Հանրային հեռուստաընկերությունը մատուցում է կողմնակալ լրատվություն և խախտում անմեղության կանխավարկածը

article-image

Դեկտեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերությունը (Հ1) «2 նախագահ, 5 նախարար, 2 ոստիկանապետ. Մեղադրյալի աթոռին հայտնված բարձրաստիճան նախկին պաշտոնյաների ցանկն անցնում է երկու տասնյակը» վերտառությամբ ռեպորտաժ է հրապարակվել, որը տեղադրվել է ֆեյսբուքյան էջում և «Բազմաթիվ նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ երկու նախկին նախագահների առաջադրվել են մեղադրանքներ» վերտառությամբ՝ յութուբյան ալիքում և 1lurer.am կայքում, որտեղ, ինչպես հասկանալի է վերնագրերից, ներկայացվում են Հայաստանում մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսների իշխանափոխությունը տեղի ունեցած աղմկահարույց քրեական գործերը նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պետական բյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերությունը, որը, ըստ «Հեռուստատեսության եվ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի, պետք է ղեկավարվի օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով, այսինքն՝ հանրությանը մատուցի անկողմնակալ տեղեկատվություն, այս ռեպորտաժում ևս անտեսել է այդ սկզբունքները։

Ինչպես տեսնում ենք, տեսահոլովակում չկա գրեթե մեկ դրվագ, որտեղ իշխանափոխությունից հետո մեկ ու կես տարվա ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների և այլ քրեական գործերի վերաբերյալ որևէ հիշատակում լինի:

Իրենց ժողովրդավարության ջատագով, իսկ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանության ագիտպրոպ Հ1-ը, կարծես թե, «մոռացել է» ներկայիս իշանության կարկառուն դեմքերին. նրանց հետ քայլած ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի, ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի, Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի վերաբերյալ և բազմաթիվ այլ աղմկահարույց քրեական գործերի մասին, և սա այն դեպքում, երբ ՀՀ նոր իշխանությունները դեռ մեկ ու կես տարի են պաշտոնավարում և զբաղեցրել են իրենց պաշտոնները՝ «կոռուպցիայի, կողմնակալ իրավապահ և դատական համակարգերի և այլ անարդար երևույթների մասին» աղաղակելով:

Հ1-ը ոչ միայն խախտել է հանրությանը օբյեկտիվ, անկողմնակալ տեղեկատվություն մատուցելու կարևորագույն սկզբունքները և շարունակում է շարժվել գործող իշխանության քմահաճույքներով, այլ նաև դրսևորել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ «անփութորեն» կամ գիտակցաբար անտեսելով քրեաիրավական հիմնական սկզբունքերից մեկը՝ անմեղության կանխավարկածը, ըստ որի՝ «ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով», ինչը անթույլատրելի է լրատվականների դեպքում, և առավել ևս հանրային միջոցներից ֆինանսավորվող և նման մեծ լսարան ունեցող հեռուստատեսության պարագայում։

Այսպիսով՝ Հ1-ը հերթական անգամ խախտում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սկզբունքներն ու անմեղության կանխավարկածը՝ շարունակելով հանրային միջոցներն օգտագործել իշխանություններին ծառայելու համար։

 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն