Ավան վարչական շրջանի ադմինիստրատիվ շենքի մուտքի մոտ տեղադրված սուրճի ապարատն այսօր կապամոնտաժվի

article-image

Օրերս AntiFake.am-ին տեղեկություններ էին փոխանցվել, որ Ավան վարչական շրջանի ադմինիստրատիվ շենքի մուտքի մոտ տեղադրվել է սուրճի ապարատ, որը պատկանում է թաղապետի որդուն։

Աղբյուրը մասնավորապես փոխանցել էր, որ նորանշանակ թաղապետ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում շենքի մոտ հայտնվել է սուրճ պատրաստող ավտոմատ սարքը, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է թաղապետի որդուն։ Աղբյուրը նաև նշում էր, որ թաղապետարանի աշխատակիցները տեսագրող սարքի ներքո ստիպված սուրճ են խմում՝ հաճոյանալով թաղապետին։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանին՝ տեղեկություններ հայցելով վերոգրյալի վերաբերյալ։ Ներկայացնում ենք հարցման պատասխանը.

«1. Ավան վարչական շրջանի ադմինիստրատիվ շենքի մուտքի դիմաց սուրճ պատրաստող ավտոմատ սարքի տեղադրման համար, անշուշտ, առկա է թույլտվություն. Ապարատը տեղադրվել է 2019թ. սեպտեմբերի 11-ից, ամսեկան վճարումները կատարվել են ժամանակին և պատշաճ կերպով. Կից ներկայացվում են թույլտվությունները և կատարված վճարների համապատասխան փաաստաթղթերը:

2. Սուրճ պատրաստող ավտոմատ սարքը պատկանում է «ՍԵՄԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը. Կից ներկայացվում է «ՍԵՄԿԱ » ՍՊԸ-ի պետռեգիստրի վկայակաը:

3. Հոսանքի սնուցումը ապահովվել է մարտկոցների և փոխարկիչ սարքի միջոցով. Կից ներկայացվում է փոխարկիչ սարքի լուսանկարը:

4. Որպես ապրանքատեսակ սուրճի վաճառքի տեղակայության հետ կապված չկա ոչ մի սահմանափակում, հետևաբար տեղադրման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվում է հետիոտնային շարժը չխանգարելուն և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը: Նշենք նաև, որ տվյալ սարքի գտնվելու վայրը համապատասխանում է վերոնշյալ չափորոշիչներին:



Հարկ եմ համարում նշել, որ Երևան քաղաքի մյուս բոլոր 11 վարչական շրջանների ադմինիստրատիվ շենքերում առկա են սուրճ պատրաստող ավտոմատ սարքեր, իսկ ինչ վերաբերում է կայքերում հրապարակված այն ապատեղեկատվությանը, թե տվյալ ապարատը պատկանում է իմ որդուն, ապա նշեմ, որ որդիս մշտական բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, ՌԴ քաղաքացի է, ավելին` ներկա պահին գտնվում է ՌԴ-ում, իսկ նման ապարատները, ինչպես հայտնի է, ամենօրյա սպասարկում ու հետևողականություն են պահանջում: Կխնդրեի ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ սարքի տեղադրման թույլտվությունը  գործում է մինչ ս/թ  դեկտեմբերի 11-ը և մամուլում հրապարակված ապատեղեկատվությունների շնորհիվ այն չի երկարացվելու, ապամոնտաժման աշխատանքները հենց այսօր կկատարվեն»:

Պատասխանին կից ներկայացված են փաստաթղթեր։ Հարցման պատասխանում Արա Դանիելյանը նշել է, որ ապարատը տեղադրվել է 2019թ. սեպտեմբերի 11-ից և վճարումները կատարվել են ժամանակին, սակայն փաստաթղթերում առկա են հակասություններ Արա Դանիելյանի պատասխանի հետ։

Այսպես. N 91-190 թույլտվության փաստաթղթում նշված է, որ թույլտվությունը «ՍԵՄԿԱ» ՍՊԸ-ին տրվել է 2019թ. սեպտեմբերի 15-ին։ Իսկ թույլտվության ժամկետը տարածվել է սեպտեմբերի 11-ից գործարկված ապարատի վրա, քանի որ նշված է, որ թույլտվության գործունեության ժամկետն է՝ սեպտեմբերի 11-ից և հոկտեմբերի 10-ը։ Այսինքն թույլտվությունը տրվել է հետին թվով։

Ինչ վերաբերվում է ապարատի շահագործման համար քաղաքապետարանին 7500 դրամ արված վճարներին, ապա նշենք, որ սեպտեմբերի 9-ին համայնքին 7500 դրամ վճարումը կատարվել է «Համայնքի տարածքում գյուղատնտեսական մթերք. բացօթյա վաճառքի կազմակերպման թույլտվություն» անվան տակ, այնինչ նման գործունեությանը սուրճ պատրաստող ավտոմատ սարքը չի համապատասխանում։ 

Նշված գործունեությունը իրականացնող կազմակերպության մասին պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից տեղեկացանք, որ դեռևս 2019 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ «ՍԵՄԿԱ» ՍՊԸ-ն Պետեկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է 10.000 դրամի չափով հարկային պարտավորությունները (մոտ 266.912 դրամ) չկատարելու համար։ 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն