ՀՀ Վարչապետին կից Հանրային կապերի ՊՈԱԿ-ը հերթական անգամ խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը

article-image

AntiFake.am-ը սույն թվականի նոյեմբերի 6-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Նոյեմբերի 13-ին ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ հայցվող տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և հայցել են տեղեկությունների տրամադրման 30-օրյա ժամկետ։

Դեկտեմբերի 11-ի դրությամբ ՊՈԱԿ-ը դեռևս չի տրամադրել AntiFake.am-ի՝ նոյեմբերի 6-ի հարցման պատասխանը։



Այսօր AntiFake.am-ի լրագրողի հետ զրույցում ՊՈԱԿ-ի աշխատակիցը նշել է, որ իրենք դեռ ունեն մի քանի օր ժամանակ։ Լրագրողի այն պնդմանը, որ օրենքով նախատեսված ժամկետը լրացել է դեռևս դեկտեմբերի 6-ին, աշխատակիցը նշել է, որ կկարողանան պատասխանել մի քանի օրվա ընթացքում, իսկ լրագրողի այն պնդմանը, որ մի քանի օրվա ընթացքում պատասխանելը կհամարվի օրենքի խախտում, աշխատակիցը պատասխանել է, որ այդ մասով կխորհրդակցի իրենց իրավաբանի հետ։ 

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը խախտում է հարցումներին պատասխանելու՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները՝ այդպիսով խախտելով նաև անձի՝ տեղեկություն փնտրելու և ստանալու սահմանադրական իրավունքը։

Կոչ ենք անում Վարչապետի աշխատակազմին կից ՊՈԱԿ-ին օրենքով սահմանված պարտականություններն իրականացնել պատշաճ կերպով՝ չխոչընդոտելով ինչպես անձի՝ տեղեկություններ փնտրելու և ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը, այնպես էլ լրատավական գործունեություն իրականացնող սուբյեկտի գործունեությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն