Երեկ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել էին Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Հեռախոսազրույցն ուշագրավ էր այն հանգամանքով, որ հայկական և ռուսական պետական մարմինների կողմից հրապարակված մամուլի հաղորդագրությունները տրամագծորեն հակառակ բովանդակությունն ունեին:
Մամուլի հաղորդագրության հայկական տարբերակում գրված էր, թե «ՌԴ նախագահը աջակցում է Հայաստանի օրինական իշխանություններին»:
Սակայն ռուսական հաղորդագրության մեջ լրիվ այլ բովանդակություն էր, ինչի մասին երեկ էլ AntiFake.am-ը գրել էր:
Արդեն այսօր, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով մամուլի հաղորդագրությունների տարբերության մասին լրագրողների հարցին, նշել է. «Եթե դուք ուշադիր եք կարդացել տվյալ տեքստը, որը հրապարակվել է մեր կողմից, ապա պետք է, որ կարդայիք այն արտահայտությունը, որ ՌԴ նախագահը հանդես է եկել խնդիրների՝ օրենքի շրջանակներում կարգավորման դիրքերից: Դա շատ կարևոր է: Մեր կողմից բավականին ամբողջական ձևակերպում է տրվել, որը շատ ինֆորմատիվ է»:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից հրապարակված հերթական սուտը անգամ մի օր չդիմացավ և դարձյալ անմիջապես հերքվեց ռուսական պետական մարմինների կողմից:
Աղբյուր՝ AntiFake.am