Բեռնում...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին
03-11-2026 16:39 | Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին, այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական հարթակից․

«Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին։

Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը շնորհավորեց նրան դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը բարձր գնահատեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը՝ կարևորելով Հայաստանում Մարտական Ուխտի բարեսիրական և առողջապահական ծրագրերի շարունակականությունը։ Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական, առողջապահական և հոգեխնամ առաքելությանը՝ մասնավորապես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքներին և նրանց ցուցաբերվող աջակցությանը։

Իր հերթին դեսպան Մարկո Ռոմոլին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական և սոցիալական աջակցության ծրագրերը։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ մարդասիրական ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, կարևորվեց համատեղ ջանքերը՝ սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու գործում»։

Աղբյուր՝ AntiFake.am