստակամութուն հայտնելու հարցում, մնացյալ ակնառու թեկնածուները կամ իրավական հիմք չունեն ընտրություններին մասնակցելու (խոսքը Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասին է, ով չի համապատասխանում քաղաքացիության և բնակության՝ ԱՀ սահմանադրությամբ նախատեսված ցենզերին, որի կապակցությամբ նա ստորագրահավաք էր նախաձեռնել դեռ ամռանը) կամ հանրության կողմից չընդունված և տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ թաթախված թեկնածուներ են: Խոսքը Վահան Բադասյանի և Հայկ Խանումյանի մասին է: Բադասյանը Արցախում կրկին սկսել է երևալ նախորդ տարի Ստեփանակերտում ավտոկայանի հայտնի ցույցերի ժամանակ և ըստ շրջանառվող լուրերի՝ լքել էր Արցախը տարբեր կոռուպցիոն սխեմաներում թաթախված լինելու պատճառով: Մյուս` առավել քիչ շանսեր ունեցող թեկնածուն Հայկ Խանումյանն է, ով Արցախի հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներից է, սակայն` նույնպես չընդունված հանրության կողմից, ով իր քաղաքական կեցվածքով նմանություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն իր արցախյան այցի ժամամակ հանդիպել է նախագահական ընտրություներում իրենց թեկնածությունները առաջադրելու պատրաստակամություն հայտնած միայն երեք անձանց ՝ Աշոտ Ղուլյանի, Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հետ:

Թե ինչպես կընթանա նախընտրական թոհուբոհն Արցախում, պարզ կլինի առաջիկայում։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն