Նիկոլ Փաշինյանի ոչ ճշգրիտ հրապարակումը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի վերաբերյալ

article-image

Երեկ` հունվարի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ «Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:

Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորեւ)։»

Վարչապետի այս հայտարարությունը քննարկման առիթ հանդիսացավ մասնագիտական (և ոչ միայն) շրջանակներում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակածը ընդամենը կանխատեսում է, այն էլ` ոչ ճշգրիտ: Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարվա համար հրապարակել է իր կանխատեսումները, ոչ թե հիմնական կամ վերջնական արդյունքները: Ինչպես նաև, նույն ցանկի համաձայն` Ադրբեջանի համար ԱՄՀ ներկայացրած ցուցանիշները և’ 2019, և’ 2020 թվականների համար գերազանցում են Հայաստանի ցուցանիշները: Հարկ է նշել, որ այս ցուցանիշները վերջնական չեն:

Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը խմբագրել է իր գրառումը` համապատասխան ճշգրտումներ կատարելով:

Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը անդրադարձել է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա մասնավորապես նշել է, որ «ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի»:

Բագրատյանը գրել է. «Վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել. "Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորեւ)"։ Հղում է կատարված IMF-ի home page-ին։

Անմիջապես ասենք, որ նման բան չկա։

1. ՀՆԱ վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-Ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող։

2. ՆՓ-ի երազանքը, որ ՀՀ-ն կանցնի Ադրբեջանին 2020-ին ապացուցված չէ։ Ապացուցված է սակայն, որ, 1995-1999թ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել։ Օրինակ, 1996-ին ՀՀ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար։ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009թթ։ Սա ի գիտություն ՆՓ-ի և նրա հետևորդների, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում։

3. 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) ետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով։ Ի դեպ, 2017-ին (մինչև ՆՓ-ի վարչապետությունը) ետ էր մնում սոսկ 5.9%-ով Ադբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։

4. Ցուցանիշի "բարելավմանը" նպաստել է ոչ թե չկայացած տնտեսական աճը, այլ դրամի կուրսի արժևորումը։ Գլուխ ենք գովում չէ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) ետ է մնում Ադրբեջանից 1.8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1.2 անգամ (12004 դոլար։

Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի։ Այդ բանը հնարավոր է եղել միայն "թալանի" տարիներին։»

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն