Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում ՀՖՖ նախագահի թեկնածուի կանոնադրական պահանջներին. Ռուբեն Հայրապետյանի հայտարարության հետքերով. ՓԱՍՏԵՐ

article-image

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեց 2019թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության ընտրության համար առաջադրված թեկնածությունների ցանկը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ հանրային հետաքրքրությունն ու սկանդալները վերջին շրջանում չեն ավարտվում։ Մամուլն ու սոցցանցերը լի են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների թեկնածուների վերաբերյալ տարբեր հրապարակումներով և կարծիքներով, կայանալիք ընտրությունների արդյունքների կանխատեսումներով։

Երեկ էլ՝ դեկտեմբերի 13-ին, «Pressing» հաղորդման ընթացքում ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, այդ թվում՝ կապված դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների հետ։ Վերջինս նշեց, որ առաջադրված թեկնածուներից Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում ՀՖՖ նախագահի թեկնածուի համար՝ կանոնադրությամբ սահմանված պահանջներին։

Ովքե՞ր են առաջադրված թեկնածուները, արդյո՞ք համապատասխանում են ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին։ Թվարկված և այլ հարցերը կքննարկենք ստորև։


Ի՞նչ պահանջներ են ներկայացվում  ՀՖՖ նախագահի թեկնածուին  ըստ ՀՖՖ կանոնադրության, և արդյո՞ք համապատասխանում են առաջադրված թեկնածուներն այդ պահանջներին

Ինչպես արդեն նշեցինք, դեկտեմբերի 23-ին կայանալու են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները։

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել են «Ֆուտբոլային ակումբ «Անի»» ՀԿ-ի կողմից Խորեն Հովհաննիսյանը, «Ֆուտբոլային ակումբ ՈՒրարտու» մարզական ՀԿ-ի և Ֆուտբոլային ակումբ «Վան» ՀԿ-ի կողմից՝ Արմեն Մելիքբեկյանը, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի կողմից՝ Թովմաս Գրիգորյանը և «Փյունիկ ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի կողմից Արսեն Աղաջանյանը։

ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում են ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները, որը վերաբերվում է նաև ՀՖՖ նախագահի թեկնածուին։ Այսպես.

«Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար թենածուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

ա) Մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ֆուտբոլի բնագավառում (օր.՝ որպես խաղացող կամ պաշտոնատար անձ).
բ) Լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվել պետության տարածքում.
գ) Լինել առնվազն 25 տարեկան և ունենալ ՀՀ-ում ընտրական իրավունք.
դ) Տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել»։

ՀՖՖ կանոնադրության սահմանումներով տրվում է «պաշտոնատար անձ» հասկացության սահմանումը. «Խորհրդի անդամ (ներառյալ Գործադիր կոմիտեի անդամները), կոմիտեի անդամ, մրցավար կամ մրցավարի օգնական, մարզիչ, հրահանգիչ կամ ՖԻՖԱ-ում, որևէ Կոնֆեդերացիայում, Ասոցիացիայում Լիգայում կամ Ակումբում տեխնիկական, բժշկական կամ վարչական հարցերի համար պատասխանատու ցանկացած անձ, ինչպես նաև ՖԻՖԱ-ի Կանոնադրության ներքո գործող ցանկացած այլ անձ (բացառությամբ խաղացողների և միջնորդների)»։

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՖՖ գործկոմի հերթական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներից Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել՝ պայմանավորված ՀՖՖ կանոնադրության հետ անհամապատասխանությամբ։ Իսկ մյուս 3 թեկնածուներինն ընդունվել է։

Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չընդունելու հիմքում դրվել է ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ կետի ա) ենթակետի պահանջին անհամապատասխանությունը, այսինքն՝ Արսեն Աղաջանյանը վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարի ակտիվ դերակատարում չի ունեցել ֆուտբոլի բնագավառում որպես պաշտոնատար անձ կամ որպես խաղացող։ Դրա մասին են վկայում վերջինիս կենսագրությունն ու Կիպրոսի Ֆուտբոլի ասոցիացիայի կողմից ստացված համապատասխան գրությունը։

Առաջադրված մյուս 2 թեկնածուները՝ Թովմաս Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանն ունեն հարուստ ֆուտբոլային անցյալ և կենսագրությունների ուսումնասիրությունն էլ վկայում է, որ համապատասխանում են կանոնադրական պահանջներին։

