Հայաստանի՝ 2019 թվականի արտաքին քաղաքականության վայրիվերումները

article-image

2019 թվականը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար բավական ակտիվ էր, միևնույն ժամանակ՝ հարուստ տարատեսակ վայրիվերումներով:

Կարելի է միանգամից հստակեցնել. տարին բարեպաստ չէր ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատող մասնագիտական շրջանակները այդպես էլ չկարողացան հստակեցնել, թե ինչ հիմնական դիրքորոշում ունի հայկական կողմը բանակցային գործընթացքում: Այս գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենամեծ դերակատարումն ունի իր անհավասարակշիռ հայտարարություններով, որոնք խարխլում են բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը: Եվ արդեն իսկ տարեվերջին, երբ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպեցին 2019 թվականի ընթացքում թվով 6-րդ անգամ, դրան հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արված կոշտ հայտարարությունը` արհեստական ձգձգումները վերացնելու և ստատուս քվոյի անընդունելիության մասին:

«Արցախը Հայաստան է և վերջ», «Ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից» հայտարարող, միևնույն ժամանակ, Արցախի գործող իշխանությունների և պատերազմով անցած գեներալիտետի վրա ցեխ շպրտող Հայաստանի վարչապետը ցանկացած քննադատություն նույնացնում էր «հայրենիքի դավաճանության» հետ ու «սևացնում», միևնույն ժամանակ հայտարարում «Հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար» անընդունելի և անհեռանկարային «բանաձևի» մասին:

Հակամարտության կարգավորման շուրջ միակ գործնական և կոնկրետ քայլը կարելի է համարել Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը, որը, այնուամենայնիվ, թույլ էր, կիսատ և ուշացած: Ցավոք, Ադրբեջանին այս անգամ հաջողվեց որոշակի առաջընթաց գրանցել իր օգտին, իսկ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չհիշեց Արցախի ինքնորոշման մասին: Թե ինչպես կընթանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները 2020 թվականի ընթացքում, անհնար է կանխատեսել, քանի որ ներկայիս իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ ծրագիր չունեն, և այս պարագայում հայանպաստ քաղաքականություն ակնկալել հնարավոր չէ:

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ 2019 թվականը չի նշանավորվում նաև այլ պետությունների հետ ձեռք բերած հաջողությունների առումով:

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները որևէ բանով աչքի չեն ընկնում: Երկու երկրների միջև աներևույթ լարվածությունը աչք էր ծակում, երբ Հայաստանում գլուխ էին բարձրացնում հակառուսական կողմնորոշվածություն ունեցող և քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք և ՀԿ սեկտորի ներկայացուցիչները: Հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին ուրվականի պես պտտվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Թերևս նշանակալից իրադարձություն էր այն, որ երկկողմ ստորագրված հուշագրով ռուսական կողմին հնարավորություն տրվեց մուտք գործել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ֆինանսավորվել են Միացյալ Նահանգների կողմից: Միջազգային հարթակներում հայ-ռուսական հարաբերությունները ևս փորձության ենթարկվեցին, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ոչ միանշանակ քվեարկություն կատարեց` տարատեսակ քննարկումներ առաջ բերելով հասարակական-քաղաքական շրջանակներում:

Տարին Նիկոլ Փաշինյանի և գործող վարչակազմի համար ակտիվ էր ԱՄՆ կատարած պաշտոնական այցերով, սակայն դրանք որևէ էական ազդեցություն չեն ունեցել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Օրինակ, մի քանի հարյուր հազար դոլար արժեցած այցի արդյունքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները եղել են Կալիֆորնիայի նահանգապետը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ, նախագահ Թրամփի իմփիչմենտի նախաձեռնողներից Ադամ Շիֆը, իսկ ՀՀ վարչապետը սահմանափակվեց ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական նիստի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ արարողակարգային լուսանկարով:

Միակ նշանակալից իրադարձությունը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումն էր, որտեղ մասնավորապես ներկայիս իշխանությունները նվազագույն դերակատարումն են ունեցել:

2019 թվականը ԵԱՏՄ-ի համար` Հայաստանի նախագահությամբ, բավական ակտիվ տարի էր: Համապարփակ տնտեսական համագործակցության և ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքվեցին Սինգապուրի, ինչպես նաև ազատ առևտրային գոտու մասին համաձայնագիր` Իրանի հետ:

2019 թվականին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրին Եվրամիության անդամ ևս 15 երկիր:

Չնայած տարեսկզբին կատարած պաշտոնական այցին` Հայաստան- Չինաստան հարաբերություններում որևէ աննախադեպ առաջընթաց, մասնավորապես տնտեսական ոլորտում, չգրանցվեց:

Ամփոփելով Հայաստանի 2019 թվականի արտաքին քաղաքական տարին` կարող ենք փաստել, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը, սակայն, լավ հեռանկարներ չի խոստանում:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն