Բեռնում...
Որոշ ժամանակ հետո լինենու է մասշտաբային բախում Հարավային Կովկասում. Արտակ Զաքարյան
08-08-2025 18:03 | Կարծիք

Որոշ ժամանակ հետո լինենու է մասշտաբային բախում Հարավային Կովկասում. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ական «նախարարական» խունտայի ներկայացուցիչները, խաղաղության լոզունգներով կրկին ասպարեզ իջան, որպեսզի փափուկ բարձ դնեն ու նոր դամոկլյան սուր կախեն Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:

Հանուն խաղաղության՝ իշխանափոխություն արին: Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհեցին ու Արցախի մեծ մասը հանձնեցին:Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ ՀՀ որոշ տարածքներ թողեցին օկուպացիայի տակ:Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ ամբողջ Արցախը նվիրեցին թշնամուն:Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ ՀՀ տարածքներից հողեր ու ռազմավարական բարձունքներ տալով ՝ «սահմանազատում» սկսեցին: Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության Բաքվի բանտերում ապօրինի գերության ուղարկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ ձերբակալել և կալանավորել են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների: Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ Սյունիքով անցնող ճանապարհները ծառայեցվելու են թուրանական աշխարհի շահերին, իսկ արցախյան հարցը և արցախահայերի վերադարձի իրավունքը վերջնականապես թաղելու են ԵԱՀԿ ՄԽ-ից հրաժարվելով:
Խաղաղություն չի լինելու:

Հանուն խաղաղության՝ փոխելու են սահմանադրությունը՝ հայ ժողովրդին դարձնելով անդեմ, անինքնասեր ու անհայրենիք զանգված:
Խաղաղությունը միևնուն է՝ չի գալու:

Փոխարենը՝ որոշ ժամանակ հետո լինենու է մասշտաբային բախում Հարավային Կովկասում:

Ամենաշատը ես եմ ցանկանում խաղաղություն: Կարող էի որևէ գրառում չանել, որովհետև մինչ այժմ բազմիցս զգուշացրել ենք նախապես և, ցավոք, իրականություն է դարձել:

Իրականություն է դարձել ոչ թե՝ որ խելացի ենք, այլ որ գործող կառավարիչներն են շատ ապազգային ու դավադիր:

Մի խաբեք մեր միամիտ ու խաղաղասեր ժողովրդին: Հերիք է խաբելով նրա լավագույն զավակների նվիրումն ու հազարամյա հայրենիքը ծառայեցնեք ձեր ապազգային իշխանության տխրահռչակ գոյությանը:

Հ.Գ. Ոչ մի տարբերություն չկա ԱՄՆ հարգարժան նախագահ Դոնալդ Թրամփի և երջանկահիշատակ նախագահ Վուդրո Վիլսոնի գլոբալ առաքելությունների միջև: Նրանց ցանկությունները հայ ժողովրդի հանդեպ կարծում եմ անկեղծ ու բարի էին: Ուզում եմ հավատալ, որ բարի են նաև այսօր, բայց…
Երևի հասկանում եք՝ ինչ եմ ասում»: