Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի 5 միլիոնանոց խնջույքի գումարը կնվազեցվի

article-image

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում (1, 2), Երևանի քաղաքապետարանը 250 անձի հյուրասիրության կազմակերպման համար մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել 2019թ.-ին ստեղծված Արմեն Գևորգյան Սամվելի Ա/Ձ-ի հետ՝ հատկացնելով 5,199,000 դրամ։

5,199,000 դրամը հատկացվել է այդ ընկերությանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ենթակա կազմակերպությունների տնօրենների համար Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 24-27-ը, Երևանի ռեստորանային համալիրներից մեկում, ինչպես նշված է պայմանագրում՝ «օրինակ Բելաջիո կամ համարժեք», ճոխ հյուրասիրություն կազմակերպելու համար: Ռեստորանի վերջնական ընտրությունը թողնվել է Կենտրոն վարչական շրջանի հայեցողությանը։

Պայմանագիրը կնքվել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի աշխատանքից ազատվելուց հետո։

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Կենտրոնի թաղապետ նշանակված Ավետ Պողոսյանը, ով հպարտանում է իր  քաղաքական կենսագրությամբ, մասնավորապես` ՀԱԿ վարչության նախկին անդամ լինելով, նաև հանդիսանում է քաղաքապետ Հայկ Մարությանի մանկության ընկերը:



AntiFake.am-ի հրապարակումներից օրեր անց՝ դեկտեմբերի 9-ին, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի լրատվության պատասխանատու Տաթև Զորյանը վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակին» ասել է. «Նախապես եղել է 5 միլիոն 199 հազար դրամի պայմանագիր, սակայն հաշվի առնելով բյուջետային միջոցների տնտեսման անհրաժեշտությունը՝ հիմա տեղի է ունենալու պայմանագրի վերակնքման գործընթաց»:

Պայմանագրի վերակնքումից հետո Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանին նախկին 5 միլիոն 199 հազար դրամի փոխարեն հատկացնելու է 3 միլիոն 199 հազար դրամ՝ 2 միլիոնով պակաս: Տաթև Զորյանի խոսքերով՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների ընդհանուր թիվը 184 է, և գումարի նոր չափի սահմաններում «պետք է այնպես անեն, որ «տեղավորվեն» և դեռ չգիտեն՝ այդ գումարով կարո՞ղ են դրսից էլ մարդ հրավիրել, թե՞ ոչ (նկատի ունի Կենտրոն վարչական շրջանի ենթակա այլ հիմնարկների աշխատակիցներին)»:

«Գումարի փոփոխություն է տեղի ունեցել ոչ քիչ չափով, իսկ թե ովքեր կհրավիրվեն, դեռ չենք կարող ասել: Առհասարակ, այս միջոցառման նպատակն աշխատակազմին հավաքել և տարվա ընթացքում կատարվածն ամփոփելն է»,- ասել է Տաթև Զորյանը:

Ստացվում է,  որ աշխատակազմին հավաքելու և տարվա ընթացքում կատարվածն ամփոփելու լավագույն տարբերակը հարկատուների հաշվին ճոխ կորպորատիվների կազմակերպումն է, որի «ճոխությունը» և բյուջետային միջոցների տնտեսման անհրաժեշտությունը Երևանի քաղաքապետարանի համար տեսանելի է եղել միայն Արմեն Գևորգյան Սամվելի Ա/Ձ-ի հետ 5 միլիոն 199 հազար դրամի պայմանագրի կնքումից հետո:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն