Բեռնում...
Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում արդեն մի քանի օր է` գույքագրում է արվում. Տոնոյան
20-07-2026 18:13 | Լուրեր

Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում արդեն մի քանի օր է` գույքագրում է արվում. Տոնոյան

Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում մի քանի օր է` գույքագրում է իրականացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նշվում է, որ հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները ներխուժել էին Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ, այդ թվում` Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատ։ Այդ օրվանից ի վեր ահազանգվում է, որ կոմբինատի սարքավորումների խողովակներում մեծ քանակությամբ սպիրտ կա, դրանք չեն դատարկվել, ու դա կարող է շատ մեծ անվտանգային խնդիր առաջացնել։ Արդեն մի քանի օր է, ինչ կոմբինատի կապարակնիքները հանվել են, բայց այն դեռևս չի աշխատում։

«Արդեն մի քանի է օր է` այդ գույքագրումն արվում է, ու դեռ այս պահին էլ շարունակվում է։ Ստուգվում է, թե ինչ պաշարներ կան»,– ասել է Տոնոյանը։

Նա ընդգծել է, որ չգիտի, թե ինչի համար է այդ գույքագրումն իրականացվում։

Հարցին` արդյոք կոմբինատի սարքավորումների խողովակներից սպիրտը դատարկելու հնարավորություն եղել է, Տոնոյանը նշել է` նման թույլտվություն չի տրվել որևէ մեկին, տեխնիկական որևէ գործընթաց չի իրականացվել։

Աղբյուր՝ Sputnik Արմենիա