Չափազանց կարևոր ազդակ Իրանից․ ինչո՞ւ իշխանությունը չի խոսում հնարավոր ռիսկերի մասին
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չափազանց կարևոր ազդակ Իրանից․ ինչո՞ւ իշխանությունը չի խոսում հնարավոր ռիսկերի մասին
TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիի՝ ըստ հրապարակումների տարածված հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես հերթական դիվանագիտական մեկնաբանություն։
Ըստ հրապարակված հայտարարության՝ Թեհրանը TRIPP-ն իր ներկայիս ձևաչափով դիտարկում է որպես Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիք, հատկապես այն դեպքում, եթե նախագիծը ենթադրում է ամերիկյան ռազմական կամ այլ ուժային ներկայություն։
Այս հայտարարությունից հետո Հայաստանի իշխանություններին ուղղված մի շարք սկզբունքային հարցեր այլևս հնարավոր չէ շրջանցել։
Ինչո՞ւ է TRIPP-ը Հայաստանի հանրությանը ներկայացվում հիմնականում որպես տնտեսական և տրանսպորտային հնարավորություն։ Ինչո՞ւ հնարավոր տնտեսական օգուտների մասին խոսելիս պատշաճ կերպով չեն ներկայացվում նաև նախագծի աշխարհաքաղաքական և անվտանգային հնարավոր ռիսկերը։
Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Թեհրանի դիրքորոշման հետ։ Սակայն անտեսել այն հնարավոր չէ։ Խոսքը Իրանի մասին է՝ Հայաստանի երկու անմիջական հարևաններից մեկի, որի հետ մեր երկիրն ունի բաց և ռազմավարական նշանակություն ունեցող սահման։ Եվ, ըստ հրապարակման, Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչը խոսում է «կարմիր գծերի», ազգային անվտանգության համար սպառնալիքի և հնարավոր պատասխան քայլերի մասին։
Հետևաբար սա այլևս պարզապես ճանապարհի կամ տնտեսական հաղորդակցության հարց չէ։
Սա Սյունիքի ապագայի, հայ-իրանական սահմանի, արտաքին ուժերի հնարավոր ներկայության և Հարավային Կովկասում ձևավորվող անվտանգության նոր ճարտարապետության հարց է։
Եթե Հայաստանի իշխանությունները վստահ են, որ TRIPP-ի նախատեսվող ձևաչափը Հայաստանի համար լրացուցիչ վտանգներ չի ստեղծում, ապա պարտավոր են դա բաց և փաստարկված ներկայացնել հասարակությանը։
Պետք է հստակ պատասխանել՝ ինչպե՞ս են գնահատվում Իրանից հնչող նման ազդակները, ի՞նչ անվտանգային երաշխիքներ ունի Հայաստանը, և ինչպե՞ս է նախատեսվում կանխել մեր տարածքում կամ դրա շուրջ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի շահերի հնարավոր բախումը։
Բավական է հասարակությանը ներկայացնել իրականության միայն հարմար հատվածը։
Հայաստանի քաղաքացին իրավունք ունի իմանալ ամբողջ պատկերը՝ ոչ միայն հնարավոր տնտեսական օգուտները, այլև քաղաքական գինը, անվտանգային ռիսկերը, տարածաշրջանային հնարավոր հետևանքները և հարևան պետության հրապարակայնորեն հայտարարված «կարմիր գծերը»։
Հայաստանի ազգային անվտանգությունը պահանջում է ոչ թե գեղեցիկ կարգախոսներ և կիսատ ճշմարտություններ, այլ սթափ հաշվարկ, պատասխանատու քաղաքականություն և սեփական ժողովրդի հետ բաց ու ազնիվ խոսակցություն»։
Աղբյուր՝ AntiFake.am