Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի և ԱԷՄԳ տնօրենի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակից արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին։ Այս մասին Արաղչին գրել է իր Telegram ալիքում։
Արաղչին իր սաուդցի գործընկերոջն է ներկայացրել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների վերջին զարգացումները։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ ընթացող բանակցությունները կշարունակվեն մինչև արդյունքի հասնելը։
Ավելի վաղ Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ՝ անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին։
Զրույցի ընթացքում Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումները միջուկային հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով իր երկրի կենտրոնացումը բանակցություններն առաջ մղելու համար համաձայնեցված նախնական շրջանակի մշակման վրա։
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Ժնևում կայացած հանդիպման արդյունքները և հայտարարել գործակալության պատրաստակամության մասին՝ համագործակցելու բանակցային շրջանակի մշակման գործում։
ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ։
Աղբյուր՝ AntiFake.am