Որքան հարկեր է վճարել Բջնի հանքային ջրերի գործարանը Խ. Սուքիասյանի և Ռ. Հայրապետյանի «օրոք»

article-image

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, «Պրեսինգ» հաղորդման հյուրն էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով հարցազրույցի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց։ Դրանցից մեկը վերաբերվում էր «Բջնի» հանքային ջրերի գործարանին, որն ըստ Հայրապետյանի՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանելու ժամանակահատվածում 1996-2000 թթ.-երին պետությանը հարկեր չի վճարել։

Հայրապետյանը մասնավորապես նշեց. «Ես պահել եմ այն բոլոր տեսանյութերն ու լուսանկարները, թե ինչ ձևով ենք 2010-ին այդ գործարանը գնել, բացի դրանից՝ Խաչատուր Սուքիասյանն անընդհատ ասում է՝ իրեն ճնշել են, խլել են գործարանը, բայց այդ հայտարարությանը պետք է մի օր վերջ տալ»,- ասաց նա և ցույց տվեց հարկային մարմիններից ստացված երկու փաստաթուղթ:

Հայրապետյանը ցույց տվեց, թե Բջնի գործարանն ստեղծման պահից 12 տարիների ընթացքում ինչքան հարկ է վճարել պետությանը:

Այդ փաստաթղթի համաձայն՝ 1996 - 2008թթ. ընկերությունը մուծել է ըստ տարիների՝

  • 1996 – 0 դրամ
  • 1997 – 0 դրամ
  • 1998 – 0 դրամ
  • 1999 – 0 դրամ
  • 2000 – 0 դրամ
  • 2001 – 2.800.000 դրամ
  • 2002 – 5.400.000 դրամ
  • 2003 – 8.100.000 դրամ
  • 2004 – 28.400.000 դրամ
  • 2005 – 59.300.000 դրամ
  • 2006 – 138.700.000 դրամ
  • 2007 – 250.000.000 դրամ
  • 2008 – 420.000.000 դրամ

Հայրապետյանը նշեց, որ 1996-2000 թվականներին ընկերությունը վճարել էր 0 դրամ հարկ: «Եթե ուշադրություն դարձնեք, 2008 թվականին են ամենամեծ հարկը տվել՝ 420 մլն դրամ, այն պատճառով, որ փետրվար ամսից ստուգում է եղել գործարանում, և ստիպված են եղել մուծել: Այս անօրինականության դեպքում պետությունն ակտեր պետք է գրե՞ր, թե ոչ»,- ասաց նա և հավելեց, որ 12 տարվա ընթացքում ընդամենը 917 մլն դրամ հարկ է վճարել այդ ընկերությունը:

Հայրապետյանը ցույց տվեց հարկային մարմիներից ստացված այլ փաստաթուղթ, որով արդեն երևում էր, թե որքան հարկ է վճարել Բջնի գործարանն իր գնելուց հետո:

Համաձայն այդ փաստաթղթի՝ «ՌՌՌ» հանքային ջրերի ՓԲ ընկերությունը 2010թ.-ից առ 2019թ.-ի 3-րդ եռամսյակը ներառյալ վճարել է մոտ 3.600.000.000 ՀՀ դրամ հարկեր։

Իր ամբողջ գործունեության ընթացքում, սկսած 1996թ.-ից առ 2008թ.-ը, «Բջնի» հանքային ջրերի գործարանը վճարել է 912.700.000 դրամ հարկեր, որը կազմում է «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի կողմից գրեթե 1 տարվա ընթացքում վճարված հարկերի գումարը։ Օրինակ՝ 2018թ.-ին «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը վճարել է մոտ 784.885.000 դրամ հարկեր։

Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում տեղ գտած հայտարարություններին՝ նշելով. «Ինչ վերաբերվում է «Բջնի» գործարանի մասին արված հայտարարություններին, պետք է ասեմ, որ դրանով արդեն զբաղվում են մեր փաստաբանները և հաշվապահները: Մեր փաստաբաների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները: Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն: Այն ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սուտ է նաև այն, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գործարանը հետ վերադարձնեն: Ես չեմ կարող բանակցել մի ասպարեզում, որը դուրս է իրավական հարթությունից»:

Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ փաստաթղթեր է ներկայացնելու Խաչատուր Սուքիասյանը, արդյո՞ք դրանք տարբեր են լինելու Ռուբեն Հայրապետյանի ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած հարկերի չափերից։ AntiFake.am-ը նաև հարցում է ուղարկել պատկան մարմիններին փաստաթղթեր ստանալու և ներկայացնելու համար։ Պատասխաններն ստանալուն պես դրանք կներկայացնենք մեր ընթերցողին։



Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն