Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք. Գեղամյան
«Իրանի վրա հարձակման ֆոնին Թուրքիայում հասարակական շատ խմբերի ներկայացուցիչներ մի քանի օր է` թիրախավորում են Ադրբեջանին և մասնավորապես նախագահ Ի. Ալիևին որպես «Իսրայելի ընկեր ու դաշնակից»:
Այս գործից անմասն չեն մնացել նույնիսկ մերձիշխանական մեդիաները»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա հետաքրքիր է համարում, որ սրա արդյունքում թուրքական սոցցանցային տիրույթում բազմաթիվ մարդիկ կիսվում են Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ իրենց առնչության անհաջող փորձերի պատմություններով:
«Օրինակ` ինչպես է Ալիևի կոռումպացված ռեժիմը հավելյալ անօրինական «հարկեր» վերցրել Ադրբեջանում աշխատող թուրքական ընկերություններից: Հնչում են նաև մտքեր, որ «Ադրբեջանի քաղաքականությունը պետք է որոշվի ոչ թե Թել Ավիվում, այլ Անկարայում»: Այս «մեղադրանքները» անպատասխան չեն մնում ադրբեջանցիների կողմից:
Բնականաբար, սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը դադարում են լինել ռազմավարական դաշնակիցներ, սակայն այս իրողությունը երկու երկրներում հասարակական ընկալումների և փոխադարձ ազդեցության գործիքների քննարկման տեսանկյունից ինքնին կարևոր է իմանալ»,-նշում է թյուրքագետը։
Աղբյուր՝ AntiFake.am