Ինչ վերաբերում է Արմեն Մելիքբեկյանին և վերջինիս վերաբերյալ մամուլում առկա հրապարակումներին ու հայտարարություններին նրա՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին չհամապատասխանության վերաբերյալ, ապա ահնրաժեշտ է նշել, որ այդ հրապարակումներն ու հայտարարությունները համապատասխանում են իրականությանը։


Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում ՀՖՖ նախագահի թեկնածուի համար սահմանված կանոնադրական պահանջներին

ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի կենսագրությունը, որի մանրազնին ուսումնասիրութունը ցույց է տալիս, որ Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ կետի ա) ենթակետի պահանջին և վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարի ակտիվ դերակատարում չի ունեցել ֆուտբոլի բնագավառում որպես խաղացող կամ պաշտոնատար անձ։ Այսպես.

Արմեն Մելիքբեկյանի վերջին 5 տարիների ֆուտբոլային կենսագրության մեջ կարդում ենք, որ վերջինս 2006-2015 թթ. հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ, 2013-2016թթ. «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատել է որպես սպորտային մեկնաբան, վարել է «Ֆուտբոլի ժամը» հաղորդաշարը։ Որից հետո ֆուտբոլային կենսագրությունը «վերսկսվում է» 2018թ. սեպտեմբերի 22-ից՝ որպես ՀՖՖ գործկոմի անդամ ։

Մինչդեռ 2014թ. նոյեմբերի 14-ին ՈՒԵՖԱ-ի կողմից պաշտոնապես հրապարակված «ՈՒԵՖԱ-ի կառուցվածքը. 2011-2015թթ. մարմիններն ու կառուցվածքային ստորաբաժանումները»  փաստաթղթում ո՛չ Պատանեկան ու սիրողական և ո՛չ էլ Մեդիա կոմիտեների անդամների ցանկում առկա չէ Արմեն Մելիքբեկյանի անունը։

Այսինքն՝ առնվազն 2014թ. նոյեմբերի 14-ի դրությամբ Արմեն Մելիքբեկյանն արդեն իսկ չի հանդիսացել ՈւԵՖԱ-ի նշված կոմիտեների անդամ։

Ինչ վերաբերվում է վերջինիս կողմից սպորտային մեկնաբան աշխատելու ժամանակահատվածին, ապա հարկ է նշել, որ սպորտային լրագրողական գործունեությամբ զբաղվելը կամ սպորտային մեկնաբան աշխատելը ՀՖՖ կանոնադրության իմաստով չի համարվում «ակտիվ դերակատարում ֆուտբոլի բնագավառում» և չի տեղավորվում ՀՖՖ կանոնադրության իմաստով «պաշտոնատար անձ» հասկացության ներքո։

Ստացվում է, որ Արմեն Մելիքբեկյանը կեղծել է իր կենսագրությունը և վերջին 5 տարիների կենսագրության ոչ թե 2, այլ շուրջ 1,5 տարին է ֆուտբոլում ակտիվ դերակատարում ունեցել, ուստի՝ չի համապատասխանում ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ կետի ա) ենթակետի պահանջին։

Հետևաբար՝ ինչպես Արսեն Աղաջանյանի պարագայում է ՀՖՖ գլխավոր քարտուղարությունը ձեռնամուխ եղել նրա կենսագրության ուսումնասիրությանը, նույն կերպ Արմեն Մելիքբեկյանի կենսագրության ուսումնասիրության պարագայում պարզ կդառնար, որ նրա թեկնածությունը ՀՖՖ նախագահի թեկնածուի կանոնադրական պահանջներին չի համապատասխանում։ Ուստի՝ նրա թեկնածությունն ընդունվել է ՀՖՖ կանոնադրության խախտմամբ։

Ակնհայտ է, որ ՀՖՖ գլխավոր քարտուղարությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերել ՀՖՖ նախագահի թեկնածուների կենսագրություններն ուսումնասիրելիս և թեկնածություններն ընդունելիս։

Իսկ թե ինչով է պայմանավորված Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի թեկնածուի պաշտոնում ՀՖՖ կանոնադրության խախտմամբ հաստատելը, փաստերով կանդրադառնանք հաջորդ հրապարակմամբ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը․

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն